Skip to main content
Հետադարձ կապ

Ամառային անախորժություններ․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին կոտրվածքներից, սննդային թունավորումներից, արևահարումից:

Երեխաների համար ամառը չընդհատվող արձակուրդ է՝ անվերջանալի խաղեր, մինչև ուշ երեկո ձգվող զբոսանքներ, հյութալի ու համեղ միրգ, պաղպաղակ, կարմրած թուշիկներ, ոչ մի տնային առաջադրանք․․․ Մեծահասակներն էլ են սիրում ամառը, մինչև այն պահը, երբ երեխաները «բախվում են ամառային անախորժություններին»՝ վնասվածքներ, արևահարում, սննդային թունավորումներ և այլն։ 

Թերևս դժվար է թերագնահատել բակային խաղերի դերը երեխայի առողջության, զարգացման ու սոցիալիզացիայի հարցում: Դրանք պարզապես պարտադիր են: Հիշենք, որ չի կարելի արգելել երեխային բակ իջնել կամ ակտիվ խաղեր խաղալ: Սակայն սա չի նշանակում, որ առհասարակ հետևել պետք չէ՝ իմանալու, թե որտեղ է երեխան, ինչով է զբաղվում, ում հետ է․․․ 
Մեր հոդվածում անդրադառնալու ենք ամենահաճախ հանդիպող ամառային «անախորժություններին» ու պարզելու, թե ինչպես կարելի է կանխարգելել դրանք և ինչպես վարվել խնդրի հետ առերեսվելու դեպքում։ 

Կոտրվածքներ

Տվյալները վկայում են, որ ամռանը մեծանում է վնասվածքներով (վերջույթների, գլխի, պոլիօրգան) երեխաների հոսքը բուժհաստատություններ։ Հիմնականում դրանք առաջանում են խաղի ընթացքում, հեծանվից կամ ինքնագլորից (սամոկատ/սկուտեր), ավտոտնակների տանիքներից վայր ընկնելու հետևանքով, թեև բացառված չեն նաև ավտոմեքենաների մասնակցությամբ պատահարների հետևանք հանդիսացող տրավմաները։

«Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բուժհաստատության մանկաբույժ Ազատուհի Աշոտյանը նշում է, որ տրավմաների դեպքում, ցանկալի է ավելի շատ դաստիարակչական բնույթի աշխատանք տանել երեխաների հետ։ Օրինակ՝ խոսել փողոցը ճիշտ անցնելու, ինքնագլորը կամ հեծանիվը ճիշտ տեղերում վարելու, ավտոտնակների կամ բակային կրպակների տանիքներին չբարձրանալու մասին։ Երեխան պետք է հասկանա հնարավոր ռիսկերն ու հետևանքները… Արդյունքում՝ երեխային հազվադեպ կհայտնվի անախորժությունների մեջ։
Սովորաբար, բակային խաղերի հետևանք են վերջույթների կոտրվածքները, որոնք լինում են երկու տիպի՝ փակ և բաց։ Փակ կոտրվածքը «ճանաչել» միշտ չէ, որ հեշտ է մեծահասակները հաճախ շատ ուշ են գլխի ընկնում, որ կոտրվածք կա։ Տարածված է միֆը, թե կոտրված վերջույթը չի շարժվում։ Իրականում, կոտրված վերջույթը հիմնականում շարժվում է, ուստի դատել այդ չափորոշիչով՝ կա կոտրվածք, թե ոչ՝ ճիշտ չէ։ Փակ կոտրվածքը ախտորոշվում է միայն հիվանդանոցում, հետևաբար եթե միջադեպ է տեղի ունեցել, և երեխան բողոքում է ոտք(երի) կամ ձեռք(երի) ցավից, նրան բուժհաստատություն ներկայացնելը պարտադիր է։ 

Բաց կոտրվածքի դեպքում, որը, բնականաբար, չի կարելի ինքնագլուխ/ինքնուրույն որևէ միջամտություն իրականացնել։ Լավագույն տարբերակը անմիջապես շտապօգնություն կանչելն է: Առաջին օգնության հմուտ «վարպետները» գիտեն, որ կոտրված վերջույթը պետք է անշարժացնել, ցավազրկել երեխաների համար նախատեսված ցավազրկող դեղամիջոցով և անմիջապես ներկայանալ մոտակա բուժհաստատություն։

Եթե արյունահոսություն կա, ապա մաքուր վիրակապով պետք է ճնշել արյունահոսության վայրը։ Ոչ մի դեպքում չի կարելի մշակել կոտրված հատվածը սպիրտային լուծույթներով, օճառաջրով, յոդով․․․ Եթե կեղտոտ (հողոտ) է վերքը, ապա խորհուրդ է տրվում լվանալ այն հոսող ջրի տակ (մոտավորապես մինչև 20 րոպե)։ Սառը ջուրը նաև անոթասեղմիչ հատկություն ունի և կօգնի նվազեցնել արյունահոսության ուժգնությունը։

Հիշե՛ք, որ եթե փորձված չեք, ինքնուրույն ցուցաբերած ցանկացած օգնություն կարող է է՛լ ավելի ծանր հետևանքներ առաջացնել։

ԿԱՐԵՎՈՐ Է եթե երեխան չի ստացել բոլոր պատվաստումները կամ պլանային պատվաստումից անցել է հինգ տարի, ապա հողոտ կոտրվածքը (նաև վերքը) ուղղակի ցուցում է ներկայանալ բուժհաստատություն պատվաստում ստանալու համար։ Սա պետք է արվի Փայտացում կոչվող սուր ինֆեկցիոն հիվանդությունից խուսափելու համար։

Արևահարում

Հատկապես ամռանը, արձակուրդների ընթացքում, դժվար է երեխաներին հետ պահել բակից: Դրսում խաղերը պարզապես անփոխարինելի են, միայն թե ոչ ժամը 12:00-17:00-ն ընկած հատվածում: Եթե այդ ժամերին երեխայի դրսում լինելն անխուսափելի է, ապա պարտադիր է օգտագործել արևապաշտպան քսուք (30 SPF) և ավելի։ Քսուքը պետք է քսել երեխայի մաշկի բոլոր բաց հատվածներին, որտեղ արևի հետ շփում կա։ Նույն տրամաբանությամբ, երեխան պարտադիր պետք է գլխարկ կրի։ Ինչ վերաբերում է արևապաշտպան ակնոցներին, եթե դրանք անորակ (որպես կանոն՝ շատ էժանագին են), ապա ավելի լավ է երեխան առհասարակ չկրի ակնոց։ Արևային ակնոցը պետք է լինի որակյալ, որպեսզի դրա կիրառումը գործնականում օգտակար լինի։ Ինչ վերաբերում է երեխայի հագուստին, ապա ցանկալի է, որ երեխայի հագուստը լինի բնական գործվածքից, նախընտրելի է՝ բամբակից։ 

Պետք է նաև չմոռանալ ջուր խմելու մասին։ Իհարկե, ցանկալի է, որ դրսում գտնվող երեխան ըստ պահանջի ջուր խմի։ Եթե տարածքում ցայտաղբյուր կա, հրաշալի է. չէ՞ որ երեխաները շատ են սիրում ցայտաղբյուրից ջուր խմել, իսկ եթե ոչ, ապա երեխայի հետ կարելի է ջուր դնել, թեև բոլորս գիտենք, որ խաղով տարված երեխան, կարող է տարան գետնին գցել ու կեղտոտել այն կամ ընդհանրապես մոռանալ ջուր խմելու անհրաժեշտության մասին։

Հետաքրքիր փաստ:

Ուսումնասիրություններից մեկը փաստում է, որ եթե դեռահասները բակ իջնելիս կամ սպորտային խմբակ գնալուց մոտավորապես երկու ժամ առաջ խմեն 500-750 միլիլիտր ջուր, իսկ տանից դուրս գալուց անմիջապես առաջ՝ ևս 200-250 մլ, դա պետք է բավականացնի ֆիզիկապես ակտիվ վիճակում գտնվող դեռահասի օրգանիզմի պահանջները և կանխարգելի արևահարության հետևանքով առաջացող ջրազրկման վտանգը։ Հիշենք, որ բոլոր երեխաներին, առավել ևս բակում կամ սպորտային խմբակում ֆիզիկական ակտիվություն դրսևորողներին, խորհուրդ չի տրվում օգտագործել քաղցր, գազավորված, կոֆեին պարունակող ըմպելիքներ։ Դրանք խորացնում են ջրազրկումը և ակտիվացնում ծարավի զգացումը։

Արևահարության բարդություններից մեկն էլ ջրազրկումն է, որի ֆոնին երեխայի մոտ կարող է առաջանալ թուլություն, սրտխառնոց, ջերմության բարձրացում, գլխապտույտ (ընդհուպ մինչև ուշագնացություն)։ Այսօրինակ ախտանշանների դեպքում պարտադիր է դիմել բժշկի:

Սննդային թունավորումներ

Սննդային թունավորումների դեպքերի թիվն ամռանը նույնպես մեծանում է։ Դրանք հիմնականում վիրուսային կամ բակտերիալ ծագում ունեն։ Ամենից հաճախ դրանց սկզբնապատճառը մսամթերք, կաթնամթերք, ձու պարունակող սննդատեսակներն են, ինչպես նաև ոչ ճիշտ մշակման ենթարկված միրգն ու բանջարեղենը։ Այս դեպքերն էլ, իրենց հերթին, բաժանվում են երկու խմբի։ Առաջինն ինքնալավացողն է, երբ դեպքից որոշ ժամանակ անց երեխան կարող է ունենալ սրտխառնոց, փսխել մեկ-երկու անգամ և վերջ։ Լինում են նաև բարդ դեպքեր, երբ առաջանում է հոսպիտալացման, հակաբիոտիկային բուժման անհրաժեշտություն։ 

Նշենք նաև, որ սննդային վարակի պատճառները կարող են տարբեր լինել՝ լավ չլվացած սնունդ, թերի ջերմային մշակման ենթարկված մսամթերք, կեղտոտ ձեռքեր, որոնցով ինչ-որ մեկը դիպչել է անգամ ամենաորակյալ ու թարմ սննդին, երկար ժամանակ սեղանին մնացած սնունդ (հատկապես հաճախ է պատահում քաղաքից դուրս պիկնիկների ժամանակ) և այլն։ Անկախ տարվա եղանակից, պետք է հետևել սննդի պիտանելիության ժամկետին և եթե նույնիսկ այն ուժի մեջ է, բայց սննդի համը, հոտը կամ որևէ այլ բան ձեզ տարօրինակ է թվում՝ մի օգտագործեք, առավել ևս մի տվեք այն երեխաներին։ Մենք՝ մեծահասակներս, սննդի հետ աշխատելիս պետք է հետևենք ձեռքերի, մեր գործողությունների տարածքի ու սպասքի մաքրությանը։

ԿԱՐԵՎՈՐ Է . Ոչ մի դեպքում սառնարանից հանած սնունդը չի կարելի թողնել, որ ինքնուրույն՝ կամաց-կամաց հալչի (հետ գա), դա պետք է անել կա՛մ սնունդը սառցարանից սառնարան տեղափոխելով, կա՛մ միկրոալիքային վառարանում։  

Եվ վերջապես հիշենք, որ ամռանը ձեռքերը պետք է լվանալ առավել հաճախ, ամենաքիչը մեկ րոպե տևողությամբ (փոքրիկներին խորհուրդ ենք տալիս երգել «Տարեդարձ է այսօր»-ը այդ ընթացքում), մի փոքր գոլ ջրով, օճառով, գրեթե այնպես, ինչպես դա անում են վիրաբույժները՝ տրորող, մատների արանքը, եղունգների տակը մաքրող շարժումներով։ Ձեռքերը ճիշտ լվանալու մասին կարող եք կարդալ այստեղ և այստեղ:

Դիտեք մասնագետի հետ ամբողջական զրույցը

 

Նույնաբովանդակ այլ նյութեր