Սոցիալական ցանցերը և երեխաները | Ուղիղ եթեր
ՏիկՏոկ սոցիալական ցանցում օրերս տարածված ինքնասպանության տեսարան պարունակող հոլովակը անհանգստության մեծ ալիք բարձրացրեց: Սոցիալական ցանցի օգտատերերի գերակշող մասն անչափահասներ են, ուստի կանխատեսելի էին ծնողների (մեծահասակների) զայրույթն ու հարցերի տարափը: Թեման քննարկել ենք մեդիա փորձագետ, թվային մարքեթինգի մասնագետ Տաթև Խաչատրյանի և հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ:
- Սուիցիդալ դրվագներով տեսանյութեր առաջին անգամ չէ, որ տարածվում են սոցիալական ցանցերում. ինչո՞ւ այս մեկն այսպիսի արձագանք ստացավ:
Տ.Խ. – Նախ պետք է հասկանալ, որ ինքնասպանության ուղիղ հեռարձակումը եղել է Ֆեյսբուք սոցիալական ցանցով: Հեռարձակման տեսագրությունը շատ արագ հեռացրել են այդ ցանցից և միայն օրեր անց այն հայտնվել է ՏիկՏոկում: Սոցիալական այս ցանցի հիմքում բոլորովին այլ ալգորիթմ է, որի շնորհիվ տեսանյութերը տարածվում են կայծակնային արագությամբ և բարդացնում դրանք հեռացնելու, փակելու գործընթացը: Երբ ես իմացա, որ Ֆեյսբուքից հեռացրած այդ տեսանյութը հայտնվել է ՏիկՏոկում, միանգամից մտածեցի, որ դա միտումնավոր քայլ է: Տեսանյութը տարածեցին ՏիկՏոկում ու սկսեցին աղաղակել՝ ՏիկՏոկը չարիք է, այն պետք է փակել և այլն: Ի տարբերություն նախադեպային մյուս դրվագների, որոնց պարագայում մամուլը թիրախավորում էր ինքնասպանության հիմնախնդիրը, կոչ անում պատասխանատու մարմիններին զբաղվել դրանով, ապա հիմա մենք այլ պատկեր ենք տեսնում՝ թիրախավորում են սոցիալական ցանցը:
Ինչ վերաբերում է օգտատերերի (հատկապես՝ նրանց ծնողների) արձագանքին՝ ամեն ինչ ավելի քան պարզ է: ՏիկՏոկի օգտատերերի զգալի մասը դեռահասներ են. տրամաբանական է, որ ծնողներն անհանգստանում են՝ չէ՞ որ վստահ էին՝ ՏիկՏոկում իրենց երեխաները պարզապես զվարճանում են, ու հանկարծ պարզվում է, որ նույն այդ երեխաները, ցանկացած պահի, կարող են նմանօրինակ սարսափի ականատեսը դառնալ:
- Եթե նույնիսկ չդիտարկենք սարսափազդու դեպքերը, միևնույն է պետք է ասենք, որ թվային աշխարհում շատ «թակարդներ» կան, որոնց զոհ են դառնում հիմնականում երեխաները: Մյուս կողմից, ակնհայտ է, որ ոչ բոլոր երեխաներն են «թակարդն ընկնում»: Հոգեբանության տեսանկյունից, ո՞ր երեխաներին է ավելի հեշտ ենթարկել տարաբնույթ մանիպուլյացիաների:
Լ.Խ.- Այդ երեխաներին կարելի է «ճանաչել», եթե ուշադիր լինենք նրանց վարքին, սովորույթներին, խոսքային դրսևորումներին և այլն: Վարքագծային երկու ծայրահեղ բևեռների մասին պետք է խոսենք: Մի դեպքում դրանք այն երեխաներն են, որոնք չունեն սեփական կարծիք, ենթարկվող են, քննադատական և գնահատողական միտքը լավ չի աշխատում, չունեն ձևավորված պատկերացումներ լավի ու վատի մասին, խուսափում են բարձրաձայնել սեփական կարծիքը, վախվորած են, ներշնչվող և այլն: Եվ կա մյուս բևեռը: Դարձյալ խոսում ենք մանիպուլյացիաների հեշտ ենթարկվող երեխաների մասին, որոնց վարքը, խոսքը, սովորույթները նույնպես մատնում են գոյություն ունեցող հոգեբանական խնդիրները: Այս խմբի երեխաներն ամեն ինչ կանեն, միայն թե լինեն ուշադրության կենտրոնում, հակված են «վատը վերցնել»: Երկու խմբի պարագայում էլ խաթարված է ծնողի կերպարի, հեղինակության ընկալումը: Որպես կանոն, դա լինում է այն դեպքում, երբ ծնողը (ծնողները) երեխայի հանդեպ չափից դուրս խիստ, իշխող, ճնշող կամ դաժան է լինում: Նմանօրինակ վարքային դրսևորումներ են ունենում նաև ամուսնալուծված ընտանիքների կամ առանց ընտանիք մնացած երեխաները: Նրանց համար ընդհանուր է մեկ բան՝ կյանքի նկատմամբ վստահության հիմք չունեն:
- Արգելել դեռահասին ունենալ էջ սոցիալական ցանցում կամ խաղալ այս կամ այն խաղը, գրեթե անիրատեսական է. յուրաքանչյուր երեխա, վստահաբար, կգտնի արգելքը շրջանցելու զարտուղի ճանապարհներ: Ի՞նչ անել, որպեսզի առցանց ժամանցը պակաս վտանգավոր լինի երեխաների համար:
Տ.Խ.-Այս հարցը հիմա կարևոր է ավելի քան երբևէ, եթե հաշվի առնենք, որ դեռ չենք կարող հրաժարվել առցանց կրթությունից: Երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում համակարգիչների, բջջայինների և պլանշետների առջև և վստահաբար՝ միայն դասերով չեն զբաղվում:
Այո, երեխան անձնական կյանքի իրավունք ունի, և անթույլատրելի է նրան բացարձակ վերահսկման ենթարկելը: Բայց ինչպես և առօրյա կյանքում, ուր մենք գիտենք, թե ում հետ են ընկերություն անում մեր երեխաները, ում հետ կոնֆլիկտ կամ անհարթ հարաբերություններ ունեն, ինչ հետաքրքրություններ ունեն և ում հետ են քննարկում դրանք, այնպես էլ կարևոր է պատկերացում ունենալ նրանց գործողությունների մասին առցանց տիրույթում:
Շատ կարևոր է, որ երեխաներն իմանան, թե ինչի համար են սոցիալական ցանցերը, հասկանան, որ «անվտանգ» մեկի լուսանկարի հետևում կարող է թաքնվել շարքային հանցագործ, որ որևէ մեկին, որևէ պատճառաբանությամբ չի կարելի տրամադրել անձնական տեղեկություններ (օրինակ՝ որտեղ ես սովորում, որտեղ են աշխատում ծնողներդ, ժամի քանիսին ես տուն վերադառնում և այլն), որ չի կարելի նույնիսկ ամենամտերիմ մարդկանց ուղարկել այնպիսի լուսանկարներ կամ տեսանյութեր, որոնք ապագայում կարող են քո դեմ օգտագործվել, որ գումարային գործարքների հանդիպելիս (վճարովի խաղեր և ոչ միայն) պետք է անպայման խորհրդակցել մեծահասակների հետ և այլն:
Գոյություն ունեն նաև բազմաթիվ հավելվածներ և ծրագրեր, որոնք օգնում են ծնողներին հնարավորինս անվտանգ դարձնել երեխայի առցանց ժամանցը: Առանձնացրել եմ մի քանիսը:
Համացանցային վերահսկողության համար նախատեսված ծրագրերից թերևս լավագույնը՝ Qustodio: Կատարում է բովանդակության զտում (content filtering): Հնարավորություն է տալիս կիրառել ժամային սահմանափակումներ: Ունի կիրառման լայն հնարավորություն, աշխատում է Windows, Mac, iOS, Android օպերացիոն համակարգերի վրա:
Կան նաև խաղեր, որոնք օգնում են բարձրացնել երեխաների մեդիագրագիտությունը: Դրանցից մեկը Interland-ն է: Խաղը hնարավորություն է տալիս երեխաներին փոքրիկ ռոբոտի օգնությամբ սովորել, թե ինչ են կիբերբուլիինգը, ֆիշինգը, ինչպես պաշտպանել անձնական տվյալներն օնլայն հարթակներում և այլն:
Երկրորդը Cyber defense քուիզն է: Խաղն ունի սուպերհերոսներ: Խաղացողի խնդիրն է ճիշտ պատասխանել հարցերին, ինչի արդյունքում կհայտնվեն նոր սուպերհերոսներ: Հարցերի միջոցով երեխաները սովորում են օնլայն անվտանգության մի շարք կանոններ, օրինակ՝ ինչպես ընտրել հուսալի գաղտնաբառեր, ինչ տեսակի կիբեր հանցագործություններ գոյություն ունեն և այլն: Ցանկալի է, որ երեխաներն այս խաղը ծնողների հետ խաղան, քանի որ հաճախ ճիշտ պատասխանների մեկնաբանությունները բացակայում են, և լավ է, որ ծնողը բացատրի դրանք երեխային:
Լ.Խ.- Միանշանակ համաձայն եմ Տաթևի հետ, երեխային անհրաժեշտ է տալ ինֆորմացիա: Այո, առցանց հարթակներում դու կարող ես տեսնել բռնություն, մահ, չարության և ատելության դրսևորումներ, բայց դրանք կյանքի կողմերն են, այո՝ վատ, բայց անբաժանելի: Եվ ասելով դա, ծնողը պետք է ստեղծի միջավայր, ուր կարելի է խոսել, կարելի է քննարկել այդ անցանկալի երևույթները: Բոլոր դեպքերում ծնողն է այն կողմնացույցը, որն օգնում է երեխային կարծիք կազմել լավի ու վատի մասին: Քանի դեռ ընտանիքում կան տաբու թեմաներ, որոնք ծնողի «թեթև ձեռքով» այդպես էլ երկխոսության նյութ չեն դառնում, առաջանում է վաակում, դատարկություն, որը մի օր «լցվելու» է՝ կա՛մ երեխայի սեփական փորձով (հաճախ՝ բացասական), կա՛մ երեխայի աչքերում հեղինակություն դարձած մեկ այլ անձի միջոցով (անվերահսկելի բովանդակությամբ, շարժառիթներով և հետևանքներով):
Եթե մենք խոսում ենք երեխաներին երկարաժամկետ հեռանկարում պաշտպանելու մասին, մենք պետք է ոչ թե վազենք նրանցից մեկ քայլ առաջ ու արգելափակենք բացասական ինֆորմացիայի և փորձի բոլոր աղբյուրները, այլ պետք է օգնենք, որ զարգանա նրանց քննադատողական և գնահատողական միտքը, որպեսզի նրանք սովորեն ինքնուրույն հասկանալ՝ ինչն է լավ, ինչը՝ վատ:
- ՏիկՏոկում տարածված տեսանյութը եկավ ապացուցելու, որ շատ ծնողներ, պատրաստ չեն խոսելու երեխաների հետ այնպիսի նուրբ հարցի մասին, ինչպիսին է մահը: Շատերն ուղղակի արգելել են իրենց երեխաներին մուտք գործել այդ ցանց, քանի դեռ հաստատ չէ, որ տեսանյութն անհետ ջնջված է: Գուցե ճիշտ ժամանակն է օգտվել ինֆորմացիոն այս առիթից ու սկսել խոսել երեխաների հետ նաև «տաբու» թեմաներից: Գլխավոր հարցն է՝ ինչպե՞ս:
Լ.Խ. –Իմ անձնական կարծիքն է, որ երեխայի հետ պետք է խոսել մահվան մասին: Հիմքում պետք է լինի համոզմունքը, որ մահը նույնքան բնական է, որքան և ծնունդը: Մարդիկ լույս աշխարհ են գալիս որոշակի ժամանակահատվածով: Մենք սիրում ենք կյանքը, վայելում ենք այն, բայց մենք մեծանում ենք, մեր մարմինը հոգնում է ապրելուց, ավարտվում են մեր անելիքները և գալիս է հեռանալու ժամանակը: Այստեղ կարևոր է շեշտել (երեխայի համար), որ դա լինելու է շատ-շատ ուշ, որ դեռ կա շատ ժամանակ, որպեսզի երեխան հասկանա, որ մահն իրենից շատ հեռու է: Մահվան մասին երեխաների հետ խոսելիս խորհուրդ եմ տալիս օգտագործել այլաբանություններ: Կարելի է պատմել, թե ինչպես է «ծնվում» ծառը, ինչպես է մի հիանալի կյանք ապրում՝ թթվածին ու պտուղ տալիս, բույն դառնում փոքրիկ կենդանիների համար, փռում իր շվաքը հոգնած անցորդների համար ու մի օր՝ շատ տարիներ հետո, սկսում է թուլանալ, ընկնում է, որպեսզի նույն տեղում մեկ այլ ծառ «ծնվի»:
Ինքնասպանության մասին նույնպես պետք է խոսել երեխաների հետ ու շատ հստակ հաղորդագրություն տեղ հասցնել՝ ինքնասպանությունը վատ արարք է: Ճիշտ այնպես, ինչպես վատ է վնասել, սպանել մեկ ուրիշին, նույնկերպ վատ է, անթույլատրելի է վնասել, սպանել սեփական մարմինը: Մենք չենք «ստեղծել» կամ վաստակել մեր կյանքը. կյանքը տրված է մարդուն, որպեսզի մարդն այն վայելի, ստեղծագործի, արարի, շատացնի, նոր կյանքերի սկիզբ դառնա, օգնի մարդկանց:
Ստորև կարող եք դիտել Տաթև Խաչատրյանի հետ ամբողջական քննարկումը։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: