Skip to main content
Հետադարձ կապ

Անվտանգ, ուրախ և ուսուցողական խաղեր կորոնավիրուսի բռնկման ժամանակ տանը երեխաների հետ խաղալու համար

Երեխաները միմյանց հետ խաղալ շատ են սիրում, բայց կորոնավիրուսի բռնկման պատճառով ընկերների հետ թիմային խաղեր խաղալու բոլոր հնարավորությունները զրոյացվել են։ Ֆիզիկական հեռավորություն պահելը անչափ կարևոր է վարակից պաշտպանվելու համար, սակայն երեխաների համար սա իսկական մարտահրավեր է, քանի որ երեխաները ընկերների հետ շփվելու ու խաղի միջոցով են աշխարհը ճանաչում։ Սակայն, տանը փակված մնալն ամենևին չի նշանակում, թե նրանք չեն կարող խաղալ և զվարճանալ՝ միևնույն ժամանակ շարունակելով սովորել և զարգանալ։

Խաղեր 0-9 ամսական փոքրիկների համար

«Ծիկ»

Այս խաղը խաղալու համար ձեզ անհրաժեշտ է միայն ձեր ձեռքերը և «քաղցր» ձայնը։ Նստեք ձեր երեխայի հետ հարմար մի տեղ։ Ձեռքերով փակեք ձեր դեմքը, հետո բացեք ու ասեք՝ «Ծիկ»։ Ձեր փոքրիկը կհրճվի տեսնելով, թե ինչպես եք պարբերաբար հայտնվում ու անհետանում։ Հենց մի քիչ մեծանա՝ ձեր երեխան կսկսի ինքը ձեզ հետ այս խաղը խաղալ։

Տեսնել և անվանել

Տանը գտնվող տարբեր իրերի մատնացույց արեք և անվանեք դրանք։ «Տեսնո՞ւմ ես՝ կատու է։ Այն սպիտակ է»։ Այս խաղը կնպաստի երեխայի խոսքի զարգացմանը և կմտերմացնի ձեզ երկուսին։

Ընտանեկան երաժշտական խումբ

Երեխայի հետ երգեր երգեք և ձեզ շրջապատող իրերից նոր գործիքներ հնարեք, օրինակ՝ կոճակներ, նպարեղեն կամ լոբու հատիկներ լցրեք տարաների մեջ, անպայման ամուր փակեք ու նոր թափահարեք կամ չխկչխկացրեք։ Երաժշտությունը նպաստում է երեխայի զգայական զարգացմանը, իսկ երաժշտական գործիքը ձեռքում պահելը և այն շարժելը զարգացնում է երեխայի մոտորիկան։

Սովորում ենք մարմնի մասերը

Ցույց տվե՛ք և անվանե՛ք ձեր երեխայի մարմնի մասերը։ «Որտե՞ղ է քո քիթիկը։ Ահա այն»։ Կարող եք նաև ձեզ վրա ցույց տալ։

Խաղեր 1-2 տարեկան երեխաների համար

Մեքենա սեփական ձեռքերով

Գտեք դատարկ և ամուր ստվարաթղթից մի տուփ և երեխային դրեք մեջը՝ շրջապատելով բարձերով կամ փափուկ ծածկոցներով։ Հետո այս ու այն կողմ քշեք տուփը՝ մեքենայի ձայներ հանելով «ղը՜ն, ղը՜ն, պիպի՜բ»։ Երեխան հաստատ կուրախանա տանը իր նոր մեքենայով շրջելու հնարավորությունից, իսկ դուք նաև կմարզվեք։ Եթե տարածքը սահամանափակ է, ապա կարող եք մեքենան աջ ու ձախ տանել միայն և միասին ձայներ հանել։

Խոհանոցում դհոլ կա

Շրջեք կաթսաները, չկոտրվող տարրաները և ձեր խոհանոցում դհոլների արքայություն կառուցեք։ Փայտիկների փոխարեն օգտագործեք փայտե գդալները։ Ձեր փոքրիկ երաժիշտը հաստատ կգնահատի տարբեր ձայներ հանելու և փորձելու հնարավորությունը։ Այս խաղը կզարգացնի նաև երեխայի մոտորիկան։

Նկարում ենք, ինչ ուզում ենք

Երեխային տվեք մեծ թուղթ և մատիտներ կամ տարիքի համար նախատեսված ներկեր և թողեք, որ նա հանգիստ նկարի։ Երեխան հաճույք կստանա անկախ ու միայնակ խաղալու հնարավորությունից, ինչպես նաև զարկ կտա իր ստեղծագործ մտքին։ Երբ ավարտի, խոսեք երեխայի հետ իր օգտագործած գույների մասին։

Ինձ նետի՛ր գնդակը

Փոքր գնդակ վերցրեք ու երեխայի հետ միմյանց գլորեք գնդակը։ Գնդակն իրար նետելու այս խաղը նպաստում է երեխայի ինքնաբավությանը և սովորեցնում նրան, որ դուք պատասխանում եք նրա գործողություններին։ Խաղն ավելի զվարճալի կարող եք դարձնել, եթե երկրորդ գնդակն ավելացնեք և խոսեք նրա մասին, թե ինչու նա ընտրեց այս և ոչ այն գնդակը։

Խաղեր 3-4 տարեկան երեխաների համար

Նոր զգեստ ենք ստեղծում

Հավաքեք տանը եղած ավելորդ կտորեղենը և խրախուսեք ձեր երեխային դրանցով կերպար ստեղծել։ Հետո խաղացե՛ք միասին ստեղծված կերպարով։ Ո՞վ գիտի՝ ինչ արկածներ են ձեզ սպասում։

Վազի՛ր, բռնեմ

Այս խաղը խաղալիս օգտագործեք տան ամբողջ տարածքը։ Եթե ձեր երեխան շատ էներգիա ունի, այս խաղը կօգնի սպառել այն։ Երբ ավարտեք, հավանաբար ինքներդ երեխայի հետ կգնաք քնելու։

Ի՞նչ աղմուկ է

Հերթով տարբեր կենդանիների ձայներ հանեք։ Խաղի մյուս մասնակիցը պետք է գուշակի, թե ինչ կենդանի է դա։ Սա նաև լավ հնարավորություն է պատմել երեխային տարբեր կենդանիների մասին։

Մարտահրավեր նետեք երեխային

Այ տարիքում երեխաները սիրում են մրցույթներ։ Հարցրե՛ք նրան «Կարո՞ղ ես բարձրացնել ձեռքերդ։ Կարո՞ղ ես ձեռքերով դիպչել ոտնաթաթերիդ»։ Նրան դուր կգա այս փորձերն ու անընդհատ կձգտի ավելին անել։

Խաղեր 5-8 տարեկան երեխաների համար

Փորձությունների դաշտ

Ստեղծեք ֆիզիկական մրցման դաշտ՝ օգտագործելով կահույք, բարձեր և խաղալիքներ այն ամենը, ինչ անվտանգ է ու փափուկ։ Ցույց տվեք, թե ինչպես է պետք զգույշ անցնել դաշտի միջով և թողե՛ք, որ երեխան նույնպես փորձի անցնել, այնքան արագ, որքան կարող է։ Ժամանակ պահե՛ք և քաջալերեք նրան ամեն անգամ արագության նոր ռեկորդ սահմանել։

Լվացք

Երեխայի հետ հավաքեք բոլոր այն խաղալիքները, որ թույլատրվում է լվանալ։ Լցրեք տարրայի մեջ և սկսեք լվացքը։ Քաջալերեք երեխային հատ առ հատ լվանալ իր խաղալիքները՝ միաժամանակ խաղալով ջրի մեջ։ Հետո միասին չորացրեք խաղալիքները։

Կախարդական աշխարհ ստեղծեք

Խրախուսեք և թողեք, որ երեխան մի կախարդական աշխարհ պատկերացնի։ Առաջարկեք նկարագրել այդ աշխարհը և պարբերաբար հարցեր տվեք այդ «անծանոթ» աշխարհը ավելի լավ բացահայտելու համար: Նա կարող է նոր կերպար նկարել կամ պատկերել այդ նոր աշխարհը։

Միջանկյալ ուտեստ պատրաստեք

Երեխայի հետ միասին ընտանիքի համար միջանկյալ ուտեստ պատրաստեք և խրախուսեք երեխային օգտագործել հնարավորինս շատ գույներ։ Կտրտեք մրգերն ու բանջարեղենները և հնարավորություն տվեք երեխային շարել դրանք ափսեում այնպես, ինչպես ցանկանում է։ Նա հաստատ գոհ կմնա իր համով ու գեղեցիկ ստեղծագործությունից։