Ինչպես խոսել ձեր երեխայի հետ բուլինգի մասին
Երբ տեսնում եք, որ ձեր երեխան բուլինգի կամ կիբեր-բուլինգի հետևանքով ֆիզիկական և հուզական ցավ է ապրում, դուք խորապես վշտանում եք։
Որոշ ծնողներ չգիտեն ինչպես օգնել իրենց երեխաներին պաշտպանվելու բուլինգից և բռնությունից։ Ոմանք անգամ չգիտեն, թե արդյոք իրենց երեխան զո՞հն է, կողքից դիտո՞ղը, թե՞ նույնիսկ վնասակար վարքագիծ դրսևորողը։
Ահա որոշ խորհուրդներ այն մասին, թե ինչպես սկսեք զրույցն այս թեմայով ձեր երեխաների հետ։
Հիմնական սկզբունքների ըմբռնում
Ի՞նչ է բուլինգը
Սովորաբար բուլինգն բնորոշվում է հետևյալ երեք հիմնական առանձնահատկություններով. մտադրություն, կրկնություն և ուժ։ Բուլինգ գործադրողի նպատակն է ցավ պատճառել ֆիզիկական վնասի կամ վիրավորական խոսքերով և վարքագծով, ինչը նա անում է պարբերաբար։ Տղաների դեպքում առավել հաճախ պատահում է ֆիզիկական բուլինգը, իսկ աղջիկների դեպքում՝ հոգեբանական։
Բուլինգը կրկնվող վարքագիծ է, այլ ոչ թե մեկ առանձին միջադեպ։ Բուլինգի ենթարկող երեխաները սովորաբար ավելի բարձր ընկալվող կարգավիճակ կամ ազդեցություն ունեն, օրինակ՝ խոշորակազմ, ուժեղ երեխաները կամ հանրահայտ համարվողները։
Առավել խոցելի երեխաներն ավելի հավանական է՝ բուլինգի ենթարկվեն: Նրանք, սովորաբար, մարգինալացված համայնքներից են, աղքատ ընտանիքներից, տարբեր գենդերային ինքնություն, հաշմանդամություն ունեցող կամ միգրանտ և փախստական երեխաներ են:
Բուլինգը կարող է տեղի ունենալ ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ առցանց եղանակով։ Կիբերբուլինգը հաճախ է հանդիպում նաև սոցիալական մեդիայում, SMS տեքստային կամ այլ հաղորդագրությունների ձևով կամ ցանկացած այլ հարթակում, որտեղ երեխաները շփվում են: Քանի որ միշտ չէ, որ ծնողները հետևում են, թե ինչ են իրենց երեխաներն անում այս հարթակներում, դժվար է իմանալը, թե երբ է ձեր երեխան նման իրավիճակում հայտնվել։
Ինչու է պետք միջամտել իմ երեխայի՝ բուլինգի ենթարկվելու դեպքում
Բուլինգը երեխաների համար կարող է վնասակար և երկարատև հետևանքներ ունենալ։
Դրա ֆիզիկական ազդեցությունից բացի՝ երեխաները կարող են հուզականև հոգեկան առողջության խնդիրների առաջ կանգնել, ներառյալ դեպրեսիայի և տագնապի, ինչը կարող է հանգեցնել թմրանյութերի չարաշահման և դպրոցում առաջադիմության նվազման: Ի տարբերություն անձնական բուլինգի, կիբերբուլինգն իր զոհին գտնում է ցանկացած վայրում և պահին։ Այն կարող է հիմնավոր վնաս հասցնել, քանի որ շատ արագ մեծ լսարան է գրավում և անդառնալի հետք թողնում բոլոր ներգրավվածների վրա։
Ձեր երեխան ունի անվտանգ, դաստիարակչական դպրոցական միջավայրի կարիք, որտեղ հարգում են նրա արժանապատվությունը։ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայում ամրագրված է, որ բոլոր երեխաներն ունեն կրթության և ֆիզիկական ու հոգեկան բռնության, վնասների և շահագործման բոլոր ձեւերից զերծ լինելու իրավունք։ Այստեղ բուլինգը բացառություն չէ։
Սկսեք կանխարգելումից
Երեխային անվտանգ պահելու առաջին քայլը, լինի դա ֆիզիկական, թե առցանց, նրանց այդ վտանգը բացատրելն է։ Ձեր երեխաներին սովորեցրեք բուլինգի մասին։ Երբ իմանան, թե ինչ է բուլինգը, նրանք կկարողանան ավելի հեշտությամբ հասկանալ այն, անկախ նրանից, թե դա իրենց կամ մեկ ուրիշի հետ է տեղի ունենում։
Ձեր երեխաների հետ խոսեք անկեղծ և հաճախակի։ Ինչքան շատ խոսեք նրանց հետ բուլինգի մասին, այնքան ավելի հեշտ կպատմեն ձեզ դրան ականատես դառնալու կամ անձամբ զգալու մասին։
Երեխաներին ամեն օր հարցրեք իրենց առօրյայից, հարցրեք դպրոցում անցկացրած ժամանակից և առցանց զբաղմունքներից, ընդ որում ոչ միայն դասերի կամ խաղերի, այլև ապրումների մասին։
Օգնեք ձեր երեխային դառնալու ընդօրինակելի։ Բուլինգը երեք կողմ ունի՝ զոհը, բռնարարը և ականատեսը։ Եթե նույնիսկ երեխաները բուլինգի զոհ չեն, նրանք կարող են կանխարգելել այն՝ իրենց հասակակիցների նկատմամբ հարգալից և բարյացակամ լինելով։ Բուլինգի ականատես դառնալու դեպքում կարող են պաշտպանել զոհին, օգնություն առաջարկել և/կամ փորձել կանխել այն։
Օգնեք երեխային ինքնավստահություն ձեռք բերել։ Երեխային խրախուսեք հաճախել դասընթացների կամ իրենց սիրած զբաղմունքի որեւէ խմբակ։ Սա, ևս, կօգնի ինքնավստահություն ձեռք բերել, ինչպես նաև միևնույն հետաքրքրություններն ունեցող ընկերներ։
Օրինակ ծառայե՛ք։ Ձեր իսկ օրինակով երեխային ցույց տվեք, թե ինչպես մյուս երեխաներին և մեծերին բարությամբ ու հարգանքով վերաբերվել և նույնն արեք ձեր շրջապատի մարդկանց հետ, ինչպես նաև ըմբոստացեք, երբ մեկին վատ են վերաբերվում։ Երեխաներն իրենց պահելու, առցանց գրառումների հարցում իրենց ծնողների օրինակին են հետևում։
Նրանց առցանց կյանքի մասը դարձեք։ Ծանոթացեք այն հարթակներին, որոնցից օգտվում է ձեր երեխան, բացատրեք նրան, թե ինչպես են առցանց և անցանց աշխարհները փոխկապակցված և զգուշացրեք տարբեր առցանց ռիսկերի մասին։
Ի՞նչ նշաններից պետք է զգուշանալ։
Ուշադիր դիտեք։ Ուսումնասիրեք երեխայի հուզական վիճակը, քանի որ շատ երեխաներ իրենց անհանգստությունները բանավոր չեն արտահայտում։ Պետք է հատկապես ուշադիր լինել այս նշանների նկատմամբ.
Ֆիզիկական հետքեր, ինչպիսիք են անհայտ պատճառներով կապտուկներ, ճանկռվածք, կոտրված ոսկորներ և լավացող վերքեր։
Դպրոց գնալու և դպրոցական միջոցառումներին մասնակցելու վախ։
Տագնապած, նյարդային կամ շատ լարված վիճակ:
Շատ քիչ ընկերներ դպրոցում կամ դպրոցից դուրս:
Ընկերների հանկարծակի բացակայություն կամ սոցիալական իրավիճակներից խուսափում:
Կորչում կամ վնասվում են հագուստները, էլեկտրոնային կամ այլ անձնական իրերը:
Հաճախ գումար է խնդրում:
Ցածր առաջադիմություն ունի:
Բացակայություններ կամ զանգեր դպրոցից՝ տուն գնալու համար:
Փորձում է մեծահասակներին մոտ գտնվել:
Լավ չի քնում և մղձավանձներ է ունենում:
Գանգատվում է գլխացավերից, ստամոքսի և այլ ֆիզիկական ցավերից
Առցանց կամ հեռախոսով ժամանակ անցկացնելուց հետո պարբերաբար անհանգիստ են:
Չափից դուրս գաղտնապահ է դարձել:
Ագրեսիվ է կամ բարկացած պոռթկումներ է ունենում
Ի՞նչ անել, եթե իմ երեխան բուլինգի է ենթարկվում կամ նրան սպառնում են։
Եթե գիտեք, որ ձեր երեխան բուլինգի է ենթարկվում, կան որոշ քայլեր, որոնց միջոցով կարող եք օգնել նրան.
Բաց խոսեք։ Խոսեք ձեր երեխաների հետ այն մասին, թե որն է, ըստ իրենց, համարվում լավ եւ վատ վարքագիծ՝ դպրոցում, շրջապատում և առցանց: Կարևոր է բաց ու անկեղծ շփում պահպանել ձեր երեխաների հետ, որպեսզի նրանք կարողանան հանգիստ ձեզ պատմել իրենց կյանքում տեղի ունեցածի մասին։
Հանգիստ լսեք ձեր երեխային։ Կենտրոնացեք նրա վրա, որ երեխան զգա, որ իրեն լսում և սատարում են, այլ ոչ թե փորձեք գտնել բուլինգի պատճառը կամ խնդիրը լուծեք։ Հավաստիացեք, որ նա գիտի, որ դա իր մեղքը չէ։ Երեխային ասեք, որ դուք հավատում եք իրեն, որ ուրախ եք, որ նա ասաց ձեզ այդ մասին, որ դա իր մեղքը չէ և որ դուք կանեք ամեն ինչ՝ նրան օգնելու համար։
Խոսեք ուսուցչի կամ դպրոցի հետ։ Դուք և ձեր երեխան բուլինգի խնդրի հետ չպետք է միայնակ մնաք։ Հարցրեք՝ ունի արդյո՞ք դպրոցը բուլինգի քաղաքականություն կամ վարքագծի կանոններ։ Դա վերաբերում է թե՛ ֆիզիկական, թե՛ առցանց բուլինգին։
Եղե՛ք սատարող։ Երեխայի համար սատարող ծնող ունենալն էական նշանակություն ունի բուլինգի ազդեցությունը հաղթահարելու հարցում։ Համոզվեք, որ նա գիտի, որ կարող է ցանկացած ժամանակ խոսել ձեզ հետ, հավաստիացրեք նրան, որ ամեն ինչ լավ կլինի։
Ի՞նչ կարող եմ անել, եթե իմ երեխան ուրիշներին բուլինգի է ենթարկում
Եթե կարծում եք կամ վստահ եք, որ ձեր երեխան է բուլինգի ենթարկում այլ երեխաների, կարևոր է հիշել, որ նրանք ի ծնե վատը չեն, բայց այդպես են վարվում մի շարք պատճառներից ելնելով։
Այդպիսի երեխաները հաճախ պարզապես ուզում են իրենց տեղը գտնել, ուշադրության կարիք ունեն կամ պարզապես փորձում են բարդ հույզերից ելք գտնել։ Որոշ դեպքերում բուլինգ կիրառող երեխաներն իրենց տանը կամ համայնքում բռնության զոհեր կամ ականատեսներ են։ Կան որոշ քայլեր, որոնք պետք է ձեռնարկեք՝ ձեր երեխային դրանից զերծ պահելու համար.
Հաղորդակցվե՛ք։ Երբ հասկանաք, թե ինչու է ձեր երեխան իրեն այդպես պահում, ապա կիմանաք, թե ինչպես օգնել նրան։ Արդյոք դպրոցում իրենց անապահո՞վ են զգում, գուցե ընկերոջ կամ հարազատի հե՞տ են կռվում։ Եթե երեխան չի կարողանում բացատրել իր վարքագիծը, թերևս արժի խոհրդակցել մասնագետի, սոցիալական աշխատողի կամ հոգեկան առողջության մասնագետի հետ, որը երեխաների հետ աշխատելու մասնագիտական վերապատրաստում է անցել։
Աշխատեք հաղթահարման առողջ ձևեր գտնել։ Երեխային խնդրեք պատմել այնպիսի դեպքի մասին, երբ ինքը հիասթափվել է և այդ վիճակին արձագանքելու կառուցողական եղանակներ առաջարկեք։ Այս վարժության միջոցով քննարկել հնարավոր սցենարները և արձագանքելու այնպիսի ձևեր, որպեսզի ոչ ոքի ցավ չպատճառվի։ Երեխային քաջալերեք, որ իրեն «ուրիշի կաշվի մեջ զգա»՝ փորձելով պատկերացնել բուլինգի ենթարկվող մարդու վիճակը։ Հիշեցրեք նրան, որ առցանց կատարված մեկնաբանությունները կարող են իրական կյանքում ևս ցավ պատճառել։
Ինքներդ ձեզ քննեք։ Բուլինգի ենթարկող երեխաները հաճախ կրկնում են այն, ինչ տանն են տեսնում։ Գուցե դուք ինքներդ կամ նրա խնամքով զբաղվող մեկ այլ անձ նրա նկատմամբ ֆիզիկական կամ հուզական անբարենպաստ վարքագիծ է դրսևորում։ Ազնվորեն մտածեք այն մասին, թե դուք ինչպես եք վարվում ձեր երեխայի հետ կամ նրա ներկայությամբ:
Ցույց տվեք վարքագծի հետևանքները եև այն փոխելու հնարավորությունները։ Եթե պարզել եք, որ ձեր երեխան բուլինգ է անում, ապա կարևոր է ցույց տալ, որ դա համապատասխան հետևանքներ ունի։ Որոշ սահմանափակումներ ներմուծեք, հատկապես այն գործողությունները, որոնք խրախուսում են բուլինգը, օրինակ՝ սոցիալական ցանցերի կամ հեռուստացույցի ոչ համապատասխան բովանդակությունը: Քաջալերեք ձեր երեխային ներողություն խնդրել իր հասակակիցներից և հետագայում շփման ավելի ընդունելի տարբերակներ գտնել: