Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես լինել լավ ծնող. գործնական խորհուրդներ

Ինչպե՞ս կառուցել վստահելի հարաբերություններ երեխայի հետ: Ի՞նչ պետք է անել, որ երեխան երջանիկ և հաջողակ մեծանա,  հավատա իր ուժերին: Ըստ մասնագետների՝ նախևառաջ անհրաժեշտ է սովորել անվերապահորեն ընդունել երեխային և սիրել ոչ թե նրա համար, որ նա գեղեցիկ է, ընդունակ և շնորհալի, այլ սիրել պարզապես նրա համար, որ նա կա:

Շատ հաճախ երեխաները ստիպված են լինում լսել ծնողներից. «եթե լավ չսովորես, ես քեզ չեմ սիրի»: Այսպես մենք կարծես հաղորդենք երեխային, որ պայմանականորեն ենք ընդունում նրան, որ երեխային սիրում ենք, «եթե միայն…»: Երեխայի նկատմամբ նման գնահատականը լայն տարածում ունի մեր իրականության մեջ: Ծնողները հաճախ այն կարծիքին են, որ պատիժն օգնում է երեխային հասկանալու իր կատարած արարքների սխալ և անընդունելի կողմերը և դաստիարակության մեջ առաջնորդվում միայն այդ մոտեցմամբ: Սակայն,  այս մեթոդը ոչ միշտ է աշխատում, երբեմն նույնիսկ կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: Որքան ավելի շատ են նախատում, պատժում և քննադատում երեխային, վերջինիս վարքն ավելի ագրեսիվ ու անկառավարելի է դառնում: Դաստիարակել չի նշանակում միայն վարժեցնել երեխային: «Մտրակի և բլիթի»  փորձված մեթոդը հաճախ արդյունքի չի բերում:

Յուրաքանչյուր երեխա սիրո և իրեն պետքական զգալու պահանջ ունի: Այս պահանջը բավարարվում է այն ժամանակ, երբ մենք երեխային ցույց ենք տալիս, թե որքան թանկ է նա մեզ համար: Նույն ազդեցությունն են ունենում ժպիտը, սիրալիր հայացքը և քնքուշ հպումը: Փոքրիկներն անմիջապես զգում են շփման ոչ խոսքային ձևերը՝ ժեստերը, միմիկան և հայացքները:

«Մերժված» երեխայի մոտ ձևավորվում է վիրավորվածության, լքվածության զգացում, նա չի ցանկանում տեսնել կամ շփվել իր ծնողների հետ, բացի այդ նրա մոտ կարող է զարգանալ տագնապայնություն և այլ հոգեկան բնույթի շեղումներ, հիվանդություններ, որոնք կապված են չսիրված և վատը լինելու զգացման հետ:  

Երեխայի վատ վարքը կամ զանցանքը սովորեցնելու հնարավորություն և առիթ է տալիս մեզ: Երբ երեխան իրեն վատ է պահում, սովորաբար նա միտումնավոր չի անում դա, թեև երբեմն կարող է այդպես թվալ: Նա փորձում է նոր բան սովորել և հասկանալ իրեն շրջապատող աշխարհի մասին, թե ինչպիսի հետևանքներ են ունենում տարբեր վարքագծային Մեր խնդիրն է սովորեցնել նրան, թե ինչն է այդ պարագայում ընդունելի, իսկ ինչը՝ ոչ: Խելամիտ կանոններ և սահմաններ հաստատելով՝ մենք կօգնենք երեխային իր համար սահմաններ հաստատել ապագայում: Ահա մի քանի առաջարկ այդ կապակցությամբ: