Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես է քունը կառավարում մեր ու մեր երեխաների կյանքը

Քունն անտեսանելի ուժի նման կառավարում է մեր ու մեր երեխաների կյանքը՝ ազդում է ֆիզիկական առողջության, նյարդային համակարգի, հոգեկան առողջության վրա և ոչ միայն: Ինչո՞ւ է այդպես: Այս զրույցը փորձ է հասկանալու, թե ինչու է լիարժեք քունն այդքան կարևոր, և թե ինչպես կարող է ուշացած արձագանքը նպաստել երեխաների քնի հետ կապված խնդիրների խորացմանը:

Նյարդաբան, սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանի հետ զրուցից առանձնացրել ենք Ձեր ուշադրությանն արժանի 9 կետ:

  1. Բնությունը նախատեսել է, որ մարդը պետք է քնի իր կյանքի 1/3-ը: Սակայն ավելի հաճախ տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ (թե՛ չափահաս, թե՛ երեխա) «գողանում» սեփական քնի ժամերից՝ զրկելով օրգանիզմն այն պրոցեսներից, որոնք ընթանում են (պետք է ընթանան) քնի ընթացքում:
  2. Չափահաս մարդիկ նվազագույնը պետք է քնեն 7 ժամ, երեխաները՝ 9-11: Շատերը վստահ են, որ ՇԱՏ ՔՆԵԼՈՎ հանգստյան օրերին՝ կլրացնեն այն վնասը, որ հասցրել են օրգանիզմին՝ ՔԻՉ ՔՆԵԼՈՎ աշխատանքային օրերին: Գիտականորեն ապացուցված է, որ այդ «մեթոդը» չի աշխատում ու չի վերադարձնում քնի «պարտքը»:
  3. Դեռահասները, որոնք գտնվում են ֆիզիոլոգիական աճի ու զարգացման ակտիվ փուլում, ավաղ, շատ հաճախ են չարաշահում չքնելը կամ նորմայից քիչ քնելը: Պետք է իմանալ, որ կենսաբանական շատ պրոցեսներ՝ օրինակ աճի հորմոնի արտադրումը, առավել ակտիվ է ընթանում քնի ժամերին: Արդեն իսկ պարզ է, որ քնի ժամերի կրճատումն այս տարիքում հանգեցնելու է աճի խաթարման (ընդհուպ մինչև սեռահասունացման ուշացում):
  4. Օրվա ընթացքում մարդու օրգանիզմում արտադրվում են կենսաբանական անպետք նյութեր, որոնցից օրգանիզմը պետք է ազատվի: Բնությունն այդ հարցը նույնպես թողել է քնի ժամերին: Այսինքն, նյութափոխանակության այդ արգասիքներից մեր օրգանիզմն ազատվում է, երբ մենք քնած ենք: Եվ դարձյալ՝ քնում ենք քիչ՝ օրգանիզմը չի հասցնում ազատվել այդ նյութերից, դրանք մնում են նյարդային բջիջներում: Բացի այն, որ տուժում է նյարդային բջիջը (ֆունկցիոնալ առումով) հիմա առկա են հետազոտություններ, որոնք այս երևույթը կապում են մարդու հասուն տարիքում ի հայտ եկող թուլամտության՝ դեմենցիայի հետ:
  5. Նորմայից պակաս քունն անդրադառնում է նաև էներգիայի վրա: Այստեղ պետք է տարանջատենք՝ էներգիա ֆիզիկական իմաստով և հոգեբանական: Քիչ քնող երեխաները (դեռահասները) պակաս ակտիվ են, շուտ են հոգնում, հաճախ անտարբեր են կրթական պրոցեսների հանդեպ, դեմոտիվացված են: Գիտենք, որ դեպրեսիվ խանգարումը դեռահասության փուլում հաճախ հանդիպող խնդիր է, եթե նույնիսկ «մեղավորը» քիչ քնելը չէ, ապա այդ նույն քիչ քնելը նպաստում է խնդրի խորացմանը:
  6. Շատ հաճախ երեխաների քնի խանգարումների ձևավորումը ծնողների քնի սխալ ռեժիմի հետևանքն է: Ոչ ոք չի պնդում, թե ծնողները պետք է գնան քնելու նույն ժամին, ինչ երեխաները, բայց կարելի է, օրինակ, երեկոյան ցածրացնել հեռուստացույցի ձայնը, պակասեցնել տան լուսավորությունը: Ի դեպ, քնի սկիզբն ազդարարող Մելատոնին կոչվող հորմոնն արտադրվում է ի պատասխան մթության: Արհեստական լուսավորությունը և էկրանների վառ լուսավորությունն ընկճում են Մելատոնինի արտադրությունը:
  7. Ծնողներն անլուրջ են վերաբերվում քնի հետ կապված խնդիրներին, քանի որ դրանք անտեսանելի են: Դա ատամնացավ չէ, որ արագ արձագանքեն կամ արյան այս-այն ցուցանիշի շեղում չէ, որ միջոցներ ձեռնարկեն: Պետք է հասկանալ, որ քնի հանդեպ այսօրինակ վերաբերմունքը կարող է հանգեցնել մանկական քրոնիկ անքնության, որը շատ ավելի դժվար է շտկել, քան մեծահասակներինը: Վերջիններին ցուցված են որոշակի դեղամիջոցներ, որոնք հասկանալի պատճառներով չենք ուզում, որ ստանան երեխաները: Մեծահասակների հետ կարելի է խոսել, բացատրել խնդիրը, գալ եզրակացության ու փոփոխություններ մտցնել ռեժիմում, իսկ երեխաների հետ այդպիսի բանակցությունները գրեթե անհնար են:
  8. Ծնողները հաճախ նաև ուշ են արձագանքում այնպիսի խնդրի, ինչպիսին է քնի ընթացքում շնչադադարը (քնի ապնոէ): Դա դժվար է չնկատել, քանի որ քնի ընթացքում երեխան շնչում է աղմուկով, բերանը բաց է մնում, շունչը պահում է, կարող է նույնիսկ «խռացնել», ինչը չի կարելի է թողնել անարձագանք: Դա հեշտ լուծելի խնդիր է, բայց երբեմն այնքան է ուշանում ծնողների արձագանքը, որ երեխայի ծնոտի կառուցվածքը հասցնում է ձևափոխվել:
  9. Քնի խանգարումների համատեքստում պետք է ընդգծել, որ ցանկացած խնդիր պետք է ախտորոշել, հասկանալ պատճառները ու լուծել դրանք: Մեր հասարակության մեջ դեռ արդիական է «մատների արանքով» նայել սոմնամբուլիզմ (լուսնոտություն), քնի էնորեզ (անմիզապահություն քնի ընթացքում), նարկոլեպսիա (քնկոտություն ցերեկային ժամերին) հասկացություններին, որոնցից յուրաքանչյուրն իր ձևով հարվածում է երեխայի (հետագայում մեծահասակի) կյանքի որակին:

Դիտեք մասնագետի հետ ամբողջական զրույցը ստորև.

Նույնաբովանդակ այլ նյութեր