10 օգտակար խորհուրդ ապագա մայրերին և հայրերին, որոնց անհրաժեշտ է հետևել երեխայի ծննդից առաջ և հետո
1. Հղիության ընթացքում կանոնավորապես այցելեք մոտակա առողջապահական հաստատություն
- Առնվազն չորս անգամ անտենատալ (նախածննդյան) այց կատարեք բժշկին:
- Ձեր բժշկին հարցրեք, թե երբ է հարկավոր նախածննդյան հսկողության նպատակով այց կատարել:
- Իմացեք հղիության վտանգավոր նշանների մասին, ինչպիսիք են արյունահոսությունը, բարձր ջերմությունը, ձեռքերի և ոտքերի այտուցը և տեսողության վատացումը։
- Եթե ձեր զուգընկերուհին հղի է, անպայման ուղեկցեք նրան բժշկի կանոնավոր այցերի ժամանակ։
2. Պլանավորեք ծննդաբերությունը
Բարդություններից խուսափելու համար նախապես որոշեք առողջապահական հաստատությունը և թե որ մանկաբարձի օգնությամբ եք ծննդաբերելու։ Հմուտ մանկաբարձը կարող է.
- Օգնել երեխայի անվտանգ ծննդաբերությանը:
- Վաղ շրջանում բացահայտել առողջական հնարավոր խնդիրները և վտանգի նախանշանները:
- Առողջական վիճակի բարդացման դեպքում երեխայի մորը և ընտանիքին հետագա քայլերի վերաբերյալ խորհուրդներ տալ:
- Անհրաժեշտության դեպքում վարել դեպքը և մորն ու նորածնին համապատասխան բուժհաստատություն ուղղորդել բուժման նպատակով:
3. Ծննդաբերությունից առաջ և հետո հոգ տարեք ձեր մտավոր և ֆիզիկական առողջության մասին:
- Կանայք հուզական, ֆիզիկական և հոգեբանական փոփոխությունների են ենթարկվում, ինչպիսիք են հղիությունից առաջ և հետո քաշ հավաքելը և ինքնավստահության կորուստը։ Օգնություն խնդրելու մեջ ո՛չ մի ամոթալի բան չկա։
- Ձեր ապրումների մասին խոսեք ընտանիքի անդամների կամ ընկերոջ հետ։ Կարող եք միանալ ծնողական որևէ խմբի կամ մայրերի որևէ ակումբի՝ այլ մայրերի հետ կիսվելու նպատակով։
- Հարցերի դեպքում դիմեք ձեր ծննդաբերությունը վերահսկող բուժաշխատողին կամ այլ նեղ մասնագետի՝ օգնության համար։
- Կարևոր է, որ թե՛ հայրերը, թե՛ մայրերն ակտիվ դերակատարում ունենան իրենց երեխայի դաստիարակության հարցում։ Սա ներառում է նաև իրար սատարելը և հոգսերը կիսելը։
> Ահա, թե որոնք են հետծննդաբերական դեպրեսիայի նշանները և ինչպես այն հաղթահարել
4. Նորածին երեխայի խնամքը
- Երեխայի ծնվելուց անմիջապես հետո խորհուրդ է տրվում երեխային մոր կրծքին դնել։ Քնքշորեն շոյեք, հանգստացրեք և գրկեք ձեր երեխային։ Այս փուլում հատկապես երեխային ժպտալը, հետը խոսելը լավ ազդեցություն են ունենում։
- Երեխային տաք պահեք և մաշկը մաշկին շփում ապահովեք։
5. Ծննդաբերությունից անմիջապես հետո կրծքով կերակրեք երեխային
- Ծննդաբերությունից հետո մեկ ժամվա ընթացքում կրծքով կերակրեք ձեր երեխային և կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում միայն կրծքի կաթով կերակրեք, նույնիսկ ջուր հարկավոր չէ։
- Խեժը (կոլոստրում)՝ մոր կրծքի առաջին կաթը հագեցած է սննդարար նյութերով և հակամարմիններով, որոնք երեխաներին պաշտպանում են հիվանդություններից։ Կրծքի կաթը ձեր երեխայի առաջին պատվաստանյութն է և կապահովի երեխայի կյանքի լավագույն սկիզբը:
- Նախապես օգնական գտեք՝ լինի կողակիցը, ընտանիքի անդամները, թե ընկերները, ով մայրիկին կօգնի կերակրել երեխային։ Ձեզ անհրաժեշտ օգնության գրաֆիկը սահմանեք:
- Կերակրելիս նայեք երեխայի աչքերի մեջ, ժպտացեք, խոսեք նրա հետ կամ երգեք։ Դա կարևոր է երեխայի զարգացման և նրա հետ կապվածություն ու ջերմ հարաբերություն ստեղծելու համար։
6. Վեց ամիսը լրանալուց հետո սկսեք փափուկ սնունդ տալ երեխային
- Վեց ամսականից սկսած երեխային կերակրեք նրա տարիքին համապատասխան թարմ մթերքից պատրաստված սննդով։
- Սկսեք փափուկ, ճզմված կամ կիսահեղուկ կերակուրներից։
>6-8 ամիս. օրական 2-3 անգամ յոգուրտ, բրնձի կամ այլ շիլաներ տվեք։
>9-23 ամիս. օրական 3-4 անգամ կերակրեք մանր կտրատված կտորներով՝ թողնելով որ նա էլ սկսի վերցնել և ինքն իրեն կերակրել մրգի, բանջարեղենի կտորներ ։
>2 տարեկան. ձեր երեխան կսովորի ինքնուրույն ուտել և ճաշել, օրինակ՝ հավով ապուր ուտել։
- Եթե երեխան հիվանդ է, ավելի շատ հեղուկներ առաջարկեք նրան։
- Երեխային կերակրելիս խոսեք հետը և արձագանքեք նրա ձայներին։
> Հավելյալ սնուցման մասին ավելին՝ Բեյբիսեֆի այս բաժնում:
7. Հավաստիացեք, որ դուք և ձեր երեխան ճիշտ քանակով վիտամիններով հարուստ սնունդ եք ստանում:
- Միկրոսննդարար նյութերը ֆերմենտներ և հորմոններ են արտադրում, որոնք կարևոր դեր ունեն առողջ զարգացման ու աճի համար:
- Սննդակարգում կամ հավելումների ձևով վիտամին Ա-ի, երկաթի, հանքանյութերի, ցինկի և ֆոլաթթվի ընդունումը կարևոր է թե՛ մոր և թե՛ երեխայի համար:
- Երկաթը նպաստում է երեխայի գլխուղեղի բջիջների զարգացմանը և դրականորեն խթանում վերջինիս աճը։ Այն օգնում է նաև նվազեցնել հոգնածությունը, թուլությունը, սակավարյունությունը, որոնք կարող են ծննդաբերության ժամանակ բարդությունների պատճառ դառնալ։ Երկաթի անբավարարությունը կարող է հանգեցնել ծննդաբերության ժամանակ երեխայի ցածր քաշին և մեծացնել նորածնի հիվանդությունների հավանականությունը։
- Ծննդաբերությունից հետո առաջին մի քանի ամիսների ընթացքում կերակրող մայրերին մեծապես խորհուրդ է տրվում երկաթի ֆոլաթթու օգտագործել։
8. Սովորեք ճանաչել ձեր նորածնի մոտ ի հայտ եկած վտանգի ազդանշանները և անմիջապես տարեք բուժհաստատություն։
Նշաններից մի քանիսը, որոնցից պետք է զգուշանալ, հետևյալն են.
- Երեխան լավ չի ուտում:
- Մաշկը կապույտ կամ մանուշակագույն է դառնում:
- Երեխայի մարմինը ջղաձգվում է
- Շնչառությունը դժվարացած է:
- Երեխան չափազանց քնկոտ է:
- Մարմնի ջերմաստիճանը շատ ցածր կամ շատ բարձր է:
- Երեխայի մաշկի վրա տասը կամ ավել թարախաբշտիկ կա (մաշկի վրա փոքր բշտիկներ, որոնք հեղուկ կամ թարախ են պարունակում:
9. Երեխայի ծնվելուց անմիջապես հետո գրանցեք ծնունդը և ծննդյան վկայական ստացեք
- Ձեր երեխայի գրանցումը շատ կարևոր է։ Դա երեխայի ծննդի, ձեր՝ ծնող հանդիսանալու և ծննդյան վայրի իրավական ապացույցն է, որով հաստատվում է երեխայի քաղաքացիությունը և ազգային պատկանելությունը։ Գրանցմամբ երեխայի համար ապահովվում է մի շարք հիմնական ծառայություններից օգտվելու հնարավորություն, ինչպիսիք են առողջապահական, երեխայի պաշտպանության և կրթության, ինչպես նաև հետագայում զբաղվածության և ֆինանսական աջակցության ծառայությունները։
- Ահա, թե որտե՞ղ դիմել և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ծննդի պետական գրանցման համար․
- Ծննդյան գրանցումը ծնողների և խնամակալների պատասխանատվությունն է, ինչպես նաև երեխաների իրավական պարտավորությունն ու հիմնարար իրավունքը։
10. Ընտանիքի անվտանգ պլանավորում կատարեք
- Երեխաների ծնունդների միջև երեք տարվա տարբերություն ապահովեք:
- Ծննդաբերությունների միջև ընկած ժամանակահատվածն օգնում է մայրերին վերականգնվել նախորդ ծննդաբերությունից։ Եթե մայրն առնվազն 3 տարի չի սպասում մինչև իր հաջորդ հղիությունը, ապա նրա մոտ կարող են բազմաթիվ բարդություններ առաջանալ, ինչպիսիք են ծննդաբերության ժամանակ երեխայի ցածր քաշը, արյունահոսությունը և ծննդաբերության հետ կապված այլ խնդիրներ։
- Հղիությունների միջև երեք տարի դադարը նպաստում է երեխայի օպտիմալ առողջությանը, աճին ու զարգացմանը։ Ծնունդների միջև ճիշտ տարբերությունն ընտանիքին օգնում է բավարար ուշադրություն հատկացնել երեխաներին և տանը, ապահովելով դրական և առողջ ընտանեկան մթնոլորտ։
- Խուսափեք չպլանավորված հղիությունից՝ օգտագործելով համապատասխան հակաբեղմնավորիչ։ Ձեր տեղամասային բուժաշխատողից մանրամասն տեղեկություններ ստացեք։
- Առանձնացրել ենք 11 հիմնական կետեր, որ պետք է իմանա յուրաքանչյուր զույգ, որը ցանկանում է երբևէ դառնալ ծնող կամ ունենալ 2-րդ, 3-րդ, 4-րդ...երեխան:
Նյութն օգտակա՞ր էր:
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