Skip to main content
Հետադարձ կապ

Ատամների խնամք 0-6 տարեկանում. ե՞րբ դիմել ատամնաբույժի

Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան ունենա առողջ ու գեղեցիկ ատամներ: Դրա անհրաժեշտության մասին շատ ծնողներ,  որպես կանոն, հիշում են միայն այն ժամանակ, երբ երեխան բախվում է խնդիրների՝ ատամնացավ, կարիես, այտուց և այլն: Երեխայի ատամնաշարի հետ կապված խնդիրների զգալի մասը հնարավոր է կանխարգելել: Բավական է հետևել մի քանի պարզ կանոնի:

Երեխայի բերանի խոռոչի առողջությանը պետք է սկսել հետևել նորածնային հասակից: Կարևոր է ժամանակին հայտնաբերել, բուժել կամ կանխարգելել բերանի խոռոչի լորձաթաղանթի, սանձիկների, ատամների ծկթման պրոցեսի, կաթնատամների՝ մշտական ատամներով փոխարինման և ատամների առողջության հետ կապված խնդիրները:

 

Որո՞նք են ամենատարածված խնդիրները և դրանց հաղթահարման եղանակները։

Ինչպե՞ս խուսափել կաթնատամներում կարիեսի առաջացումից:

Ինչպե՞ս ընտրել մանկական ատամի մածուկ և խոզանակ։

Արդյո՞ք կարելի է երեխայի ատամները մաքրել ատամնաթելով (ֆլոսսով)։ 

Առողջ սննդակարգ

 


Որո՞նք են ամենատարածված խնդիրները և դրանց հաղթահարման եղանակները։

Կաթնատամների ծկթում

Երեխաների բերանի խոռոչի հետ կապված խնդիրները հաճախ ի հայտ են գալիս  կաթնատամների ծկթումից։

Շատ է պատահում, երբ երեխաների առաջին ատամները ծկթում են  առանց որևէ բարդության, սակայն հանդիպում են դեպքեր, երբ ատամների ծկթումն ուղեկցում են ցավային զգացողությունները, շատացած թքարտադրությունը, քնի և սնուցման խանգարումները: Մանկական ստոմատոլոգները խորհուրդ են տալիս՝ վերը թվարկած խնդիրների դեպքում օգտագործել հատուկ այդ տարիքի երեխաների համար նախատեսված, հիմնականում բուսական ծագման, թմրեցնող, ցավազրկող գելեր, որոնք պետք է քսել երեխայի ծկթող կաթնատամի լնդին։

Կան նաև կծելու համար նախատեսված  ռետինե օղակներ: Դրանք պետք է թեթևակի սառեցնել և տալ երեխային անհանգստության նշանների դեպքում:  Սառը որոշ չափով մեղմում է ցավի ազդեցությունը։

Երեխան կծոտում է սառը խաղալիքը

Հազվադեպ, բայց պատահում է, որ ցավն ու մյուս նշանները նշանակալի են արտահայտվում: Նման դեպքերում խորհուրդ է տրվում դիմել կա՛մ մանկաբույժի, կա՛մ մանկական ստոմատոլոգի։

Երեխայի ջերմության բարձրացումը կարող է կապված լինել ծկթող ատամների շուրջ լնդի այտուցի՝ բորբոքման հետ: Ջերմության բարձրացման պատճառ կարող են լինել նաև ուղեկցող հիվանդությունները կամ  հիվանդագին վիճակները, ուստի ծնողը պետք է ուշադիր լինի և փորձի տարբերակել: Ատամների ծկթումով պայմանավորված բարձր ջերմությունը տևում է ոչ ավելի,  քան 72 ժամը և չի հասնում 39-40 աստիճանի:

Վատ սովորություններ

Երեխան ծծում է բութ մատը։

Ծծակի երկարատև օգտագործումը, մատը ծծելը կարող են հանգեցնել ատամների դիրքերի, լնդերի, կծվածքի հետ կապված խնդիրների: Նույն գործոնների հետևանք են դեպի դուրս ուղղված առջևի ատամները, որոնք էլ իրենց հերթին դառնում են շնչառության խանգարման, երեխայի սնուցման և խոսքի դժվարացման պատճառ:

