Skip to main content
Հետադարձ կապ
10:57 AM 23 December 2015

«Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը» լուսանկարների ցուցահանդես

Դեկտեմբերի 23-ին Կառլ Լևոնի ցուցասրահում տեղի ունեցավ Հանրային հեռուստաընկերության «Մայրիկների ակումբ» հաղորդաշարի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնած «Ես սիրում եմ մայրիկիս կաթիկը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ցուցադրվեցին չորս կին լուսանկարիչների՝ Անի Կիրակոսյանի, Արև Գրիգորյանի, Եվգենիա Էվոյանի և Իննա Մխիթարյանի հեղինակած 40 լուսանկարները:

Այս ցուցահանդեսի նպատակը կրծքով կերակրումը խրախուսելն է, մոր և երեխայի համար դրա առավելությունները ցույց տալըԸստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի վիճակագրության` Հայաստանում երեխաների միայն 35 տոկոսն է կրծքով կերակրվում: Սա ցածր ցուցանիշ է:

Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, որն ամրագրված է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 24-րդ հոդվածում։ Երեխաներն իրավունք ունեն համապատասխան սնուցման, ինչը կարևոր է առողջության հնարավոր ամենաբարձր չափանիշին հասնելու նրանց իրավունքի իրականացման համար։ Կանայք, իրենց հերթին, իրավունք ունեն մանկական սնուցման մասին անկողմնակալ տեղեկատվություն ստանալու և որոշումներ ընդունելու։ Կրծքով սնուցման խրախուսման միջոցով կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13%-ը: Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:

«Ցուցադրված են չորս լուսանկարիչների աշխատանքներ՝ կրծքով կերակրումը խրախուսող ուղերձներով: Ունենք նաև հայ հայտնի մայրիկների լուսանկարներ, ովքեր իրենց բոլոր բալիկներին կրծքով են կերակրել»,- ասաց «Մայրիկների ակումբի» հաղորդավար Մերի Ներսիսյանը:

Ցուցահանդեսին իրենց լուսանկարներով մասնակցում էին նաև Գոհար Հարությունյանը, Իրինա Թովմասյանը, Ալլա Լևոնյանը և այլոք: «Իմ փորձից կարող եմ ասել, որ այդ կերպ հոգեբանական հետաքրքիր կապ է ստեղծվում մոր և երեխաների միջև: Երբ երրորդ երեխաս ծնվեց, բժիշկը հարցրեց`արդյոք պատրաստվում եմ կրծքով կերակրել: Դրական պատասխանիցս զարմացած` նա ասաց, թե բազմաթիվ հայտնիներ իրենց կազմվածքը պահպանելու համար հրաժարվում են կերակրել: Երգչուհի, քաղաքական գործիչ լինելուց առավել կարևոր է մայր լինելը: Խորհուրդ եմ տալիս թողնել ձևական կողմերը, որպեսզի երեխան առողջ մեծանա»,- ասաց Ալլա Լևոնյանը՝ նշելով, որ իր երեք երեխաներին էլ կրծքով է կերակրել։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը ընդգծեց,- «Հայաստանում օրենքով արգելվում է բժշկական հաստատություններում կրծքի կաթի որևէ արհեստական փոխարինիչի գովազդը: Ծննդատների և պոլիկլինիկաների բժիշկները միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում իրավունք ունեն մայրերին կաթնախառնուրդ առաջարկել: Մենք հույս ունենք, որ այս կերպ երեխայի իրավունքը կպաշտպանվի՝ սկսած ծննդատնից»։

Other News