Առողջ մտքեր՝ ներդաշնակ կյանք․ հոգեկան առողջությունը՝ գերակայություն
Մարդկության պատմության գրեթե ամբողջ ընթացքում ծնողների գերխնդիրը եղել է երեխաների ֆիզիկական պահանջմունքների բավարարումը՝ սնունդ, տուն, հագուստ և այլն: Գուցե պահանջմունքների բուրգում ֆիզիկականն առաջին տեղում է, բայց երեխաները, բացի ֆիզիկականից, ունեն նաև հոգեբանական՝ այսպես ասած «անտեսանելի» պահանջմունքներ։
Հոգեբան Դավիթ Գևորգյանի հետ զրուցել ենք հոգեկան առողջության կարևորության և հոգեպես առողջ երեխա դաստիարակելու մասին։ Երեխայի հոգեկան առողջությունը փորձությունների չենթարկելու համար բավական է հետևել մի քանի պարզ կանոնի:
Պայման առաջին. ապահովեք խաղա՛ղ մթնոլորտ և կայուն միջավայր: Երեխայի հոգեկան առողջության կարևորագույն գրավականն այն է, երբ երեխայի հիմնարար հուզական պահանջմունքները բավարարվում են ընտանիքում։ Կարևոր է նկատել երեխայի հուզական պահանջմունքները, զգայուն փուլի ի հայտ գալու շրջանը, և տեսնել՝ արդյոք կարողանում ենք բավարարել երեխայի այդ պահանջմունքը ևս։ Սա չի ենթադրում երեխային տալ բոլոր հնարավոր խաղալիքները, այլ լինել հնարավորինս արձագանքող երեխայի կարիքին՝ աշխարհը հետազոտելու, ապահով զգալու, ջերմություն տալու և ստանալու պահանջմունքներին։ Անկախ նրա տարիքից՝ երեխայի հետ հաղորդակցվելու կարողությունը շատ կարևոր է ընտանիքում։
Պայման երկրորդ. բացառե՛ք ֆիզիկական բռնությունը: Ի դեպ, ոչ միայն երեխաների, այլ նաև ընտանիքի մյուս անդամների ու կենդանիների հանդեպ։ Ֆիզիկական բռնությունը միայն վնասում է երեխային՝ ձևավորելով կա՛մ ագրեսիվ, կա՛մ ինքնամփոփ, սեփական ուժերին և արժանիքներին չհավատացող մարդ: Կարևոր է հիշել և այն, որ երեխայի առողջ աճի ու զարգացման համար առաջնային է նաև ապահովության պահանջմունքը: Ծեծը զրկում է երեխային ապահովության զգացումից: Չկա ապահովություն՝ չկա հոգեկան ներդաշնակ վիճակ:
Պայման երրորդ. օգնե՛ք երեխային ճանաչել սեփական հույզերը: Ընտանիքում ստեղծեք միջավայր, ուր երեխան չի ամաչի, չի վախենա ցույց տալ իր ապրումները: Մի՛ ծաղրեք, մի՛ պիտակավորեք, մի՛ կաշկանդեք ձեր երեխային, երբ նա ցանկանում է լաց լինել, ջղայնությունից բարձր գոչել, ուրախությունից՝ պարել։ Դուք էլ մի թաքցրեք ձեր ապրումները:
Պայման չորրորդ. հարգե՛ք երեխայի կարծիքը, թո՛ւյլ տվեք արտահայտվել: Երեխան մարդ է, անհատ, որ գտնվում է ձևավորման ճանապարհին, բայց դա նրան չի դարձնում պակաս կարևոր, դա չի արժեզրկում նրա կարծիքը: Հատկապես դեռահասության տարիքում, երբ շատ հեշտ է մեկ նախադասությամբ կտրել ծնողին և երեխային կապող վստահության թելը, անչափ կարևոր է լսել երեխային, հարգել նրա կարծիքը, խորհուրդ հարցնել նրանից: Կարևոր է, որ ծնողը լինի լսող, և հստակ ցույց տա, որ նա հարգում է երեխայի կարծիքը, չնայած գուցե համաձայն չի նրա հետ։
Պայման հինգերորդ. հարգե՛ք երեխայի անձնական տարածքը: Երբեմն դա կարող է դրսևորվել ամենաուղիղ իմաստով՝ երեխան ուզում է մենակ մնալ, երեխան ուզում է միայնության մեջ գիրք կարդալ, երաժշտություն լսել, երեխան ունի գաղտնիքներ և այլն: Սա բնական է․ ծնողը նույնպես հաճախ ուզում է մենակ մնալ, գոնե կես ժամ ոչ մեկի ձայնը չլսել: Եթե մտահոգ եք, որ գուցե մի վատ բան է եղել, հարմար պահի մոտեցեք ու խոսեք՝ փորձելով ընտրել բառեր, որոնք չեն ստիպի երեխային ավելի փակվել
Ի՞նչ չի կարելի անել
Չի կարելի անտեսել երեխաների պահանջմունքները, նրա անձը և նախաձեռնողականության ձգտումը: Շատ հաճախ, երբ երեխան նախաձեռնում է կամ ցանկանում է որևէ բան անել, որը միանգամայն հարիր է իր տարիքին և ընդունակություններին կամ նույնիսկ չի տեղավորվում իր տարիքի և ընդունակությունների շրջանակում՝ մեծահասակները միանգամից արգելակողի դեր են ստանձնում՝ չի կարելի ,չես կարող, կվնասես, կվնասվես...
Երբեմն այդ սահմանափակումները միանգամայն տեղին են ու արդարացված, բայց դա չպետք է արվի երեխայի՝ սեփական ընդունակությունները զարգացնելու ցանկության հաշվին:
Երեխայի նախաձեռնողականությունը «զսպելու» համար նրան կարող են ամաչեցնել, հեգնել և նույնիսկ ագրեսիվ կերպով արգելել, այնինչ կարելի է խոսել, բացատրել, լսել և գալ համաձայնության: Խնդիրը մոտեցման մեջ է․ կարևոր է ուշադիր լինել, թե ինչպես ենք դնում սահմանափակումները:
Ինչ վերաբերում է դեռահասներին․
Դեռահասի ծնողը նախևառաջ պետք է հասկանա, որ սա անցումային և ճգնաժամային փուլ է, երբ անձը ո՛չ երեխա է, ո՛չ մեծահասակ, ուստի նրանից կարելի է ակնկալել ինչպես երեխայական մտքեր ու գործողություններ, այնպես էլ՝ մեծերին բնորոշ: Պետք է դեռահասին օգնել անցնել փոթորիկների միջով և դառնալ ինքնուրույն և ինքանավար։ Հետևաբար, դեռահասության շրջանում կարևոր է, որ ծնողը նույնպես փոխի իր մոտեցումները։
Այս շրջանում դեռահասները սկսում են նոր պահանջմունքներ ձևավորել։ Նրանք, որպես կանոն, ձգտում են միանալ իրենց հասակակիցների խմբերին, նրանց համար կարևոր է հասակակիցների կողմից ընդունված լինելը: Այս շրջանում նկատվում է ընտանիքից, ծնողներից որոշակի մեկուսացում: Շատ ծնողների դա վիրավորում է՝ դու էլ մեզ չես սիրում, մի ժամանակ մեզ հետ շատ ժամանակ էիր անցկացնում, պատմում էիր ամեն ինչ, իսկ հիմա՝ ոչ: Այսօրինակ մոտեցումը դեռահասին ստիպում է մեղավոր զգալ մի բանի համար, ինչն իրականում օրինաչափություն է:
Ավելին, եթե դեռահասն այդ տարիքում չի ունեցել ընդվզումներ, ներփակվելու ցանկություն, ապա մեծ է հավանականությունը, որ ապագայում նա կունենա խնդիրներ (ուշացած դեռահասություն): Պետք է հարգել դեռահասի տարածքը, գաղտնապահության կարիքը, սեփական հարցերն ինքնուրույն լուծելու պահանջմունքը:
Պետք է պատրաստվել ծնող լինելուն, իսկ դեռահասության փուլին՝ հատկապես։ Կարևորը դեռահասին տալ այն զգացողությունը, որ նա ընդունված է ծնողի կողմից։
Ինչպես հասկանալ, որ մասնագետին դիմելու կարիք կա, որ երեխայի հոգեկան առողջությունը վտանգված է:
Մասնագետին դիմելու ահազանգ-նշանները երկու տիպի են՝ վարքային և հուզական: Այդ նշաններից են.
- Ագրեսիան
- Քնի խանգարումները
- Ախորժակի խանգարումները
- Վախերը և տագնապները
- Չափազանց ամաչկոտությունը
- Տրամադրության տատանումները
Այս բոլոր նշանները, այս կամ այն չափով, սպասելի ու բնական են, հատկապես՝ դեռահասության փուլում, և արդեն ծնողը պետք է զգա, թե երբ է չափն անցնում. երբ է ամաչկոտությունը չափազանց, երբ են տրամադրության տատանումները չափից դուրս ակնառու և հաճախակի, երբ են վախերն ու տագնապներն այն աստիճանի, որ դրանք հենց այդպես թողնել չի կարելի:
Պետք է նաև հաշվի առնել կոմունիկացիոն խնդիրները
- Երբ երեխան դժվարանում է հարաբերություններ կառուցել
- Ունի թերարժեքության բարդույթ
- Անհանդուրժող է:
Երբ երեխայի մի տեղը ցավում է, սովորաբար դիմում ենք մասնագետին։ Սակայն, հաճախ նկատելով հոգեբանական խնդիրների նշաններ, կարծում ենք՝ «մեծանա, կանցնի»։ Մինչդեռ աչքաթող անելով՝ հետագայում բախվում ենք ավելի լուրջ խնդիրների։
Հոգեկան առողջության խնդիրների մասին ահազանգող այս նշանները կարող են ներկայում մեծ խնդիրներ չառաջացնել, սակայն սրանք հեռահար տեսանկյունից շատ ավելի մեծ ազդեցություն ունեն անձի ձևավորման վրա։
Կարևոր է նկատել այս նշանները, չարժեզրկել դրանք և արձագանքել դրանց՝ թեկուզ մեկ անգամ հոգեբանի հետ խորհրդակցելով։
Դիտե՛ք ամբողջական հարցազրույցը
Նյութը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվորպական Միության տեսակետները։