Ի՞նչ է ազատ խաղը, և ինչու՞ պետք է այն խրախուսել տանը
Խաղային ժամանցը միայն զվարճանալու համար չէ, այլև սովորելու: Երբ ձեր փոքրիկը ոտանավոր է կրկնում, նա աշխատում է լեզվի զարգացման հմտությունների վրա: Ձեր երեխան սիրու՞մ է գնդակ նետել օդ ու բռնել այն: Նա կառուցում է իր մեծ-շարժողական և ձեռքի-աչքերի համակարգման կարևոր հմտությունները:
COVID-19 համաճարակի ընթացքում շատ երեխաներ զրկվել են իրենց ընկերների և դասընկերների հետ խաղալու հնարավորությունից, ինչը անհարժեշտ է նրանց զարգացման համար: Չնայած երեխաների համար կարևոր է շփվել իրենց հասակակիցների հետ, ինքնուրույն խաղալը նույնպես օգուտներ ունի: Թեմայի շուրջ զրուցել ենք BRAC կրթության զարգացման ինստիտուտի փորձագետներ Սայեդա Սազիա Զամանի և Ֆերդուսի Խանոմի հետ, քննարկել, թե ինչպե՞ս կարող են ծնողները խրախուսել երեխաների ազատ խաղը, և ինչո՞ւ նրանք պետք է դա անեն:
Ինչո՞ւ է խաղն այդքան օգտակար երեխաների համար:
«Երեխայի զարգացման հիմքում խաղն է», - բացատրում է Զամանը: Խաղի միջոցով փորձ են ձեռք բերում և ուսումնասիրում են իրենց շրջապատող աշխարհը. նրանք բացահայտում են իրենց ֆիզիկական միջավայրը, արտահայտում են սեփական հույզերը: Խաղալիս նաև սեփական բառապաշար են ձևավորում: «Խաղը շատ բնական է ամբողջ աշխարհի երեխաների համար», - ավելացնում է Խանոմը: «Դա իսկապես կարևոր գործիք է երեխաների ճանաչողական, ֆիզիկական, սոցիալական և հուզական զարգացման, ինչպես նաև նրանց երևակայության և ստեղծագործական զարգացման համար»:
>> Տեղեկացեք, թե ինչպե՞ս առօրյա գործերը վերածել զվարճալի խաղային պահերի՝ նպաստելով երեխայի ուսուցմանն ու ուղեղի զարգացմանը
Ի՞նչ է ազատ խաղը:
Ազատ խաղն այն է, երբ երեխաները կարող են խաղալ այնպես, ինչպես ուզում են: «Նրանք կարող են ընտրել ամեն ինչ. նրանք ազատ են ընտրելու իրենց խաղի նյութերը, հետաքրքրության տարածքը և նույնիսկ սյուժեն», - բացատրում է Զամանը: Ազատ խաղաժամանակի ընթացքում երեխաները կարող են ինքնադրսևորվել, իրենց շուրջ ստեղծելով այն ինչն իրենց է հետաքրքիր՝ կախված օրից, ժամից և իրավիճակից, որում գտնվում են: «Այս տեսակի հնարավորությունները շատ կարևոր են երեխաների համար», - ասում է Խանոմը:
Յուրաքանչյուր երեխա եզակի է և ունի ինքնադրսևորման ուրույն ձև: «Դուք կարող եք ունենալ երեխա, որը սիրում է նկարել, բայց ձեր մյուս երեխան կցանկանա միայն գլուխկոտրուկներ լուծել: Յուրաքանչյուր երեխա ունի իր ստեղծագործական արտահայտման յուրահատուկ եղանակը», - բացատրում է Խանոմը:
Ո՞րն է ազատ խաղի օգտակարությունը երեխաների համար:
«Երբեմն լավ է, որ երեխաները մենակ կամ ինքնուրույն խաղան, քանի որ նրանք կարող են ավելի ստեղծագործ լինել, երբ ինքնուրույն են խաղում», - ասում է Խանոմը: Երբ երեխան մենակ է խաղում, նա զբաղվում է իրենով՝ օգտագործելով իր երևակայությունը և «շատ վաղ մանկությունից նրանք անկախ են», - ասում է Զամանը: Վաղ տարիքում անկախություն ձևավորելն օգտակար է հետագա կյանքի ընթացքում:
Ազատ խաղը կարևոր է նաև խնդիրների լուծման հմտությունները սովորելու համար: «Խաղի ընթացքում նրանք կարող են փորձել գտնել խնդրի լուծումը, կամ սեփական լուծումն առաջարկել: Նրանք պետք է արտահայտեն իրենց մտածելակերպը: Այդ հմտությունները զարգանում են, երբ երեխան ինքնուրույն է խաղում», - բացատրում է Խանոմը:
