
Տղաների սեռահասունացման օրինաչափություններն ու ահազանգ համարվող նշանները
Տղաների սեռական հասունացումը մեկն է այն թեմաներից, որոնք մեր հասարակության մեջ համառորեն շրջանցվում են։ Ծնող-զավակ նախապատրաստող զրույցների բացակայությունը, խնդիրների անտեսումը, ուշացած արձագանքը, սեռական օրգանների ոչ պատշաճ հիգիենան բերում են խնդիրների կուտակման, որը կարող է ավարտվել մինչև իսկ տղամարդու անպտղությամբ։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի հետ զրուցել ենք տղաների սեռական հասունացման օրինաչափությունների, սեռական օրգանների հիգենայի, երազախաբության և ահազանգ համարվող նախանշանների մասին։
Տղաների սեռական հասունացումը միատարր չէ․ ցանկալի տարբերակն է, որ հոգեսեռական և մարմնասեռական հասունացումն ընթանան ներդաշնակ։ Եթե, օրինակ, տեսնում եք, որ ձեր երեխայի հասակակից տղաները ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում ու հարցեր են տալիս սեռական օրգանների մասին, իսկ ձեր տղան բացարձակ անտարբեր է, ապա դա կարող է հոգեսեռական զարգացման տեմպի հապաղման վկայություն լինել։ Եվ հակառակը՝ եթե ձեր տղան (իր հասակակիցների համեմատ) չափից շատ հետաքրքրություն է ցուցաբերում սեռական օրգանների, սեռական ակտի նկատմամբ, համացանցում ակտիվ որոնում է թեմատիկ նյութեր, մաստուրբատոր գերակտիվ գործողություններ է ունենում, ապա կա հավանականություն, որ գործ ունենք հոգեսեռական զարգացման տեմպի ակտիվացման հետ։ Երկուսն էլ պաթոլոգիկ են, անհրաժեշտ է դիմել մասնագետի։ Պատճառները կարող են լինել օրգանական, ինչպես նաև կարող են և պայմանավորված լինել տղայի շրջապատով։ Մասնագետը պետք է վերլուծի դրանք և կանոնակարգի, որպեսզի հոգեսեռական և մարմնասեռական հասունացումն ընթանան ներդաշնակ։
ՍԵՌԱՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ
Միջինում, սկսած 11-12 տարեկանից, մեր տարածաշրջանի տղաների մարմնի վրա սկսում են նկատվել սեռահասունացման երկրորդային նշանները՝ մազակալման ինտենսիվացում (նախ թևատակերում, իսկ հետո ցայլքի հատվածում, նաև դեմքի), ձայնի կոշտացում, կոկորդի արտաքին կառուցվածքի փոփոխություն, կոնքի ձևի փոփոխություն, երբ այն ստանում է ավելի տղամարդկային (մասկուլին) նեղ ձև, իսկ ուսագոտին լայնանում է։ Եթե այս նախանշանները բացակայում են մինչև 15-16 տարեկանը, ապա դա ահազանգ է բաց թողած խնդիրների մասին և որ պետք է դիմել մասնագետի։
ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԱ
Սեռական առողջության ոլորտում խնդիր ունեցող որոշ մեծահասակ պացիենտներ, չունեն նույնիսկ բազային գիտելիքներ սեռական օրգանների հիգիենայի մասին, մինչդեռ այն ուղղակիորեն ազդում է սեռական առողջության վրա։ Անչափ կարևոր է դեռահաս տղաների հետ խոսել դրա մասին ու բացատրել, որ անբավարար հիգիենան կարող է բերել բորբոքային պրոցեսների, կարող է դառնալ ֆիմոզի (վիճակ, երբ առնանդամի գլխիկի մաշկը (թլիպը) անհնար է հետ քաշել գլխիկից) ձևավորման պատճառ, որն էլ հետագայում կարող է խոչընդոտ դառնալ տղամարդու սեռական կյանքով ապրելու համար։
Ի՞նչ է պետք անել։ Նախ հետևել, որ տղաները լոգանք ընդունեն ամեն օր։ Նրանց պետք է սովորեցնել, որ առնանդամը լվանալիս պետք է հետ տանել թլիպի մաշկը և լվանալ, քանի որ այնտեղ կուտակվող սմեգման, ճարպային հյուսվածքները և հեղուկները բարենպաստ միջավայր են միկրոբների զարգացման համար։ Լվանալ պետք է ոչ հակաբակտերիալ, այլ մանկական, կաթնային հիմքով օճառով։
Նաև պետք է բացատրել, որ պարտադիր լոգանքից բացի, երեխան պետք է հավելյալ լվացում անի, եթե ունեցել է երազախաբություն կամ մաստուրբացիա։
ԵՐԱԶԱԽԱԲՈՒԹՅՈՒՆ
Երևույթը թեև կարող է նկատվել նաև օրվա ցերեկային ժամերին, բայց հիմնականում դիտվում է գիշերը՝ քնած ժամանակ։ Բանից անտեղյակ տղային դա կարող է վախեցնել, բարդույթավորել ու ներշնչել, որ իր հետ մի բան այն չէ։ Ուստի կարևոր է խոսել այս երևույթի մասին տղաների հետ մինչև սեռական հասունացման տարիքը։
Պետք է պարզապես բացատրել, որ ինչպես աղջիկներն են ունենում սեռական հասունացման փուլն ազդարարող նշաններ, այնպես էլ տղաները․ պետք չէ վախենալ, պետք չէ անհանգստանալ, քանի որ դա ֆիզիոլոգիական առողջ վիճակի վկայությունն է։ Պետք է պարզապես հետևել հիգիենային, իսկ անհանգստացնող հարցերի պատասխանները ստանալ ծնողներից, այլ ոչ կասկածելի աղբյուրներից։
Ծնողները կարող են չիմանալ որոշ հարցերի պատասխաններ, հոգ չէ՝ խորհրդակցեք մանկաբույժի հետ, անհրաժեշտության դեպքում նա կուղղորդի նեղ մասնագետի մոտ։
Առողջ սեռական կյանքի, առողջ վերարտադրողական կյանքի սաղմերը դրվում են սեռական հասունացման տարիքում, ուստի շատ կարևոր է մեծ ուշադրություն դարձնել տղաների սեռահասունության առանձնահատկություններին, հորմոնալ փոփոխություններին։
Ոչ շատ պոպուլյար օրինակ դիտարկենք։ Ապացուցված է, որ սեռական հասունացման տարիքում տարած խոզուկ հիվանդությունը կարող է հանգեցնել ազոոսպերմիայի (ֆիզիոլոգիական վիճակ է, երբ սերմնահեղուկում բացակայում են սպերմատոզոիդները, ինչն էլ կարող է հանգեցնել անպտղության և սեռական ֆունկցիայի այլ խնդիրների)։ Հետևություն, տղաները՝ պատվաստումների ազգային օրացույցի համաձայն, պետք է ստանան խոզուկի դեմ պատվաստում նաև այդ խնդրից խուսափելու համար։
ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԽՆԴԻՐՆԵՐ
Աշխատանքային պրակտիկայում հաճախ ենք հանդիպում դեպքերի՝ զննում ենք սեռահասունության տարիքի հասած տղային ու հայտնաբերում, որ փոշտում չկան ամորձիներ (դատարկ փոշտի համախտանիշ)։ Այդ խնդիրը հնարավոր էր նկատել նույնիսկ նորածնային շրջանում, մեկ տարեկանում։ Հաճախ հանդիպող խնդիրներից է գերշարժուն ամորձիները, երբ ամորձիները բարձրանում են աճուկային խողովակ, երբեմն նաև որովայն, որտեղ ջերմաստիճանը զգալի բարձր է, ինչը խոչընդոտում է սերմնառաջացման պրոցեսներին։
Խնդիրների մեկ այլ խումբ է սպառնում տղաների մարնի ավելորդ քաշը։ Արտահայտված ճարպային հյուսվածքը խոչընդոտում է սեռական հորմոնների ակտիվացմանը, ինչն էլ կարող է դառնալ տեստոստերոնի անբավարարության պատճառ, որն էլ իր հերթին կարող է բերել սեռական օրգանների հետագա զարգացման խնդիրների, վերարտադրողական ֆունկցիոնալ ակտիվության խնդիրների, հոգեսեռական զարգացման խնդիրների և այլն։
Այս և մի շարք այլ բարդություններից կարելի է խուսափել կամ հայտնաբերել վաղ և առանց մեծ ջանքերի հաղթահարել, եթե որդեգրեք պոլիկլինիկա առողջ այցեր կատարելու սովորույթը։ Տարին մեկ անգամ, երեխայի հետ, այցելել մանկաբույժին, պատմել ձեր մտահոգությունների մասին, թույլ տալ, որ երեխան խոսի (հարցեր տա մասնագետին) իրեն անհանգստացնող երևույթների մասին․ մանկաբույժը կուղղորդի նեղ մասնագետների մոտ, ինչը թույլ կտա կա՛մ ցրել կասկածները, կա՛մ վաղ հայտնաբերել խնդիրն ու լուծել այն՝ թույլ չտալով, որ այն, ինչ հաղթահարելի է այսօր՝ տարիներ անց վերածվի անուղղելի կամ շատ մեծ ջանքեր ու ժամանակ պահանջող խնդրի։
Զրույցն ամբողջությամբ դիտել ստորև՝