Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցություն
1. Միանվագ դրամական աջակցության ծրագիր
Մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը։
Պայմանները՝
- ընտանիքում առկա է առնվազն 2 անչափահաս երեխա
- բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և անհրաժեշտ տեղեկությունները նախարարություն են ներկայացվում նախքան վարկային պայմանագրի կնքումը,
- անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն դրամ (3-րդ երեխայի դեպքում՝ 35 մլն, 4-րդի դեպքում՝ 40 մլն և այլն)
- կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 10%
- Սեփականության իրավունքը գրանցվում է շահառուի և նրա ամուսնու անունով։
Աջակցության չափը՝
- անշարժ գույքի արժեքի 5%, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար ևս 5%, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամ
- անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով փաստացի ստացած վարկի 10%, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը, որին ավելանում է 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար ևս 10%, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամ։
Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, աջակցությունն ավելացվում է 30%-ով:
2. Կանխավճարի ապահովագրության ծրագիր
Հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար։
Պայմանները՝
- ընտանիքում առկա է առնվազն 1 անչափահաս երեխա
- բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և անհրաժեշտ տեղեկությունները նախարարություն են ներկայացվում նախքան վարկային պայմանագրի կնքումը
- անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն դրամ (3-րդ երեխայի դեպքում՝ 35 մլն, 4-րդի դեպքում՝ 40 մլն և այլն)
- կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ անշարժ գույքի արժեքի առնվազն 10%։
Աջակցության չափը՝
Տարեկան ապահովագրական վճարի 90%, բայց ոչ ավելի, քան տարեկան 180,000 դրամ։
3. Երեխայի ծննդյան աջակցության ծրագիր
Հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։
Պայմանները՝
- Երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո (մինչև երեխայի 1 տարին լրանալը)
- Անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը՝ 30 մլն դրամ (3-րդ երեխայի դեպքում՝ 35 մլն, 4-րդի դեպքում՝ 40 մլն և այլն)
- Դիմելու օրվա դրությամբ առկա է առնվազն 12 ամիս մարում
- Վերջին 12 ամիսների ընթացքում ուշացումների ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացուցային օրը։
Աջակցության չափը՝
- 1-ին և 2-րդ երեխայի դեպքում՝ վարկի մնացորդային մայր գումարի 10%, Երևան քաղաքում՝ 5%, բայց ոչ ավելի, քան 500,000 դրամ
- 3-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ վարկի մնացորդային մայր գումարի 50%, Երևան քաղաքում՝ 25%, բայց ոչ ավելի, քան 2 մլն դրամ
- Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին, ապա 1-ին և 2-րդ երեխայի դեպքում՝ վարկի մնացորդային մայր գումարի 15%, Երևան քաղաքում՝ 8%, բայց ոչ ավելի, քան 1,5 մլն դրամ
- Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա 3-րդ և հաջորդ երեխայի դեպքում՝ վարկի մնացորդային մայր գումարի 70%, Երևան քաղաքում՝ 35%, բայց ոչ ավելի, քան 4 մլն դրամ
- Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում աջակցության չափը հաշվարկվում է ըստ ծնված երեխաների քանակի։
Միանվագ դրամական աջակցության և կանխավճարի ապահովագրության ծրագրերից օգտվելու համար շահառուն դիմում է նախարարության հետ պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն։ Երեխայի ծննդյան աջակցության ծրագրի դեպքում, եթե բանկը նախարարության հետ չի կնքել պայմանագիր, ապա տրամադրում է տեղեկանք հիփոթեքային վարկի և մնացորդային գումարների վերաբերյալ, որը շահառուն, այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ, ներկայացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։