Skip to main content

Մի քանի վարժանքներ, որոնք կնպաստեն երեխայի խոսքի զարգացմանը

Բառախաղեր

Նույնիսկ եթե երեխան չի արտասանել իր առաջին բառը, ծնողը կարող է պարզ բառախաղեր կազմակերպել նրա հետ` հետևյալ կարգով: Նա մատնացույց է անում առարկաները և հստակ ու դանդաղ ասում դրանց անունները, ապա խնդրում է երեխային ընդօրինակել իրեն: Այսպիսի խաղեր կարելի է կազմակերպել ամբողջ օրվա ընթացքում: Երեխային հագցնելիս, օրինակ, կարելի է ասել նրան, թե ինչ է հագնում, կերակրելիս կարելի է թվարկել սեղանին դրված առարկաները և այլն: Երեխայի հիշողությունը շատ կարճ է, և հետևաբար շատ կարևոր է, որ նա տեսնի այն առարկան, որը մատնանշում է ծնողը:

Անվանել գործողություններ

Օրվա ընթացքում, երբ ծնողը զբաղված է տնային բազմատեսակ գործերով, պետք է շարունակի խոսել երեխայի հետ` պատմելով նրան, թե ինչ է անում ինքը տվյալ պահին, ապա խնդրի երեխային արձագանքել իրեն: Սա կօգնի երեխային յուրացնելու կենցաղային լեզուն:

Խոսել երեխային հասկանալի հարցերի մասին

Ծնողը պետք է աշխատի այնպես անել, որ իր խոսքը հասկանալի լինի երեխային, և վերջինս ըմբռնի այն: Կարելի է կրկնել բառերը` տարբեր ձևերով օգտագործելով դրանք: Շատ կարևոր է, որ երեխայի հետ խոսելիս ծնողը թեքվի նրա կողմը և այնպիսի դիրք ընդունի, որ երեխան նրա դեմքը տեսնի իր դիմաց, այլ ոչ թե գլխավերևում:

Լսել երեխային

Արդյունավետ հաղորդակցության կարևոր բաղադրիչներից մեկը լսելու կարողությունն է, որը պետք է ձևավորվի դեռ մանկությունից: Ծնողները երեխաներին պետք է լսել սովորեցնեն, և իրենք էլ իրենց հերթին պիտի աշխատեն լսել նրանց: Իսկ այդ նշանակում է, որ նրանք պետք է փորձեն հասկանալ, թե ինչ է ասում երեխան, նույնիսկ եթե վերջինս սխալներ է անում, այլ ոչ թե շտապեն շտկել լեզվական այդ սխալները: Այս հանգամանքը օգնում է երեխային հասկանալ, որ այն, ինչ ինքն ասում և մտածում է, չափազանց կարևոր է:

Գրքեր դիտել

Պատկերազարդ գրքերն օգնում են երեխային զարգացնել խոսելու և լսելու իր ունակությունները: Դրանք խթանում են նրանց երևակայությունը և ուրիշների ապրումները հասկանալու կարողությունը:

Պատմություններ պատմել

Երեխաները շատ են սիրում պատմություններ լսել, հատկապես եթե դրանք ծիծաղաշարժ են կամ գրված են հանգավորված նախադասություններով: Շատ օգտակար են ծանոթ առարկաների, մարդկանց ու կենդանիների մասին պատմությունները:

Հարցեր տալ

Լեզու սովորելն ակտիվ գործընթաց է, և երեխաներն առավել արդյունավետ են սովորում այն, երբ ծնողներն առաջադրում են պարզ հարցեր և քաջալերում են նրանց պատասխանել այդ հարցերին: Հարցերի միջոցով ծնողները պետք է օգնեն երեխաներին` բառերով բացատրել իրենց ուզածը:

 

Երեխայի զարգացումը