Պետք է օգնել երեխային, որպեսզի մինչև երեք տարեկանը լրանալը, նա ամբողջությամբ ազատվի վատ սովորություններից:

Կարիես

Ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկը կաթնատամների կարիեսն է:  Հիվանդագին պրոցես է, որը բնորոշվում է ատամի կարծր հյուսվածքների կրազրկումով և փափկեցումով` հետագա դեֆեկտի, խոռոչի առաջացմամբ։

Կարիես

Ատամի զարգացումը շարունակական գործընթաց է, որը սկսվում է ներարգանդային կյանքի միջինում 6-րդ շաբաթից: Կարիեսի նկատմամբ նախատրամադրվածության ներքին պատճառներից են ժառանգական գործոնը և ներքին օրգան-համակարգերի ձևավորման խանգարումները: Արտաքին գործոններից կարևորություն է տրվում մոր կրած հիվանդություններին:

6 ամսականից մինչև 6 տարեկան հասակում կարիեսի առաջացման պատճառ են հանդիսանում բերանի խոռոչի անբավարար հիգիենան, սխալ սննդակարգը, ընդհանուր և տեղային հիվանդությունները:

 

 

Ինչպե՞ս խուսափել կաթնատամներում կարիեսի առաջացումից:

Հիգիենա

Այնպես, ինչպես ծնողները սովորեցնում են երեխային բռնել գդալը, օգտվել գիշերանոթից, կապել կոշիկների քուղերը, այնպես էլ պետք է սովորեցնեն մաքրել ատամները: Քանի դեռ երեխան չի կարողանում ինքնուրույն մաքրել ատամները՝ պետք է անել դա միասին, իսկ հետագայում վերահսկել, որ երեխան բաց չթողնի ատամների մաքրումը, մատնանշել, եթե, օրինակ, սխալ է կիրառում խոզանակը կամ չափից շատ մածուկ է օգտագործում: Այսպես այնքան ժամանակ, մինչև երեխան կսովորի լիարժեք  մաքրել ատամները:

Երեխայի ատամների խնամքը պետք է սկսել առաջին ատամի ծկթելուն զուգընթաց, քանի որ բերանի խոռոչի խնամքն ավելի հեշտ է սովորույթի վերածել հենց վաղ տարիքից: Նպատակն է ունենալ առողջ կաթնատամներ և չկորցնել դրանք ժամանակից շուտ։ Ահա թե ինչու...  Հիմնական ատամների սաղմերը գտնվում են  կաթնատամների արմատների մոտ. խնդրի առկայության դեպքում դրանք կարող են վնասվել, իսկ կաթնատամների վաղաժամ հեռացումը կարող է մշտական ատամների դիրքերի շեղման պատճառ դառնալ՝ հանգեցնելով ատամնաշարի անկանոնության և այլ խնդիրների։

 

 

Ինչպե՞ս ընտրել մանկական ատամի մածուկ և խոզանակ։

Փոքրիկի առաջին ատամները մաքրում ենք սիլիկոնե խոզանակներով:

Սիլիկոնե խոզանակ

Մատնոցի տեսք ունեցող հարմարանքով, ծնողը մերսող շարժումներով, մաքրում է երեխայի ատամներն ու լնդերը:  Մոտավորապես 1 տարեկան երեխայի համար կարելի է գնել խաղալիք հիշեցնող մանկական խոզանակ։ Այդպիսի խոզանականերն ունեն փափուկ մազիկներ և համապատասխան փոքր չափս։

Սկսած 3 տարեկանից կարելի է օգտագործել նաև մանկական էլեկտրական խոզանակներ։ Շատ երեխաներ հետաքրքրվում են տեխնիկայով և էլեկտրական խոզանակը կարող է մոտիվացնել նրանց՝ կանոնավոր մաքրել ատամները։ Այդ խոզանակները նույնպես հարմարեցված են երեխաների «պահանջներին»՝ փոքր գլխիկ, փափուկ մազիկներ, հարմար բռնակ և ցածր տատանումներ։

Կարևոր է, որ փոքրիկները սովորեն ամեն օր առավոտ՝ նախաճաշից հետո և երեկոյան՝ քնելուց առաջ, ճիշտ լվանալ ատամները։ Համացանցում գոյություն ունեն  մոտիվացնող հնարքներով և լվանալու ճիշտ տեխնիկան սովորեցնող բազմաթիվ տեսանյութեր:

 

 

Ինչպե՞ս ընտրել մանկական ատամի մածուկ։

Մինչև 6 տարեկան երեխաները պետք է օգտագործեն կաթնատամների համար նախատեսված մածուկներ, քանի որ դրանք ունեն հաճելի համ, պարունակում են պաշտպանիչ հանքանյութերի կազմ, զուրկ են բերանի խոռոչի լորձաթաղանթը և  կաթնատամները վնասող նյութերից։

Տարիքային տարբեր խմբերի երեխաների ատամի մածուկները տարբերվում են ֆտորի (Fluoride) պարունակությամբ։ Ըստ գերմանական ստոմատոլոգիական ասոցիացիայի, մինչև 6 տարեկան երեխաների համար նախատեսված մածուկներում ֆտորի պարունակությունը պետք է կազմի 1000ppm (parts per million)։

Չնայած այն բանի, որ կուլ գնալու դեպքում մանկական մածուկը թունավորում չի առաջացնում, սակայն մասնագետները հիշեցնում են՝ մածուկի քանակը խոզանակի վրա պետք է լինի սիսեռահատիկի չափ։

Հատկապես երեխաների համար ատամի մածուկ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել մածուկների վրա առկա գունային նշումներին,  որոնք ցույց են տալիս մածուկի անվտանգության աստիճանը ըստ քիմիական բաղադրիչների։

Ատամների մածուկ

Կանաչ նշանով մածուկը համարվում է ամենաանվտանգը, քանի որ պարունակում է  նվազագույն քանակով քիմիական բաղադրիչներ կամ կազմված է բացառապես բնական բաղադրիչներից: Կապույտ նշանը հուշում է, որ մածուկը պարունակում է  ինչպես բնական, այնպես էլ բուժիչ բաղադրիչներ:  Կարմիր նշանով մածուկը պարունակում է մեծաքանակ քիմիական, իսկ սևը՝ միայն քիմիական բաղադրիչներ։

 

 

Արդյո՞ք կարելի է երեխայի ատամները մաքրել ատամնաթելով (ֆլոսսով)։ 

Պատասխանը՝ միանշանակ այո։ Ոչ միայն  կարելի է, այլ նաև անհրաժեշտ է, քանի որ հաճախ միայն ատամնաթելի միջոցով է հնարավոր դառնում մաքրել միաջատամնային տարածությունները։

Ատամնաթել

Արդեն իսկ կաթնատամային կծվածքում օգտագործում ենք ֆլոսներ։ Մոտավորապես 2,5-4տ հասակում ատամները գտնվում են համեմատաբար իրար մոտիկ, 4 տարեկանից սկսած ատամները իրարից հեռանում են (նորմալ ֆիզիոլոգիական պրոցես է՝ կապված ծնոտների աճի հետ), սակայն այս ժամանակ էլ խորհուրդ է տրվում օգտագործել ատամնաթել (հարմար են, օրինակ, ժապավենաձև տարբերակները)։

Աճող տարիքի և մանուալ հմտությունների զարգացման հետ երեխան սկսում է արդեն ինքնուրույն օգտվել ատամնաթելից, ինչը, սակայն, սկզբնական շրջանում, ինչպես խոզանակելու դեպքում, պետք է կատարվի ծնողի վերահսկողության տակ։

