Skip to main content
Հետադարձ կապ

Մանկական ուղեղային պարալիզ

Մանկական ուղեղային պարալիզը (ՄՈւՊ) շարժումների և դիրքային կամ պոստուրալ տոնուսի խանգարումներով արտահայտվող համախտանիշների խումբ է, որը պայմանավորված է պրենատալ, պերինատալ և հետծննդյան վաղ շրջանում գլխուղեղի ոչ պրոգրեսիվող ախտահարումներով: «Ուղեղային պարալիզ» անվանումը շեշտում է նյարդաշարժողական ախտանիշների գերակայությունը:

Մանկական ուղեղային պարալիզի վաղ ախտորոշման առավելությունների, պատճառների ու միջամտության ձևերի մասին ենք զրուցել Արբես-Արաբկիր մանկական վերականգնողական ծառայության ղեկավար Գայանե Զաքարյանի հետ:

ՄՈՒՊ-ի առաջացման պատճառները

Նախածննդյան շրջան

  • Գլխուղեղի ախտահարման պատճառ կարող են դառնալ հղիության ընթացքում մոր կրած հիվանդությունները՝ դիաբետ, ցնցումներ, ընդունած տերոտոգեն (էմբրիոնային զարգացումը խաթարող) դեղորայքը, թմրանյութերը, ալկոհոլը․․
  • Տոքսոպլազմոզը, կարմրախտը, ցիտոմեգալովիրուսը՝ հերպեսը նույնպես անբարենպաստ են ազդում պտղի զարգացման վրա։
  • Ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը, երբ մայրն անհրաժեշտ վիտամիններ չի ստանում, ևս կարող է ազդեցություն ունենալ։

Պերինատալ շրջան

Այս փուլը ներառում է հղիության 23-րդ շաբաթից մինչև ծննդաբերությանը հաջորդող առաջին 7 օրվա ժամանակահատվածը:

  • Պտուղը կարող է որևէ խնդիր չունենալ նախորդ ինը ամիսների ընթացքում, բայց ձեռք բերել ծննդաբերության պրոցեսում։ Դժվար ծննդաբերություն, խոշոր պտուղ, ձգձգված ծննդաբերություն, պտղաջրերի արագ արտահոսք․․․Այս բոլորի պատճառով երեխան կարող է թթվածնաքաղց ունենալ, ինչն անդրադառնում է գլխուղեղի վրա։
  • Մոր և երեխայի արյան խմբերի տարբերություն։ Հաճախ երեխաների ծնվելուց հետո ի հայտ է գալիս «դեղնուկ» կոչվող երևույթը: Կարևոր է, որ նորածինը լինի մասնագետների հսկողության տակ, որպեսզի հասկանան դեղնուկը նորմայի մեջ է, թե՝ ոչ։
  • Անհաս երեխաներ՝ երեխաներ, որոնք ծնվել են հղիության 37-րդ շաբաթից առաջ։ Հատկապես, եթե նորածնի քաշը ցածր է 2,5 կիլոգրամից՝ հավանականությունն ավելի մեծ է, որ մանկան գլխուղեղի հետ կարող են խնդիրներ լինել։
  • Մենինգիտը, էնցեֆալիտը կարող են բերել երեխայի գլխուղեղի վնասման:

3-5 տարեկանից հետո երեխայի գլխուղեղային տրավմայի հետևանքով առաջացած վիճակը չի կոչվում ՄՈՒՊ, կոչվում է Գլխուղեղային տրավմա։

Ինչպես նկատել ՄՈՒՊ-ի առաջին նշանները

ՄՈՒՊ-ի վաղ նշանները կարող են ի հայտ գալ կյանքի առաջին 28 օրում։ Երեխան կարող է լինել թույլ։ Հաճախ ասում են՝ երեխան ծույլ է։ Երեխան չի լինում ծույլ, նա պարզապես դժվարանում է անել այն, ինչ պիտի անի՝ շարժել ձեռքերն ու ոտքերը։ Եթե երեխան կտորե տիկնիկի նման պառկում է ու ոչինչ չի անում՝ արդեն ահազանգ է։ Կամ, երբ նկատում ենք, որ երեխայի մկանները լարված են։ Սա ավելի հազվադեպ է հանդիպում, բայց նույնպես ահազանգ է։ Երբ այդպիսի երեխաներին բարձրացնում ենք վեր՝ տպավորություն է, որ գլուխը կորչում է ուսերի մեջ, ձայնը նվաղ է, թույլ, հնարավոր է, որ երեխաները ցնցումներ ունենան, նկատվում են ջերմաստիճանի տատանումներ։ Եթե այս ախտանշաններից երկուսը կամ երեքը առկա են միաժամանակ (համակցված են)՝ պետք է առավել զգոն լինել։

Գոյություն ունեն երեխաների զարգացման չափանիշներ: Եթե կա հավանականություն, որ զարգանալու է ՄՈւՊ, ապա հիմնականում հետ է մնում երեխաների շարժողական ոլորտը, չի համապատասխանում տվյալ տարիքի զարգացման ցուցանիշներին։ Պետք է իմանալ նաև, որ երեխան հատկապես կյանքի առաջին տարում դոմինանտ (գերակշռող) ձեռք չունի, երկուսն էլ օգտագործում է (պետք է օգտագործի) հավասարաչափ։

Կան ռեֆլեքսներ, որոնք հատկապես ակտիվ են արտահայտվում երկու ամսականում։ Օրինակ, երբ երեխան գլուխը թեքում է ձախ, ակամա ծալում է աջ ձեռքը, իսկ ձախը բացում է։ Դա կոչում են «սուսերամարտիկի դիրք»: Այդպիսի պարզունակ ռեֆլեքսները հինգ-վեց ամսականից պետք է մարեն, որպեսզի դրանց փոխարինեն ավելի բարդ շարժումները։ Այս փուլային փոփոխությունների արդյունքում զարգանում է երեխայի ուղեղը։ Եթե պարզունակ ռեֆլեքսը չի մարում, շարունակվում է, ու չի գալիս ավելի բարձր մակարդակի ռեֆլեքսը՝ սա ևս պետք է ընդունել իբրև ահազանգ։

Կարևոր է ուշադրություն դարձնել նաև փոքրիկի վարքագծին՝ երեխաները, որոնց մենք կասկածում ենք, թե հետագայում կարող է ՄՈՒՊ ախտորոշվել՝ լինում են լացկան, անհանգիստ, գրգռված, խաթարված է լինում ծծելու և կլման ակտը։

Հետո արդեն նկատվում է, որ երեխան չի կարողանում պահել գլուխը, կառավարել շարժումները և այն։

ՄՈՒՊ-ի ախտորոշում

ՄՈւՊ-ի ախտորոշումը սկսվում է մանկաբույժի սենյակից, որն էլ պետք է ուղղորդի ծնողին։ Հաճախ առաջնահերթ մանկաբույժն ուղորդում է երեխային և ծնողին նյարդաբանի կաբինետ կամ վերականգնողաբանի մոտ, որպեսզի սկսի աշխատել երեխայի հետ։ Վերջնական ախտորոշումը տալիս է նյարդաբանը։ Հիվանդությունը ախտորոշվում է մոտավորապես երկու տարեկանում։

Ուշագրավ է այն, որ հաճախ սկզբից աշխատում են ոչ թե ախտորշման, այլ խնդրի հետ։ Ախտորոշումը կարող է դրվել երկու-երեք տարի անց, բայց դա չի նշանակում, որ այդ ընթացքում պետք չէ որևէ բան անել։

ՄՈՒՊ-ի ինչ տեսակներ կան

ՄՈՒՊ-ի հիմնականոմ երկու տեսակ կա: Նախ ՍՊԱՍՏԻԿ տեսակի մասին։ Սա այն տեսակն է, որի դեպքում երեխան շատ լարված է լինում։ Իր հերթին այս տեսակն ունի ենթատեսակներ.

  • Կվադրիպլեգիա - ընդգրկված են չորս վերջույթները՝ ձեռքերն ու ոտքերը։
  • Դիպլեգիա - ընդգրկված են չորս վերջույթները, բայց ավելի ախտահարված են ստորին վերջույթները։
  • Հեմիկա - լարված է մարմնի մի կեսը, օրինակ աջ կողմի վերին և ստորին վերջույթները, իսկ ձախ կողմի վերջույթները կարող են լրիվ նորմալ լինել։
  • Պարապլեգիա (hազվադեպ հանդիպող տեսակ է) - ախտահարված են լինում միայն մարմնի ստորին վերջույթները։
  • Մոնոն (ավելի հազվադեպ հանդիպող տեսակ է) - ախտահարված է լինում միայն մեկ վերջույթ։

Մյուսը ԴԻՍԿԻՆԵՏԻԿ տեսակն է։ Մկանային տոնուսը կարծես թույլ է լինում։ Երբ երեխան հանգիստ պառկած է, ամեն ինչ թվում է նորմալ, բայց հենց փորձում է որևէ շարժում անել՝ լարվում է ամբողջ մարմինը։ Սա էլ ունի ենթաձևեր։ Մաքուր խորեա, խորեա ատետոիդ, մաքուր ատետոիդ, դիստոնիա, ատաքսիկ։

  • Մաքուր Խորեան ամենից հազվադեպ է հանդիպում։ Ներառում է միայն գլխի շարժումները։
  • Ավելի հաճախ հանդիպում է Խորեա ատետոիդ տեսակը, երբ ներառված են գլխի և վերջույթների շարժումները, բայց երեխան կարողանում է կառավարել իրանը, ինչը շատ կարևոր է հատկապես քայլելու համար։
  • Բուժման իմաստով ամենաբարդ տեսակը Դիստոնիան է, երբ ընդգրկված է նաև իրանը։ Անգամ հանգիստ պառկած դիրքում բավական է աննշան շարժում կամ ծիծաղ, ու մկանային տոնուսը միանգամից փոփոխվում է։ 
  • Ատաքսիկ: Այս ձևի հիմնական խնդիրը կոորդինացիայի բացակայությունն է: Սրա կրողը չի կարողանում բարձրնալ կամ իջնել աստիճաններով, քանի որ չի կարողանում կողմնորոշվել, թե ինիչքան է պետք բարձրացնել ոտքը, չկա կոորդնացիա։

Եվ կա նաև խառը ձևը՝ և՛ սպաստիկ, և՛ դիստոնիկ։

Վերականգնում կամ (ռե)աբիլիտացիա

Ինչու ՌԵ-ն փակագծերում, քանի որ, եթե երեխան ունեցել է որոշակի ունակություններ, որոնք ուղեղի վնասվածքի պատճառով ժամանակի ընթացքում սկսել են թուլանալ կամ վերացել են, ապա այս դեպքում պետք է ռեաբիլիտացիա, այսինքն՝ վերականգնել այն, ինչ կար։ Իսկ եթե երեխան ծնվել ու ի սկզբանե չեն եղել այդ ունակությունները, ապա այս դեպքում խոսում ենք աբիլիտացիայի մասին, այսինքն՝ այդ ունակություններով զինելու մասին։ Ահա թե ինչու է կարևոր վաղ միջամտությունը։

Պետք է սկսել երկու-երեք ամսականից և պետք չէ սպասել ախտորոշմանը։ Եթե ծնողն ահազանգում է, իսկ մասնագետը գնահատում է զարգացումն ու նկատում է, որ զարգացման մեջ կա շեղում՝ անմիջապես պետք է գործի անցնել։

Այս փուլում ծնողին կարելի է սովորեցնել որոշակի վարժություններ, որոնք նա կարող է կատարել տանը։ Եթե ծնողը տանը մեկ ամիս սիստեմատիկ կատարել է այդ վարժությունները, և երեխայի մոտ առաջխաղացում չկա, արդեն պետք է կազմակերպել պարապմունքներ մասնագետների մոտ։ Խոսքը մերսման մասին չէ, այլ վերականգնողաբանների կողմից կիրառվող հատուկ վարժություն-գործողությունների։

Ցավոք, ՄՈւՊ-ը հնարավոր չէ վերացնել, բայց հնարավոր է վերականգնել կորցրած կարողությունները կամ ձեռք բերել կարողություններ, որոնք երեխան չի ունեցել։

ԿԱՐԵՎՈՐ է հնարավորինս շուտ սկսել վերականգնման գործընթացը, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել երեխայի կյանքի որակը։ Ու թեև տրամաբանական է, որ վաղ միջամտությունների շնորհիվ կարելի է հասնել ավելի մեծ արդյունքների, այնուամենայնիվ, ՄՈւՊ-ի դեպքում երբեք ուշ չէ սկսել աշխատանքը։ Թեկուզ փոքր բաներով, բայց մարդու կյանքի որակը կարելի է փոխել։

Իմիջիայլոց, կարող է ախտահարված լինել նաև երեխայի խոսքը կամ տեսողությունը կամ լսողությունը։ Սրանք նույնպես ենթակա են ռեաբիլիտացիայի։

Մասնագետին այցելելու հաճախականությունը

Անհնար է տարին տասներկու ամիս, ամեն օր գնալ ռեաբիլիտացիայի, սա հոգնեցնող գործընթաց է։ Բայց պետք է կազմել ծրագիր, որով տարվա ընթացքում երեխան կաշխատի մասնագետի հետ, մասնագետի սենյակում։ Դրանից բացի, ծնողը ևս պետք է որոշ հմտություններ ձեռք բերի և կարողանա տնային պայմաններում աշխատել երեխայի հետ:  

ԿԱՐԵՎՈՐ է գիտակցելը, որ մարզումների տևական ընդհատումները կարող են երկրորդային բարդությունների բերել։ Օրինակ, եթե երեխան անդադար նստած է՝ կարող է առաջանալ հոդերի սահմանափակում, որը մենք գուցե չկարողանանք կոնսերվատիվ միջոցներով հաղթահարել ու վիրահատական միջամտության կարիք առաջանա։

Չափահասությունից հետո տարեկան մեկ-երկու այցը մասնագետին (պրոֆիլակտիկ հանդիպումները) կարող են բավարար լինել:

Դիտեք մասնագետի հետ ամբողջական զրույցը

Նույնաբովանդակ այլ նյութեր