Skip to main content
Հետադարձ կապ

Թողե՛ք երեխային ինքնուրույն որոնել և ինքնուրույն արտաբերել բառերը

Աշխատե՛ք խոսել հստակ և բառերն արտասանե՛ք հատ-հատ` նրանց միջև սովորականից մի փոքր ավելի երկար դադարներ անելով: Արագախոսությունը կարող է շփոթեցնել երեխաներին: Երեխաների հետ խոսելիս նկատի առեք, որ նախադասությունների պարզեցումը օգտակար է, սակայն պետք չէ թոթովախոսել:

Ավելի հաճախ կազմակերպե՛ք այնպիսի խաղեր, որոնք պահանջում են անգիր կրկնել առանձին հատվածներ: Դրանք խոսքի զարգացման համար հրաշալի վարժանք կարող են լինել: Աշխատե՛ք, սակայն, որ այդ խաղերը լինեն հեշտ և զվարճալի: Երեխաները սիրով են խաղում հատկապես այն խաղերը, որոնք պահանջում են հիշել և հերթականությամբ կրկնել ճիշտ բառերը: Հանգավորված ոտանավորները լավագույնս զարգացնում են երեխայի խոսքային ունակությունները:

Նկատի առե՛ք, որ երեխաներին ժամանակ է հարկավոր բառերը մտաբերելու և ճիշտ վերարտադրելու համար: Երբ դուք նրա փոխարեն ասում եք պահանջվող բառը, դուք զրկում եք երեխային ինքնուրույն որոնելու և ասելու հնարավորությունից: Եթե երեխան սխալ է արտասանում բառը, մի՛ շտապեք հանդիմանել նրան, այլ պարզապես կրկնեք ճիշտ տարբերակը: Երեխաները, հետևելով ծնողներին, շատ արագ են յուրացնում պահանջվող կանոնները: Ահա թե ինչու շատ կարևոր է, որ ծնողները հետևողականորեն աշխատեն նաև զարգացնել և լրացնել իրենց երեխաների նախադասությունները:

Կապե՛ք լեզուն առօրյա երևույթների և առարկաների հետ, որոնք կօգնեն հասկանալ և հիշել նոր բառերը: Խոսելիս հարկավոր է մատնացույց անել առարկաները, որպեսզի երեխան հասկանա, թե ինչի մասին է խոսքը:

Ընթերցանությունը երեխաների խոսքի զարգացմանը նպաստող առանձնահատուկ և, թերևս, ամենակարևոր զբաղմունքն է: Ահա թե ինչու նրանց համար հարկավոր է կարդալ ամեն օր, և այդ ընթերցանությունը պետք է լինի դանդաղ, պարզ ու արտահայտիչ: Երեխաները սիրում են ձեռք տալ գրքերին, թերթել էջերը և զարմանալ դրանցում զետեղված նկարներով: Պետք չէ նրանց արգելել այդ անել: Ընթերցանության ընթացքում երեխաները զգում են իրենց հոգատարությամբ և սիրով շրջապատված: Գրքերը պետք է մատչելի և տեսանելի լինեն երեխաներին, որպեսզի նրանք կարողանան հաճախակի վերցնել և դիտել դրանք:

Ծնողներն իրենք  են իրենց երեխայի կյանքում ամենակարևոր ուսուցիչը: Ծնողն է, որ երեխայի հոգում սեր և հետաքրքրություն է սերմանում գրքերի և ուսումնառության նկատմամբ և դրանց հետ այն կապվածության հիմքերն է գցում, որն ուղեկցելու է երեխային հետագա ամբողջ կյանքի ընթացքում: Ծնողի օգնությամբ երեխան կարող է լավ կարդալ, գրել, խոսել և լսել սովորել:

Շատերը թյուրիմացաբար կարծում են, թե ուսումնառությունը սկսվում է այն ժամանակ, երբ երեխան դպրոց է հաճախում: Սակայն իրականում գոյություն ունեն բազմաթիվ եղանակներ, որոնց օգնությամբ երեխայի համար անհրաժեշտ հմտությունները կարելի է ձևավորել դպրոց գնալուց շատ առաջ:

Փորձը ցույց է տվել, որ այն երեխաները, որոնց համար բացված են ընթերցանության հարուստ փորձի բազմազան հնարավորությունները, հիմնականում դպրոց են մտնում` կարդալ և գրել սովորելուն պատրաստ: Իսկ կարդալ և գրել իմանալը, ինչպես հայտնի է, կազմում է երեխայի հետագա հաջողության հիմնաքարը:

Գոյություն ունի ևս մեկ կարևոր հանգամանք. կարդալը նաև ուրախություն է պատճառում: Այն երեխայի համար բացում է արկածի և նոր հետաքրքրությունների բոլորովին մի նոր աշխարհ և խթանում է նրա մտածողությունն ու երևակայությունը: