Կրծքով կերակրումը մայրիկի հաղթանակն է. Երևանում բացվեց կրծքով կերակրման խորհրդատվության առաջին սենյակը
2016 թ-ի նոյեմբերի 16-ին Էրեբունի բժշկական կենտրոնի ծննդատանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի համատեղ ջանքերով բացվեց Հայաստանում առաջին «Կրծքով կերակրման խորհրդատվության սենյակը»:
Կրծքով կերակրումը անչափ կարևոր է թե մայրիկի, թե երեխայի ֆիզիկական և հուզական առողջության համար: Կրծքով սնուցումը նպաստում է մանկական մահացության նվազեցմանը, երեխայի մտավոր զարգացմանը, ինչպես նաև՝ մոր և մանկան միջև կապի առաջացմանն ու ամրապնդմանը: Բացի այդ մայրական կաթն օժտված է այն բոլոր վիտամիններով և սննդարար նյութերով, որոնք առանցքային կարևորություն ունեն երեխայի առողջ զարգացման համար:
Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է՝ ամրագրված երեխաների իրավունքների կոնվենցիայի 24-րդ հոդվածում։ Կանայք, իրենց հերթին, իրավունք ունեն մանկական սնուցման մասին անկողմնակալ տեղեկատվություն ստանալ և որոշումներ կայացնել։
Բավական խոսուն է արդեն այն, որ կրծքով սնուցման խրախուսման միջոցով կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13%-ը, մասնավորապես, Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:
Ուստի զարմանալի չէ, որ կրծքով կերակրման խնդիրները և դրանց լուծումը մշտապես գտնվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուշադրության կենտրոնում:
Իր ձևաչափով նոր և առաջին «Կրծքով կերակրման խորհրդատվության սենյակը» նախատեսված է հղիների և մայրերի համար, որտեղ վերջինների հետ աշխատում են վերապատրաստում անցած մասնագետներ՝ այցելուներին կրծքով կերակրման առավելությունների, կերակրման նրբությունների, հնարավոր դժվարությունների, դրանց կանխարգելման և հաղթահարման մասին իրազեկելու առաքելությամբ:
«Կրծքով կերակրման խորհրդատվության սենյակը» ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ընտանիքի ակադեմիայի» համատեղ «Կրծքով կերակրման հաղթարշավի» բաղադրիչներից է: Նույնատիպ սենյակ միաժամանակ շահագործման է հանձնվել Արարատ քաղաքի ծննդատանը կից գործող պոլիկլինիկայում:
«Կրծքով կերակրման հաղթարշավն» իրազեկման ծրագիր է, որն ընթանում է ՀՀ չորս մարզում՝ Շիրակում, Լոռիում, Արարատում, Արմավիրում, և Երևանում: Ծրագիրը, որի առանցքային նպատակը կրծքով կերակրման խրախուսումն է, բաղկացած է 5 տարրերից՝ թեմատիկ ֆոտոմրցույթ, լայնածավալ լուսաբանում, «Կրծքով կերակրման բարեկամ» մասնագետների մրցույթ, կրծքով կերակրման սենյակի բացում և կրծքով կերակրումը խրախուսող պաստառների տեղադրում չորս մարզերում: