Skip to main content
Հետադարձ կապ

Ինչ է պետք իմանալ ծնող-երեխա կապի մասին

Երեխաները զարգանում են այն ժամանակ, երբ ապահով, սիրված և փայփայված են զգում։ Որոշ ծնողներ հեշտությամբ են սերտ կապ ստեղծում իրենց երեխայի հետ։ Մինչդեռ շատերին, ովքեր իրենց մանկության տարիներին փայփայված, պաշտպանված կամ գնահատված չեն զգացել, այդ կապը կարող է դժվարությամբ տրվել։ Իմացե՛ք՝ ծնողավարման հմտությունները կարելի է և պետք է զարգանցել: Այս հոդվածում անդրադառնում ենք, թե ինչու է ձեր փոքրիկի հետ կապվածության ձեռքբերումը կարևոր նրանց զարգացման և բարեկեցության համար:

Ինչու է երեխայի հետ հարաբերության ձևավորումը կարևոր

Երեխային սիրով և ջերմությամբ պարուրելը նրանց գլխուղեղի, ինքնավստահության առողջ զարգացման, բարգավաճման և կյանքում հարաբերությունների ձևավորման նրանց կարողությունների նախապայմանն է։

Երեխաներին բառացիորեն անհնար է «չափից դուրս շատ» սեր տալ։ Չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին է նրանց «երես տալ» չափազանց շատ գրկելով կամ շատ ուշադրություն հատկացնելով։ Կերակրման և հարմարավետության նրանց հուշումներին արձագանքելն օգնում է, որ երեխաներն իրենց ապահով զգան: Երբ երեխաները շարունակ մենակ են մնում, նրանք կարծում են, որ լքված են, այդ պատճառով ավելի կպչուն և անապահով են զգում, երբ ծնողները վերադառնում են:

Երբ նկատում եք ձեր երեխայի կարիքները և սիրով արձագանքում դրանց, դա օգնում է, որ փոքրիկն իրեն լավ զգա։ Երբ երեխան իրեն ապահով և հանգիստ է զգում, մեծանում է նեյրոպլաստիկան, որն ուղեղի փոփոխության և հարմարվողականության կարողությունն է։ Երբ երեխային շրջապատող միջավայրը լի է սիրով, նրանք ավելի լավ են պատրաստված լինում դիմագրավելու արտաքին աշխարհի մարտահրավերներին: Վաղ շրջանում դրականորեն ձևավորված կապվածությունը երեխայի երջանիկ, անկախ չափահաս դառնալու հիմքերն է դնում։

Սիրով լի, անվտանգ հարաբերություններն օգնում են դիմակայություն, հաղթահարելու կարողություն ձեռք բերել և ձախողումներից հեշտ վերականգնվել։

Ինչպես կապվածություն ստեղծել երեխայի հետ

Ծնողավարումը երբեմն կարող է դժվար լինել. կատարյալ ծնող չկա։ Սակայն եթե կարողանաք սիրող և փայփայող միջավայր ստեղծել ձեր երեխայի զարգացման համար, ապահովել ձեր հաստատուն և հուսալի ներկայությունը նրա կյանքում, դա հիանալի սկիզբ կլինի նրա կյանքի համար։ Ներկայացնում ենք մի քանի մոտեցումներ, որոնք կօգնեն ամուր կապ ստեղծել ձեր երեխայի հետ՝ նրան հանդիպելու առաջին պահից սկսած.

  • Նկատեք, թե ինչ է նա անում. երբ ձեր երեխան լալիս է, շարժումներ անում կամ բլբլում, համապատասխան ձևով արձագանքեք նրան՝ գրկելով, խոսելով կամ նայելով նրան։ Երեխան դրանից ոչ միայն հասկանում է, որ դուք իրեն ուշադրություն եք դարձնում, այլև օգնում է ձեր փոքրիկի գլխուղեղում նեյրոնային կապերի ստեղծմանը, որն էլ նպաստում է հաղորդակցության և սոցիալական հմտությունների զարգացմանը։
  • Խաղացեք միասին. Երեխայի հետ խաղալով ցույց եք տալիս նրան, որ նա գնահատված է և ձեզ հաճելի է իր հետ ժամանակ անցկացնել։ Միասին խաղալիս լիարժեք ուշադրություն դարձրեք նրան և վայելեք աշխարհը ձեր փոքրիկի տեսանկյունից տեսնելու հաճույքը։ Երբ միասին հաճելի պահեր եք ապրում և միասին ծիծաղում եք, ձեր օրգանիզմն էնդորֆիններ է արտադրում («երջանկության հորմոններ»), ինչը խթանում է ձեր և ձեր երեխայի բարեկեցության զգացումը։
  • Սերտ շփում. գրկիկները և ֆիզիկական շփումն օգնում են ավելի մտերմանալ։ Ձեր սրտի զարկերը հանգստացնում են երեխային և նրանք սկսում են ճանաչել ձեր հոտը։ Երբ երեխան փոքր-ինչ մեծանում է, նրանց գրկելն օգնում է սովորել կարգավորել իրենց հույզերը և կառավարել սթրեսը։ Դրա պատճառն այն է, որ երբ երեխային գրկում են, նրա ուղեղն օքսիտոցին է արտադրում՝ «լավ զգալու» նյութը, որը նվազեցնում է կորտիզոլի՝ «սթրեսի» հորմոնի արտադրումը։
  • Զրուցեք նրա հետ. երբ երեխայի ասածի նկատմամբ հետաքրքրություն եք ցուցաբերում, դրանով ցույց եք  տալիս, որ ձեր համար կարևոր են նրա մտքերն ու զգացմունքները։ Սա կարող է սկսել առաջին իսկ օրվանից։ Երբ նորածնի հետ խոսում եք, մեղմորեն երգում, նա զգում է ձեր մոտիկությունը և ուշադրությունը։ Երբ նրանք ձայներ են արձակում, պատասխանեք բառերով, որպեսզի սովորեն զրույցի սկզբունքը։
  • Արձագանքեք նրանց կարիքներին. երեխայի տակդիրը կամ գոգնոցը փոխելը, կերակրելը և քնեցնելը ևս մեկ անգամ հավաստիացնում է նրան, որ իր կարիքները կբավարարվեն և որ իրենք ապահով են ու խնամված։ Ծնողն էլ է երջանիկ ու բավարարված զգում, երբ բավարարում է երեխայի կարիքներն ու խնամում նրան:

Եվ որ ամենակարևորն է, բավականություն ստացեք ձեր երեխայի հետ ժամանակ անցկացնելուց: Հիշեք, որ երեխայի կողքին լինելով և նրան առանց նախապայմանների սիրելով՝ դնում ենք նրա առողջ մանկության և ապագա կյանքի հիմքը:


Երեխայի հետ կապվածության խնդիրներ

Եթե նոր եք ծնող դարձել և երեխայի հետ չի ստացվում ստեղծել կապվածություն, ապա դիմեք ձեր բուժաշխատողին, քանի որ դա կարող է հետծննդաբերական դեպրեսիայի նշան լինել։ Սա բավական տարածված խնդիր է, որը շատ նոր ծնողների վրա է ազդում։ Թեմային ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ «Ինչ է հետծննդաբերական դեպրեսիան»:

Նույնաբովանդակ այլ նյութեր