Skip to main content
Հետադարձ կապ

Երեխան և համացանցը

Այն անծայրածիր աշխարհը, որը կոչվում է համացանց, երեխաների առջև բացում է անսահման հնարավորություններ: Բայց, ինչպես ցանկացած երևույթ, համացանցը ևս բացասական կողմեր ունի:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի անկյունը, որը եթեր է հեռարձակվում Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ և «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության աջակցությամբ, այս անգամ անդրադառնում է համացանցին, վերլուծում երեխայի և դեռահասի կյանքում դրա կարևորությունը:

Համացանցը ներխուժում է երեխայի կյանք կյանքի առաջին իսկ տարիներից, թեև մասնագետները միաձայն պնդում են, որ այդ հանդիպումը պետք է հնարավորինս հետաձգել, ցանկալի է՝ մինչև դպրոցական տարիներ:

«Ծնողի դպրոց» ՀԿ-ի հոգեբան Տաթևիկ Վարդանյանը նշում է, որ դժվար է թերագնահատել համացանցի՝ որպես տեղեկատվության աղբյուր լինելու անհրաժեշտությունը երեխաների համար: Այն նաև շփումների հնարավորություն է ստեղծում երեխաների համար, և առավել հաճախ այն օգտագործում են կապի մեջ լինելու, արտաքին աշխարհի հետ շփվելու համար:

Բայց չպետք է մոռանանք, որ, լինելով տեղեկատվության աղբյուր, համացանցը լեցուն է նաև ոչ ճշգրիտ տեղեկատվությամբ, որի բացարձակ հասանելիությունը կարող է անցանկալի հետևանքների բերել: Հետևաբար, շատ կարևոր է, որ ծնողը վերահսկի համացանցից եկող տեղեկատվական հոսքը՝ հաշվի առնելով նաև երեխայի տարիքային առանձնահատկությունները՝ օրինակ, եթե երեխան մուլտֆիլմ է դիտում, ցանկալի է դա անի երեխայի հետ միասին:

Իսկ ի՞նչ անել, եթե երեխան, այնուամենայնիվ, համացանցում ենթարկվել է վտանգի, սխալվել է: Լիովին արգելել համացանցից օգտվե՞լ, թե՞ դիմագրավել վտանգին: Տաթևիկ Վարդանյանը խորհուրդ է տալիս պատրաստ լինել աջակցելու, վտանգներն ու հետևանքները քննարկելու, երեխային, դեռահասին դեմ առ դեմ վտանգի հետ չթողնելու:

Մեդիագրագիտության, համացանցը սահմանափակելու, այն իրական կյանք բերելու և այլնի մասին կարող եք ծանոթանալ դիտելով տեսանյութը:


Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսական աջակցությամբ: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ֆինանսավորող կողմի տեսակետներն ու քաղաքականությունը:

Նույնաբովանդակ այլ նյութեր