Ապրիլի 6-ին նշվեց Սպորտի միջազգային օրը
Ապրիլի 6-ը նշվում է որպես «Սպորտի միջազգային օր»: Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել ոլորտի արդիական հիմնախնդիրներին, բարձրացնել սպորտի մասսայականությունը և նպաստել հասարակության, մարդկության համախմբմանը, ոգեշնչմանը, առաջընթացին և վերակրթմանը։ Օրվա առթիվ «Մայլեռ Մաունթին Ռեզորթը» նախաձեռնել էր թեմատիկ ասուլիս-քննարկում, որտեղ ելույթ ունեցավ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
«Շատ ուրախ եմ, որ բոլոր շահակից կողմերին մեկ դահլիճում համախմբելը, իսկապես, դառնում է ավանդույթ։ Սպորտը ոչ միայն առողջության, այլև թիմայինության, ձախողումներից չհիասթափվելու, դիմակայունության և այլ կարևոր հմտությունների մասին է, որոնք ձևավորվում են երեխաների, պատանիների ու երիտասարդների մոտ։ Ուստի մենք պետք է կարողանանք յուրաքանչյուր համայնքում ստեղծել հնարավորություններ սպորտով զբաղվելու, խաղալու և հետագայում պրոֆեսիոնալ մարզիկների դառնալու համար։ Իսկ Հայաստանում բավականին մեծ է երեխաների հետաքրքրությունը սպորտի նկատմամբ»։
Այս տարի քննարկման թեման առավել քան արդիական էր՝ ինչպես սպորտը դարձնել գրավիչ ուղղություն ոչ միայն երեխաների և սպորտի սիրահարների, այլև բիզնես ու մասնավոր հատվածի համար և դրանով նպաստել սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը։
«Սպորտն այսօր բիզնեսի կարիքն ունի, իսկ բիզնեսը՝ սպորտի։ Միջազգային լավագույն փորձն է ցույց տալիս, որ, օրինակ, սպորտային ակումբները, դպրոցները և այլն, գործելով որպես մասնավոր հատված և բիզնես նախաձեռնություն, զարգացման էլ ավելի մեծ հեռանկարներ են ունենում։ Կարծում եմ, որ սպորտը պետք է դառնա ու լինի մասնավորի համար ներդրումներ կատարելու գրավիչ ուղղություն, որովհետև այդ կերպ է հնարավոր ապահովել միանգամից մի քանի ուղղությունների կայուն առաջընթացը:»,-իր բացման խոսքում ասաց «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» նախագծի հիմնադիր Տիգրան Հարությունյանն ու ներկայացրեց այս մեկ տարվա ընթացքում սպորտի ոլորտում իրականացված նախագծերը։
Ապրիլի 6-ը որպես «Սպորտի միջազգային օր» նշվում է 2014-ից՝ 2013 թվականի օգոստոսի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 96-րդ լիակազմ նիստում ընդունված բանաձևի համաձայն։ Այս տարի Սպորտի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները «Նվաճումներ հանուն մարդկանց և մոլորակի» խորագրի ներքո են։
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանում սպորտի զարգացման միտումներին և նշեց. «Այստեղ կարևոր է բոլորի կողմերի ջանքերի ներդրումը։ Այն օրենսդրական փոփոխությունները, որոնք մենք առաջարկում ենք, ընդհուպ՝ սպորտի մասին օրենսգիրք ունենալը, սպորտային արբիտրաժի ստեղծումը, ինչպես, օրինակ, Ֆրանսիայում և այլ երկրներում, դրանով մենք կարող ենք շատ ու շատ հիմնախնդիրներ լուծել»։
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Սարգսյանն էլ հավելեց. «Եթե այստեղ ներգրավված բոլոր կողմերը համախմբվեն, մենք կարող ենք հասնել մեր գերակա նպատակին, իսկ դա, կարծում եմ՝ մեկն է՝ ունենալ սպորտային մտածելակերպ ունեցող հասարակություն»։
Իսկ սպորտային մտածելակերպը, ինչպես գիտեք, սկսում է մանկուց՝ մոտորիկայի ձիրքերի զարգացման խաղերից ու չոչ անելուց մինչև բակային խաղեր, ֆիզկուլտուրայի ուսանում և սպորտային խմբակների հաճախում: Բոլորը չեն կարող պրոֆեսիոնալ մարզիկներ դառնալ, բայց բոլորս պարտավոր ենք երեխաներին ապահովել առողջ ապրելակերպով զբաղվելու հնարավորություններով: Ամռանն ընդառաջ եկեք ծանոթանանք բակային խաղերի միջոցով երեխաների ֆիզիկական ակտիվություննը խթանելու նրբություններին: Բակային խաղերը կոփում են օրգանիզմը, լավ են անդրադառնում իմունիտետի վրա, ինչպես նաև օգնում են զարգացնել երեխաների հաղորդակցման հմտությունները: