Երկրորդ եռամսյակի ուղեցույցը
Ձեր ինքնազգացողությունը
Յուրաքանչյուր կին տարբեր է և յուրաքանչյուրի հղիություն տարբեր կերպ է ընթանում, բայց հղի կանանցից շատերը երկրորդ եռամսյակի ընթացքում իրենց ավելի լավ են զգում, քան առաջին եռամսյակի ընթացքում: Հուսով ենք, դուք կսկսեք նկատել, որ ավելի քիչ սրտխառնոց ու հոգնածություն եք զգում երկրորդ եռամսյակում:
Ընդհանուր ախտանիշներ
Չնայած ոչ մի հղիություն միանման չէ, սակայն, որոշ ախտանիշներ, կարող են ընդհանուր լինել երկրորդ եռամսյակի ընթացքում: Դրանք են.
- Դաստակային թունելի համախտանիշ – ձեռքի թմրածություն, ծակոցներ կամ թուլություն
- Մաշկի վրա՝ պորտից մինչև հեշտոցային մազածածկի սկզբնագիծ անցնող գիծ
- Դեմքի մաշկին բնականից մուգ բծեր
- Մեջքի ստորին հատվածի և կոնքային ցավեր
- Արեոլաների մգացում
- Հղիազոլեր:
Մայրիկի ինքնախնամք
Երկրորդ եռամսյակում դուք կսկսեք նկատել մարմնի ավելի մեծ փոփոխություններ: Այս փոփոխությունների հետ կապված որոշ ցավեր կառավարելու համար փորձեք ստորև նշված մեթոդներից մի քանիսը՝ միայն նախապես քննարկելով դրանք ձեր բժշկի հետ։
- Մեջքի ստորին հատվածի և կոնքային ցավերի համար խորհուրդ է տրվում կանոնավոր վարժություններ կատարել՝ ամբողջ հղիության ընթացքում: Կան բուժման բազմաթիվ այլ տարբերակներ, որոնք կարող են նույնպես օգտագործվել. օրինակ՝ ֆիզիոթերապիան, օժանդակող գոտիները և ասեղնաբուժությունը:
- Դաստակային թունելի համախտանիշի համար հանգստացեք, սառեցրեք և բարձրացրեք ձեր ձեռքն ու դաստակը:
- Հղիազոլերի համար, եթե պատրաստվում եք կրեմ, լոսյոն կամ այլ քսուքներ օգտագործել, սկսեք դա անել հնարավորինս շուտ: Կարևոր է նաև ընտրված նյութը օգտագործել ամեն օր՝ շաբաթներ շարունակ:
Առողջ սնունդը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը առանցքային են երկրորդ եռամսյակի և ամբողջ հղիության համար: Անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ՝ հղիության ընթացքում վարժությունների վերաբերյալ: Եթե նա հաստատում է, ապա շարունակեք կանոնավոր մարզվել, բայց ուժասպառ մի՛ արեք ձեզ: Շարունակեք օգտագործել բազմազան սնունդ՝ համոզվելու համար, որ դուք և փոքրիկը ստանում եք բավարար էներգիա, սպիտակուցներ, վիտամիններ և հանքանյութեր:
Ինչպես է աճում ձեր երեխան
Երկրորդ եռամսյակի ընթացքում շարունակում են զարգանալ փոքրիկի ներքին օրգանները և մարմնի ֆունկցիաները: Այս վճռական շաբաթների ընթացքում փոքրիկի.
- Ոսկորները սկսում են կարծրանալ
- Մաշկը սկսում է հաստանալ
- Ձևավորվում են ոտքերի եղունգները
- Սկսում է ձևավորվել նյարդային համակարգը
- Սկսում է զարգանալ լսողությունը
- Ամբողջովին կազմավորվում է ուղեղի այն հատվածը, որը վերահսկում է շարժումները
- Կոպերը կարող են բացվել և փակվել
- Հարվածներն ավելի ուժեղ են
- Մարսողական համակարգը գործում է
- Թոքերը լիովին ձևավորված են
Պտղի աճը կարող է զգալիորեն տարբեր լինել մի շարք պատճառներով, բայց երկրորդ եռամսյակի սկզբում ձեր փոքրիկը կլինի մոտ 10 սմ, իսկ կշիռը՝ մոտ 28 գ: Երկրորդ եռամսյակի ավարտին աճող փոքրիկի երկարությունը կլինի մոտ 35 սմ, իսկ կշիռը՝ 1-ից 2 կգ:
[Տվյալները՝ Քլիվլենդի կլինիկայից]:
Ե՞րբ դիմել բժշկի
Երկրորդ եռամսյակի ընթացքում դուք պետք է ունենաք նվազագույնը մեկ հանդիպում 20-րդ շաբաթվա ընթացքում, և ևս մեկը՝ մինչև 26-րդ շաբաթը լրանալը:
Ինչին պետք է ուշադրություն դարձնել
Չնայած բոլոր կանայք տարբեր կերպ են տանում հղիությունը, անհրաժեշտ է դիմել բժշկի, եթե զգաք.
- Ուժգին կծկումներ կամ որովայնի ցավ
- 38 ° C- ից բարձր ջերմություն (100 ° F)
- Հեշտոցային արյունահոսություն կամ արտադրություն
- Հանկարծակի կամ ծայրահեղ վքնածություն (փքվածություն)
- Հոտավետ հեշտոցային արտադրություն
- Ցավոտ միզարձակում
- Ուժգին, չթուլացող գլխացավեր
- Արյան փսխումներ
- Շնչահեղձություն
- Սրտի բաբախումների արագացում