Ո՞ր տարիքից ծնողները պետք է թույլ տան իրենց երեխաներին ազատ խաղալ:
Ազատ խաղը երեխաների համար հնարավորություն է ստեղծում յուրովի ուսումնասիրել սեփական աշխարհը և օգնում է խթանել ստեղծագործելու ունակությունն ու օգտագործել երևակայությունը, ուստի Խանոմն ու Զամանը խորհուրդ են տալիս սկսել վաղ տարիքից: Ծնողները պետք է խրախուսեն մանկահասակ և նախադպրոցական տարիքի երեխաներին կանոնավոր կերպով զբաղվել ազատ խաղով: Համարժեք հսկողության դեպքում ազատ խաղի հնարավորություն կարելի է տալ նույնիսկ 6 ամսական երեխաներին:
Ինչպե՞ս կարող են ծնողները խրախուսել ազատ խաղը տան պայմաններում:
Չնայած ազատ խաղը ենթադրում է լիարժեք անկախություն, ծնողները կարող են աջակցել և խրախուսել իրենց երեխաներին՝ ստանալու զվարճալի, խաղային ուսուցման փորձ:
Համոզվե՛ք, որ ձեր երեխան խաղալու համար ունի անվտանգ տարածք: Ազատ խաղալիս երեխաները պետք է հնարավորություն ունենան ուսումնասիրելու և ինքնուրույն կատարելու շատ բաներ՝ վստահություն և անկախություն ձեռք բերելու համար: Այնուամենայնիվ, կարևոր է համոզվել, որ երեխան խաղում է ապահով միջավայրում: Մաքրեք խաղադաշտը ցանկացած հավանական վտանգներից և հետևեք ամբողջ խաղի ընթացքում` որպեսզի համոզված լինեք, որ ձեր փոքրիկը անվտանգ է խաղում:
Լսե՛ք ձեր երեխային:
Հարցրեք ձեր երեխային. «Ի՞նչ ես ուզում անել այսօր»: Հիմնվելով նրա արձագանքի վրա՝ օգնեք ստեղծել այն միջավայրը, որտեղ նա կկարողանա բացահայտել իր հետաքրքրությունները: Օրինակ, եթե նա ցանկանում է տուն կառուցել, դուք կարող եք աջակցել՝ տրամադրելով նյութեր և աշխատելու համար ապահով տեղ: Մտածեք ձեր երեխայի համար անհրաժեշտ նյութերի մասին, ապա նայեք ձեր տան շուրջը` տեսնելու, թե ինչն է հասանելի: Մի վախեցեք ստեղծագործ լինել: Օրինակ, եթե երեխան ցանկանում է գլուխկոտրուկ հավաքել, իսկ տանը չունեք, օգտագործեք նկար կամ օրացույց, կտրեք այն մասերի, որպեսզի փոքրիկը հավաքի դրանք:
Ընթացքում որոշակի ցուցումներ և հուշումներ տվեք: Երբ ձեր երեխան բախվում է խնդրի, դուք կարող եք օգնել նրան, ուղղորդել դեպի լուծում՝ հարցնելով «Ի՞նչ ես ուզում անել: Ինչպե՞ս կարող ենք լուծել այս խնդիրը»: Ինչպես բացատրում է Զամանը, «Մեծահասակները չպետք է ամեն ինչ անեն երեխայի համար: Մենք պարզապես պետք է որոշ ցուցումներ կամ աջակցություն ցույց տանք՝ ուղղորդելով, որ երեխաներն ինքնուրույն մտածեն և ինքնուրույն գործեն»:
Դարձրեք այն /ազատ խաղը/ կապ ստեղծող գործունեություն:
Այն փաստը, որ ձեր երեխան ինքնուրույն է խաղում, չի նշանակում, որ դուք չեք կարող ներգրավվել: Եթե երեխան ցանկանում է խաղալ ձեզ հետ, մինչ դուք զբաղված եք աշխատանքով, փորձեք խոսել նրա հետ մի բանի մասին, որը նա կարող է անել ինքնուրույն, իսկ հետո, երբ նա կավարտի, կարող եք միասին քննարկել, թե ինչ է ստացվել: Խանոմը, հաճախ, այսպիսի մոտեցում է ցուցաբերում իր սեփական դստերը. «Ես հարցնում եմ նրան. Կարող ե՞ս պատմություն գրել: Ես գիտեմ, որ նա դեռ չի գրում պատշաճ կերպով, բայց այն, ինչ գրում է, լավ է: Հետո նա ինձ համար բարձրաձայն կարդում է գրածը»: Նման մոտեցում որդեգրելով դուք կօգնեք ձեր երեխային ներգրավվել տարբեր գործընթացներում, որտեղ նա կարող է ինքնուրույն խաղալ:
Այս հոդվածին աջակցեց LEGO հիմնադրամը: Խաղի միջոցով սովորելու զվարճալի գաղափարների համար այցելեք PLAYLIST:
Հարցազրույցը՝ Մենդի Ռիչի, ՅՈՒՆԻՍԵՖ