Հազ․ մեկ խնդիր՝ տասնյակ պատճառներ
Մանկաբույժները փաստում են՝ հազի հանդեպ մեր հասարակության վերաբերմունքը ծայրահեղ տարբեր է։ Մի դեպքում գործ ունենք ծնողների հետ, որոնք առաջնորդվում են՝ «դե հազ է՝ կանցնի» սկզբունքով ու կա՛մ որևէ բան չեն անում, կա՛մ փորձում են երեխային ինքնուրույն բուժել: Մյուս բևեռում հազը որպես սարսափ երազ ընկալողների բանակն է, որոնք շտապում են հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով բուժել այն։
«Արաբկիր» բժշկական համալիրի թոքաբանական բաժանմունքի մանկաբույժ, թոքաբան Մարիամ Հախվերդյանի հետ զրուցել ենք հազի պատճառների և բուժման մասին։ Ամենակարևոր ինը կետերը՝ ստորև։
1. Հազը հիվանդություն չէ, այլ կլինիկական ախտանիշ, որևէ հիվանդության կլինիկական դրսևորում։
2. Հազից վախենալ պետք չէ, քանի որ այն շնչառական ուղիների պաշտպանական ռեֆլեքսն է, որի օգնությամբ շնչուղիները մաքրվում են օտար մասնիկներից։ Վախենալ պետք չէ, բայց պետք է հետևել՝ արդյո՞ք հազը զուգակցված է կլինիկական այլ ախտանիշներով, թե՞ ոչ։ Օրինակ, եթե առկա է դժվարաշնչություն, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի։
3. Պետք է ուշադրություն դարձնել հազի բնույթին և տևողությանը։ Սովորաբար նույնիսկ չբարդացած դեպքերում խորխոտ հազը կարող է տևել մինչև երեք շաբաթ։ Դա սուր շնչառական վարակներից հետո զարգացող հազն է, որն իրենից վտանգ չի ներկայացնում։ Ինչ վերաբերում է բնույթին՝ կարող ենք ունենալ չոր, սպաստիկ հազ, հաչոցանման հազ (բնորոշ է սուր լարինգոտրախեիտին՝ կռուպին), աքլորականչի նմանվող հազ (բնորոշ է կապույտ հազին):
4. Երեխաների հազի ամենատարածված պատճառներից են վերին և ստորին շնչառական ուղիների ինֆեկցիոն բնույթի հիվանդությունները, постназальный синдром-ը՝ հետին կաթիլի համախտանիշը, երբ քթային արտադրությունը ըմպանի հետին պատով հոսում է դեպի ստորին շնչառական ուղիներ, գրգռում է ըմպանի հետին պատը և հազ է առաջացնում։ Հազի պատճառներից են նաև թոքերի և բրոնխների ժառանգական բնույթի հիվանդությունները, շնչուղիներում հայտնված օտար մարմինները, հատկապես փոքր տարիքի երեխաների շրջանում, տուբերկուլյոզը և այլն։
5. Պասիվ ծխող է համարվում այն անձը, որը գտնվում է ծխող մարդկանց միջավայրում և ստիպված է շնչել ընտանիքի անդամների ծխախոտի ծուխը։ Ծուխը բացասական ազդեցություն է թողնում բրոնխների լորձաթաղանթի վրա, մասնավորաբար վատանում է բրոնխների մաքրման ֆունկցիան, որն էլ բերում է բրոնխների լորձաթաղանթի բորբոքման։ Պասիվ ծխողի կարգավիճակը կարող է դառնալ հազի պատճառ։ Ավելին, ծխախոտի ծուխը կարող է բրոնխիալ ասթմայի (շնչառական ուղիների խրոնիկական բորբոքային հիվանդություն) սրացման պատճառ դառնալ։ Ուստի հիշեք, երեխաների ներկայությամբ ծխելն իսկապես վնասում է նրանց:
6. Խորխաբեր օշարակները հակացուցված են փոքր տարիքի (մինչև 5-6 տարեկան) երեխաներին։ Այդ տարիքի երեխաների շնչուղիների անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված, սուր շնչառական հիվանդությունների ժամանակ, նրանք դժվարությամբ են շնչուղիներից դուրս բերում արտադրված խորխը, իսկ օշարակները միայն մեծացնում են խորխի ծավալը, և դուրս բերումն ավելի է դժվարանում։ Մնալով շնչուղիներում այն կարող է դառնալ ձգձգվող բակտերիալ բրոնխիտների, ընդհուպ մինչև թոքաբորբի առաջացման պատճառ։ 5-6 տարեկանից հետո այդ պրեպարատները կարելի է կիրառել միայն մասնագետի ցուցումով։
7. Մեզանում դեռ տարածված է հազը տնական-ավանդական միջոցներով բուժելու միտումը: Թերևս ամենահայտնի միջոցը՝ ձու-կաթ-մեղր համադրությունն է, օգտագործում են նաև գազարի հյութ, բանանի խյուս, պղպեղով գինի, կաթով սոխ կամ սխտոր և այլն։ Հաճախ հենց պացիենտներից ենք լսում, որ նախքան բժշկի մոտ գալը նմանօրինակ միջոցների օգնությանն են դիմել։ Հիմա վերադառնանք մեր խոսքի սկիզբը՝ հազը մեր օրգանիզմի պաշտպանական ռեֆլեքսն է, իսկ այն ինչ մեզ պաշտպանում է դադարեցնել պետք չէ, սխալ է։ Ինչ վերաբերում է վերը թվարկած ավանդական միջոցներին, պետք է հիշել, որ դրանք կարող են ալերգիկ ռեակցիաների պատճառ դառնալ՝ բարդացնելով հիվանդության ընթացքը։ Դրա համար էլ խորհուրդ չի տրվում հազը բուժել ավանդական միջոցներով:
8. Սուր շնչառական վարակներից հետո հազը կարող է ձգվել մոտավորապես երեք շաբաթ և դա անհանգստանալու պատճառ չէ, բայց պարտադիր է այցելել մանկաբույժին, որը կկատարի օբյեկտիվ զննում։ Վտանգի նշաններ չնկատելու դեպքում մասնագետը կշարունակի դինամիկ հսկողություն վարել։ Եթե օբյեկտիվ զննումը բավարար չէ, մասնագետները դիմում են լաբորատոր և գործիքային հետազոտությունների օգնությանը։
- Լաբորատոր հետազոտության մեթոդներից են․
- արյան ընդհանուր քննությունը
- բիոքիմիական քննությունը
- խորխի մանրէաբանական քննությունը։
- Գործիքային հետազոտության ոլորտում լայն կիրառություն ունեն․
- կրծքավանդակի օրգանի ռենտգեն հետազոտությունը
- համակագչային տոմոգրաֆիան (եթե դրա անհրաժեշտությունը կա, ապա միայն՝ բժշկի խիստ ցուցմամբ)
- բրոնխոսկոպիան
- արտաքին շնչառական ֆունկցիայի գնահատումը՝ սպիրոմետրիան, որը բրոնխիալ ասթմայի ախտորոշման ոսկե ստանդարտն է
- քրտինքի տեստը, որն արվում է մուկովիսցիդոզի կասկածի դեպքում
- գենետիկ հետազոտությունները ժառանգական բնույթի հիվանդություններն ախտորոշելու համար։
9. Եթե անհատը զգում է, որ ունի շնչառական վարակի կլինիկական որևէ ախտանշան՝ հազ, քթահոսություն, փռշտոց, ջերմություն՝ հատկապես հասարակական վայրերում բժշկական դիմակ կրելը պարտադիր է, որով առաջնահերթ պաշտպանում ենք մեզ շրջապատող մարդկանց։