Խորհուրդ է տրվում՝ օրական գոնե մեկ անգամ՝ երեկոյան քնելուց առաջ։ Նախ ատամները մաքրում ենք ատամնաթելով, որից հետո՝ ատամի մածուկով և խոզանակիով։  Սակայն, եթե երեխան դեմ չէ, ավելի հաճախ օգտագործելը միայն օգտակար է։

Սովորեցնելու մեթոդները, որպես այդպիսին, նույնն են, ինչ  ատամների խոզանակման ժամանակ։ Պետք է խրախուսել երեխային, փորձել ատամների խոզանակումը և ատամնաթելի օգտագործումը վերածել «արարողության», օրինակ ծառայել։

Ո՛չ։ Կարևոր է, որ ատամնաթելը լինի ապահով փոքրիկների համար և ունենա չեզոք համ և հոտ։ Գոյություն ունեն նաև բռնակով ատամնաթելեր, որոնց մանկական տարբերակները, անվտանգության նկատառումով, ունենում են կլորացված ծայր։ 

Գոյություն ունեն բազմաթիվ ատամնաթելեր, որոնք տարբերվում են  հաստությամբ կամ ըստ տարբեր նյութերով ներծծվածության (համերով՝ մենթոլ, մրգային կամ առանց համային նյութերի, կանխարգելող կամ բուժիչ նյութերով  ներծծված՝  ֆտորով կամ առանց, հակաբակտերիալ նյութերով կամ առանց․․․

Փոքրերի համար ատամնաթել ընտրելիս պետք է նախապատվություն տալ փափուկ  ատամնաթելերին՝ խուսափելու կաթնատամները և շուրջատամնային լինդը վնասելուց։

 

Առողջ սննդակարգ

Ինչպես հայտնի է, սխալ սննդակարգը ատամների հետ կապված խնդիրների առաջացման գլխավոր պատճառներից մեկն է:

Կյանքի առաջին ժամերից, երեխան պետք է  է սնվի մայրական կաթով, որը մանկան համար ամենասննդարար և օգտակար նյութերի լավագույն աղբյուրն է համարվում։ Կրծքով կերակրման ընթացքում երեխան մեծ ջանք է գործադրում, ինչը զգալի  ազդեցություն է ունենում երեխայի ատամնածնոտային համակարգի աճի, զարգացման և ձևավորման վրա։

Կաթնամթերք

Երեխայի օրգանիզմի զարգացման համար շատ կարևոր է կաթնամթերքը, քանի որ հանդիսանում է ատամների և ոսկրերի կազմի հիմնական բաղադրիչի՝ կալցիումի աղբյուր։ Կաթնամթերքը պետք է մշտապես լինի երեխայի սննդակարգում, հատկապես մինչև մշտական կծվածքի լիարժեք ձևավորումը (12-14 տ.):

Հարկավոր է  ուշադրություն դարձնել նաև երեխայի օրգանիզմում վիտամին D-ի պարունակությանը, քանի որ այն մասնակցում է կալցիումի փոխանակությանը։

Կարիեսի առաջացման կարևոր նախապայմաններից է  քաղցրի  չարաշահումը: Երեխան պետք է սնվի ռեժիմով՝ խուսափելով միջուտեստային ժամանակահատվածներում (օրինակ՝ նախաճաշից մինչև ճաշն ընկած ժամանակահատվածում) կամ գիշերային ժամերին քաղցր ուտելուց (կամ քաղցր ըմպելիքներ խմելուց)։  Ցանկալի է հետևել, որ խորտիկներ ուտելուց հետո երեխան ողողի բերանը կամ ջուր խմի։

Այսպիսով՝ կազմակերպելով ատամների ամենօրյա հիգիենան՝ ընտրելով համապատասխան պարագաներ, ճիշտ սննդակարգ և ռեժիմ, մենք՝ երեխաների հետ միասին, կարող ենք մեծ դեր կատարել նրանց բերանի խոռոչի առողջության պահպանման գործում։

 

Երեխայի անվտանգությունը

62555977