Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպե՞ս հասկանալ՝ երբ դեռահաս երեխան հոգեբանի կարիք ունի

Պատանեկության շրջանում ծնողական խնամքը և աջակցությունը երեխայի բարեկեցության և հոգեկան առողջության պահպանման ուժեղ պաշտպանական գործոններն են: Ծնողների և խնամակալների հետ լավ հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն պատանեկության շրջանում երեխայի զարգացման և հոգեկան բարեկեցության համար:

Հնարավոր է՝ նկատեք ձեր երեխայի վարքագծի, տրամադրության կամ սիրած զբաղմունքի մեջ փոփոխություններ: Դուք կարող եք անհանգստանալ նրանց համար և չիմանալ՝ ինչպես օգնել: Այդ փոփոխությունների մի մասը կարող է կապված լինել բնականոն զարգացման փուլերի հետ: Այնուամենայնիվ, եթե փոփոխությունները տևեն մի քանի շաբաթ և խանգարեն նրա առօրյա գործունեությանը, անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնության:

Եթե երեխան դրսևորում է հետևյալ վարքագծերից մեկը կամ մի քանիսը, ապա պետք է խորհրդակցեք մանկաբույժի և հոգեբանի հետ.

  • Շատ տխուր կամ մեկուսացած է ավելի քան երկու շաբաթ:
  • Չափազանց դժվար է կենտրոնանում կամ անհանգիստ է:
  • Վարքագծի կամ բնավորության կտրուկ փոփոխություններ են դրսևորվում:
  • Կռվի մեջ է մտնում կամ ուրիշներին վնասելու ցանկություն է հայտնում:
  • Նկատվում են տրամադրության կտրուկ փոփոխություններ, որոնք խնդիրներ են առաջացնում ընտանիքի անդամների և ընկերների հետ հարաբերություններում:
  • Փորձում է վնասել իրեն կամ նման մտադրություն ունի՝ խոսում է ինքնասպանության մասին:
  • Հանկարծակի ուժեղ վախ է ապրում՝առանց պատճառի, որը երբեմն ուղեկցվում է սրտխփոցով կամ արագ շնչառությամբ:
  • Տագնապներ կամ ուժեղ վախեր ունի, որոնք խոչընդոտում են առօրյա գործունեությունը:
  • Սննդի ընդունման հետ կապված անսովոր վարքագիծ է դրսևորում, որը կարող է արտահայտվել շատակերությամբ, քչակերությամբ կամ նիհարելու նպատակով սպորտով չափազանց շատ զբաղվելով:
  • Թմրանյութեր կամ ալկոհոլ է օգտագործում:

Եթե ձեր դեռահաս երեխայի մոտ նկատում եք վերոնշյալ խնդիրներից որևէ մեկը, հավաստիացրե՛ք նրան, որ կա օգնության հնարավորություն, և նրանից կողմնակի օգնություն ստանալու թույլտվությո՛ւն խնդրեք, եթե ձեր կարծիքով նա վտանգ չի ներկայացնում իր կամ ուրիշների համար:

Թեմային կարող եք անդրադառնալ հետևյալ խոսքերի միջոցով. «Նկատում եմ, որ վերջերս քեզ նման չես, և այս իրավիճակում դա լիովին հասկանալի է: Ես ճանաչում եմ մեկին, ում վստահում եմ, և ով կարող է օգնել քեզ ավելի լավ զգալու: Կուզե՞ս՝ ժամանակ գտնենք ու հանդիպենք նրան»: Կամ «Շատ լավ է, որ ասացիր ինձ դրա մասին: Միասին կդիմենք օգնության, որ էլ նման զգացողություն չունենաս: Համաձա՞յն ես:»:

Եթե երեխան հրաժարվում է և չի համաձայնում, ապա կարող եք ձեր մտահոգությունների մասին խոսել բուժաշխատողի հետ, ով միգուցե ի վիճակի է ուղղորդելու ձեզ՝ աջակցելու դեռահասին կամ գնահատելու հնարավոր վտանգները:

Ամենակարևորը երեխային ցույց տալն է, որ հոգ եք տանում նրա համար, սիրում և աջակցում եք նրան և որ, անկախ ամեն ինչից, նրա կողքին կլինեք: Հնարավոր է՝ երկուսդ էլ փոքր-ինչ մոլորված լինեք և չիմանաք՝ ինչ պետք է անել, բայց դեռահասին վստահեցրե՛ք, որ միասին ելք կգտնեք, և որ ձեզ համար առաջնահերթը նրա բարեկեցությունն է:

Եթե կարծում եք, որ ձեր դեռահաս երեխան վտանգ է ներկայացնում իր կամ ուրիշների համար, կարող եք օգնություն խնդրել՝ դիմելովՀոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն (Նուբարաշեն, 1/3 շենք․ տնօրենի ընդունարան` +374-10-475322 և հերթապահ բժիշկ` +374-96-300131կամ  «Ավան» հոգեկան առողջության կենտրոն (Աճառյան փող. 1-ին փակուղի, 21 շենք. հիվանդների ընդունարան`+374-60-860108 և տնօրենի ընդունարան`+374-60-860101)

Ընդհանուր առմամբ, Հայաստանում կա հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող ավելի քան 52 կազմակերպություն։ 2021 թ-ի մայիսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը քարտեզագրել է և ներկայացնում է տվյալ ծառայությունների տարածվածությունը երկրում։

 


Այս հոդվածը հիմնված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Զարմանալի Մեյը և ընկերները» կոմիքսների շարքի՝ ուսուցիչների ուղեցույցի վրա:

Նույնաբովանդակ այլ նյութեր