Մրսածության, հազի և ավելի լուրջ հիվանդությունների մասին
Հազը, մրսածությունը, կոկորդի ցավը և քթից արտադրությունը հաճախ են հանդիպում երեխաների մոտ և սովորաբար անհանգստության տեղիք չեն տալիս:
Որոշ դեպքերում, այնուամենայնիվ, հազը և մրսածությունն այնպիսի լուրջ հիվանդությունների նշաններ են, ինչպիսիք են թոքաբորբը կամ տուբերկուլոզը: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ շնչառական ուղիների վարակները 2000թ. աշխարհում 5 տարեկանից փոքր 2 միլիոն երեխաների մահվան պատճառ են դարձել:
Հազ կամ մրսածություն ունեցող երեխային պետք է տաք պահել և խրախուսել, որ խմի ինչքան հնարավոր է շատ հեղուկ և սնվի սովորականի պես:
Երեխաներին պետք է պահել մաքուր օդի, կայուն ջերմաստիճանի պայմաններում (18-20° C) բացառելով միջանցիկ քամիները, ապահովելով հարուստ սննդով և հեղուկներով:
Դեղամիջոցներ պետք է օգտագործել միայն բուժաշխատողի կողմից նշանակման դեպքում:
Ջերմություն ունեցող երեխային պետք է լողացնել գոլ, բայց ոչ սառը ջրով: Այն շրջաններում, որտեղ տարածված է մալարիան, ջերմությունը կարող է վտանգավոր լինել: Երեխան պետք է անմիջապես ստուգվի:
Հազ կամ մրսածություն ունեցող երեխայի քիթը պետք է հաճախակի մաքրել, մանավանդ մինչև սննդի ընդունելը կամ քնելը: Խոնավ միջավայրը կարող է հեշտացնել շնչառությունը: Խորհուրդ է տրվում երեխայի սենյակի օդը խոնավ պահել: Կրծքով սնուցվող երեխան հազի կամ մրսածության դեպքում կարող է սնուցման դժվարություններ ունենալ: Բայց անհրաժեշտ է շարունակել կրծքով սնուցումը, քանի որ այն օգնում է պայքարելու հիվանդությունների դեմ և կարևոր է երեխայի աճի համար: Հետևաբար, մայրը պետք է շարունակի կրծքով հաճախակի սնուցումը: Եթե երեխան, այնուամենայնիվ, դժվարանում է ուտել, կրծքով կաթը պետք է լցնել մաքուր բաժակի մեջ և դրանով կերակրել: Եթե երեխան դժվարանում է ծծել, ապա պետք է մաքրել նրա քթանցքները:
Կրծքով չսնուցվող երեխաներին պետք է խրախուսել, որ ուտեն հաճախակի և խմեն փոքր քանակությամբ: Երբ հիվանդությունն անցնում է, երեխային պետք է առնվազն մեկ շաբաթ տալ հավելյալ սնունդ: Երեխան լրիվ ապաքինված չի, քանի դեռ առնվազն չի վերականգնել հիվանդությունից առաջ ունեցած քաշը:
Հազը և մրսածությունը տարածվում են հեշտությամբ: Հազը և մրսածություն ունեցող մարդիկ պետք է խուսափեն երեխաների ներկայությամբ հազալուց կամ փռշտալուց:
Հազը, մրսածությունը, կոկորդի ցավը և քթից արտադրությունը հաճախ անցնում են առանց դեղամիջոցների: Բայց երբեմն այս հիվանդությունները թոքաբորբի նշաններ են, որի դեպքում անհրաժեշտ է ընդունել դեղամիջոցներ՝ ըստ բուժաշխատողի նշանակման:
Եթե բուժաշխատողը հակաբիոտիկներ է նշանակում թոքաբորբի բուժման համար, կարևոր է հետևել նրա ցուցումներին և երեխային տալ դեղամիջոցն այնքան ժամանակ, ինչքան նշվում է դեղատոմսում, նույնիսկ եթե երեխան արդեն լավ է զգում:
Շատ երեխաներ մահանում են թոքաբորբից տանը, քանի որ նրանց խնամողները չեն գիտակցում հիվանդության լրջությունը և անհետաձգելի բուժօգնության կարիքը:
Երեխան անմիջապես պետք է տեղափոխվի բուժհիմնարկ կամ վերապատրաստված բուժաշխատողի մոտ, եթե կա հետևյալ նշաններից որևէ մեկը.
- երեխան շնչում է սովորականից շատ ավելի արագ. 2-12 ամսական երեխայի համար՝ 50 կամ ավելի անգամ մեկ րոպեում, 1-5 տարեկան երեխայի համար՝ 40 կամ ավելի անգամ մեկ րոպեում,
- երեխան շնչում է դժվարությամբ կամ շունչը պահելով,
- կրծքավանդակի ստորին մասը ներս է քաշվում, երբ երեխան ներշնչում է, կամ թվում է, թե ստամոքսը վերուվար է լինում,
- երեխան հազում է մեկ շաբաթից ավելի,
- երեխան ի վիճակի չէ կրծքով սնվելու կամ հեղուկ ընդունելու,
- երեխան հաճախակի փսխում է:
Կրծքով սնուցումն օգնում է պաշտպանել մանուկներին թոքաբորբից և այլ հիվանդություններից: Կարևոր է մանուկների կյանքի առաջին վեց ամսիներին նրանց կրծքով սնուցելը:
Ցանկացած երեխա, որը լավ է սնուցվում/սնվում, լուրջ հիվանդանալու կամ մահանալու փոքր հավանականություն ունի:
Վիտամիններով հարուստ սնունդը օգնում է պաշտպանվել շնչառական ուղիների և այլ հիվանդություններից, արագացնում է առողջացումը:
Երկարատև հազով երեխան կարիք ունի անհետաձգելի բուժօգնության: Երեխան կարող է ունենալ տուբերկուլոզ՝ թոքերի վարակ: Այն լուրջ հիվանդություն է, որը կարող է բերել երեխայի մահվան կամ վնասել թոքերը:
Երեխաները և հղի կանայք մեծ վտանգի են ենթարկվում հատկապես այն ժամանակ, երբ գտնվում են ծխախոտի կամ կրակի ծխի ազդեցության տակ: Այդ կերպ նրանց մոտ մեծանում է թոքաբորբ կամ այլ շնչառական պրոբլեմներ ունենալու հավանականությունը:
Ծխի մեջ գտնվելը կարող է վնասել երեխային նույնիսկ մինչև ծնունդը: Հղի կանայք չպետք է ծխեն կամ գտնվեն ծխի մեջ: