Skip to main content
Հետադարձ կապ
12:00 PM 28 June 2019

Որտեղի՞ց գտնել երեխաների խնամքի մասին հավաստի հայերեն տեղեկատվություն՝ Babycef.am-ից

Ձեզ ծանո՞թ է այն իրավիճակը, երբ ծնող ես դառնում, և բոլոր բարեկամները, ծանոթներն ու նույնիսկ անծանոթները լիովին հակասական տեղեկատվություն են տալիս ծնողավարման վերաբերյալ, իսկ դու, մոլորված ու շփոթված, չգիտես՝ ում լսել: Կամ, երբ երեխան հիվանդ է, ախտանշաններն՝ անծանոթ, և չգիտես՝ ում լսել. բժիշկը մի բան է ասում, ծնողներն ու մտերիմները՝ մեկ այլ բան, իսկ ինտերնետում լիովին այլ բան է գրված:

Վստահ ենք, որ յուրաքանչյուր ծնող իր կյանքում առնվազն մեկ անգամ հայտնվել է նման իրավիճակում և պատկերացնում է դրա ողջ բարդությունն ու պատասխանատվության զգացման ճնշումը. չէ՞ որ խոսքը քո երեխայի ֆիզիկական և հոգեկան առողջության, մտավոր առողջ զարգացման և, ինչու չէ, երջանկության մասին է:  

Ծնող լինելն իսկապես շատ բարդ գործ է, և մենք ՅՈՒՆԻՍԵՖ-ում դա լիովին գիտակցում ենք: Հենց այդ է պատճառը, որ, առողջապահության նախարարության հետ մեկտեղ, որոշեցինք ստեղծել մի հարթակ, որտեղ յուրաքանչյուր ոք կկարողանա գտնել երեխայի խնամքի, սնուցման, առողջ զարգացման ու դաստիարակության վերաբերյալ մատչելի և վստահելի տեղեկատվություն հայերենով:

Այդպես ծնվեց Babycef-ը, որի մեկնարկը տվեցինք հունիսի 28-ին: Կայքի մասին խոսեցին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, մանկաբույժ Մարի Դարակչյանը և այլք:

Անչափ կարևոր էր այն, որ ելույթ ունեցան նաև ծնողներ, ովքեր պատմեցին, թե ամենաշատը ինչ դժվարությունների են բախվում երեխաներին մեծացնելիս, ինչպես նաև՝ իրենց հուզող որ հարցերի պատասխանները կցանկանային տեսնել կայքում:

Կայքի «բացումն» իսկապես կարևոր և նշանակալից ձեռքբերում է բոլորիս համար, քանի որ այժմ հավաստի տեղեկատվություն փնտրելու կարիք չկա. կայքում տեղադրված ողջ տեղեկատվությունը ստուգված է և մշակված համապատասխան մասնագետների հետ միասին:

Ավելի է ոգևորում նաև այն փաստը, որ յուրաքանչյուր ծնող կարող է գրել մեզ իրեն հուզող հարցերի և թեմաների մասին, որ կցանկանար տեսնել կայքում: Իսկ մենք խոստանում ենք հնարավորինս արագ արձագանքել, աշխատել այդ թեմաների շուրջ մասնագետների հետ և բազմազանել կայքի բովանդակությունը, որպեսզի ծնողներին մի փոքր ավելի հեշտ լինի:

Other News