Մշտական ատամների ծկթում, լնդերի բորբոքում, վնասված ատամի բուժում
Մշտական ատամների ծկթում, լնդերի բորբոքում, վնասված ատամի բուժում
Ատամների խնամքը բազմատարր հասկացություն է, որը ներառում է մի շարք պայմաններ՝ սննդակարգից մինչև հիգիենա, հավանական խնդիրների պրոֆիլակտիկայից մինչև գրագետ բուժում: Այս նյութում կարևոր տեղեկություններ կգտնեք 6-12 տարեկան երեխաների մշտական ատամների ծկթման, լնդերի բորբոքման և վնասված ատամների բուժման մասին:
Ե՞րբ են ծկթում մշտական ատամները (օրինաչափություններ և անհանգստության առիթ)։
Ի՞նչ է լնդի գերաճն ու ինչպիսի խնդիրներ կարող է առաջացնել։
Ի՞նչ անել երեխաների ատամների վնասվածքների դեպքում։
Ե՞րբ են ծկթում մշտական ատամները (օրինաչափություններ և անհանգստության առիթ)։
մշտական ատամները ծկթում են 6-12 տարեկանում։ Այս ժամանակահատվածում շարժվող կաթնատամները, բացակայող ատամները, ինչպես նաև ծկթող մշտական ատամները կարող են դժվարացնել բերանի խոռոչի հիգիենայի պահպանումը, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել կարիեսի առաջացման։ Նոր ծկթած մշտական ատամները հատկապես ունեն պաշտպանության և խնամքի կարիք։ Ուշադիր պետք է լինել առաջին մշտական ծամիչ ատամի՝ 6-րդ ատամի ծկթման ժամանակահատվածում (մոտավորապես 6 տարեկանից)։ Այդ ատամի ծկթումը չի համընկնում նույն ժամանակահատվածի հետ, երբ ընկնում կամ հեռացվում է կաթնատամը և երբեմն անուշադրության է մատնվում՝ համարվելով կաթնատամ։ Դա վտանգավոր է այն իմաստով, որ ախտահարված լինելու դեպքում ատամը ժամանակին չի բուժվի։ Հատկապես ծկթելու գործընթացում, երբ 6-րդ ատամը դեռ գտնվում է կաթնատամներից ցածր մակարդակի վրա, հիգիենայի ապահովումը ավելի է դժվարանում, հետևաբար բարձրանում է կարիեսի հավանականությունը։
Կաթնատամի ընկնելուց հետո սովորաբար որքա՞ն ժամանակ հետո է ծկթում հիմնական ատամը։ Որքա՞ն սպասել, ե՞րբ անհանգստանալ։
Ատամները, սովորաբար, սկսում են փոխվել 5-6 տարեկանից: Գործընթացը շարունկավում է մինչև 12 տարեկանը՝ բացառությամբ իմաստության ատամների, որոնք ավելի ուշ են ծկթում (18-25 տարեկանում)։ Իմաստության ատամները կարող են նաև չծկթել սաղմի բացակայության, ծնոտում տեղի սակավության և այլ պատճառներով:
Մշտական ատամների «ուշացումը» կարող է կապված լինել ծնոտում տեղի սակավության հետ: Սովորաբար, դա լինում է կաթնատամների վաղաժամ հեռացման պատճառով՝ հարևան կաթնատամը թեքվում է դեպի բացակայող կաթնատամի տեղը, ինչն էլ խոչընդոտում է հիմնական ատամի ծկթմանը։
Խնդիրը կարող ենք կանխարգելել՝ տեղադրելով <<տեղի պահպանիչ>>, որը հենվելով հարևան ատամներին պահպանում է համապատասխան տարածությունը մինչև մշտական ատամի ծկթումը։ Կարող է լինել նաև ռետենցված կամ կիսառետենցված ատամ, այսինքն՝ ատամ, որը կա, բայց չի ծկթում (օրինակ՝ իմաստության ատամ)։
Ծկթման ժամկետների խնդիրներից խուսափելու համար, նախքան կաթնատամի հեռացումը, ցանկալի է կատարել ռենտգեն ախտորոշում մշտական ատամի սաղմի դիրքը և վիճակը գնահատելու համար և հետո միայն պլանավորել հեռացումը:
Իմաստության ատամների ծկթումը երբեմն կարող է ընթանալ ցավային զգացողությամբ։ Պատճառները մի քանիսն են։ Բերանի խոռոչում իմաստության ատամների տեղադրության (ամենահետին) պատճառով դժվարնում է այդ ատամների հիգիենայի պահպանումը, հետևաբար՝ նույնիսկ դեռ ամբողջովին չծկթած իմաստության ատամը կարող է ախտահարված լինել կարիեսով։ Դրա հավանականությունը մեծանում է, երբ կիսածկթած իմաստության ատամը ծածկված է լինում լնդային թիկնոցով։ Ծածկող լնդի և իմաստության ատամի միջև տարածությունը սննդի կուտակման և ոչ լիարժեք մաքրման պատճառով դառնում է բակտերիաների կուտակման օպտիմալ միջավայր։ Դա հանգեցնում է ամբողջությամբ չծկթած իմաստության ատամի կարիեսով ախտահարման, ինչպես նաև ծածկող լնդի մեխանիկական վնասման հետևանքով` լնդի բորբոքման։ Այս դեպքերում ցուցված է կատարել ծածկող լնդի հեռացում, իմաստության ատամի բուժում կամ ավելի հաճախ՝ ատամի հեռացում, ըստ տվյալ կլինիկական դեպքի ցուցումների։
Ի՞նչ է լնդի գերաճն ու ինչպիսի խնդիրներ կարող է առաջացնել։
Դեռահասության շրջանում (աղջիկների դեպքում՝ 12-14տ-ում, տղաների՝ ավելի ուշ) հանդիպող հորմոնալ, ինչպես նաև նյութափոխանակության փոփոխությունները, կարող են հանգեցնել լնդի գերաճի։ Դեռահասության շրջանում լնդի գերաճն ունի լնդի քրոնիկական բորբոքային հիվանդություններին բնորոշ նշաններ, սակայն ավելի վառ արտահայտվածությամբ։ Ատամնափառով պայմանավորված տարբեր աստիճանի արտահայտվածության և չափերի հասնող գերաճը հասունացման շրջանն անցնելուց հետո նվազում է ծավալով, սակայն կարող է չանհետանալ։
Լնդերի բորբոքումը չբուժելու պարագայում բորբոքային պրոցեսը տարածվում է նաև շուրջատամնային հյուսվածքների, ոսկրի վրա՝ առաջացնելով այդ հյուսվածքների բորբոքում՝ պարօդոնտիտ։
Հիմնականում դեռահասության շրջանում հանդիպող շուրջատամնային հյուսվածքների բորբոքման տեսակ է ագրեսիվ պարօդոնտիտը։ Ի տարբերություն մեծահասակների շուրջատամնային հյուսվածքների բորբոքման, այս մեկին բնորոշ է հիվանդության սրընթաց զարգացումը։ Նույնիսկ քիչ քանակությամբ ատամնափառի առկայության դեպքում՝ տարբեր պատճառներով օրգանիզմի դիմադրողականության անկման հետևանքով, ագրեսիվ պարօդոնտիտն ընթանում է շուրջատամնային հյուսվածքների մեծ քանակի կորստով:
Եթե նկատել եք երեխայի լնդերի հետ կապված խնդիրներ և հակասեպտիկներով ողողումներն օգուտ չեն տալիս, պետք է անհապաղ դիմել պարօդոնտոլոգին:
Ի՞նչ անել երեխաների ատամների վնասվածքների դեպքում։
Այս տարիքային խմբի երեխաները հաճախ են ունենում դեմքի փափուկ հյուսվածքների, ինչպես նաև ատամների վնասվածքներ։ Դա պայմանավորված է երեխաների ակտիվ ապրելակերպով՝ ակտիվ խաղեր, սպորտային խմբակներ և այլն։ Հանդիպում են ատամների տարատեսակ վնասվածքներ՝ կոտրվածքներ, հոդախախտեր, հազվադեպ նաև՝ ծնոտի կոտրվածքներ:
Եթե պատահարից հետո երեխան կորցրել է գիտակցությունը կամ սրտխառնոց ունի, ապա պետք է անմիջապես զանգահարել շտապօգնություն կամ դիմել մանկաբույժի/ընդհանուր բժշկի։ Եթե բացակայում են ընդհանուր ախտանշանները և ունենք ատամների վնասվածքներ, ապա հետևում ենք ստորև նկարագրված ցուցումներին։
ՈՒշադիր պետք է լինել հատկապես մշտական ատամների վնասվածքների դեպքում (ավելի հաճախ վնասվում են կտրիչները)։ Պետք է հնարավորինս շուտ դիմել ստոմատոլոգի, ինչն էական նշանակություն կունենա ատամի պահպանման կամ բուժման գործում։
Եթե կոտրվել է մշտական ատամի մի մասը, ամբողջական ատամն է ենթարկվել հոդախախտի կամ ընկել է, ապա հնարավոր է ստացվի ամրացնել այդ մասնիկը, իսկ դուրս եկած ատամն իր տեղը դնել (վնասված կաթնատամները հետ չեն դրվում)։
Ինչպե՞ս վարվել ատամի վնասվածքների դեպքում․
- Անմիջապես գտնել ատամի կոտրված մասնիկը կամ ատամը։
- Ատամը պահել սառը կաթի կամ ֆիզիոլոգիական լուծույթի, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հասարակ ջրի մեջ կամ երեխայի բերանում։
- Կարևոր է նաև ձեռք չտալ ատամի արմատային հատվածին, բռնել միայն պսակային հատվածից և ոչ մի դեպքում չմաքրել ատամը։
- 1 ժամվա ընթացքում ատամը պետք է տեղադրվի բերանի խոռոչում։
- Եթե ատամը բերանի խոռոչում է, սակայն թեքվել է իր դիրքից կամ ավելի երկար/կարճ է թվում, քան մինչև պատահարը, ապա պետք է շտապ դիմել ստոմատոլոգի։