Skip to main content
Հետադարձ կապ

Ի՞նչ է եղել․ 14-ից 18 տարեկաններ

Ինչ փուլում է գտնվում ձեր երեխան

Դեպի չափահասություն տանող այս ժամանակահատվածում ձեր դեռահաս երեխայի մոտ ձևավորվում է յուրօրինակ անհատականություն, և նա ձգտում է առավել ինքնուրույնության և պատասխանատվության: Դեռահասները սոցիալական ցանցերով ու բջջային հեռախոսներով ավելի շատ են շփվում ուրիշների հետ: Արդյունքում, նրանք պակաս ժամանակ են անցկացնում ընտանիքի և ավելի շատ՝ ընկերների հետ, ինչպես առցանց տիրույթում, այնպես էլ տնից դուրս:

Սա նաև ֆիզիկական փոփոխությունների ժամանակաշրջան է ինչպես աղջիկների, այնպես էլ տղաների համար:

Այս տարիքի դեռահասները կարող են հետևյալ երևույթներին առերեսվել.

  • Կտրուկ ֆիզիկական փոփոխություններ, որոնք կարող են առաջ բերել մտահոգություններ մարմնի չափերի, կազմվածքի կամ քաշի առնչությամբ:
  • Ուտելու հետ կապված խնդիրներ կամ մտահոգություններ:
  • Տրամադրության չափազանց փոփոխականություն և սոցիալական տագնապներ:
  • Տխրություն կամ դեպրեսիա, որը կարող է հանգեցնել ցածր ինքնագնահատականի կամ այլ խնդիրների:

Դա պարզապես թախիծ չէ

Դեռահասության տարիքում վատթար հոգեկան առողջությունը կարող զուգակցվել առողջական և վարքային այլ ռիսկերով, այդ թվում՝ ալկոհոլի կամ թմրանյութերի գործածության, բռնությամբ զուգորդված վարքագծի և չպաշտպանված սեռական հարաբերությունների ձևով:

Քանի որ առողջության հետ կապված բազմաթիվ վարքային դրսևորումներ և սովորություններ դեռահասությունից անցնում են չափահասություն, չափազանց կարևոր է աջակցել դեռահասներին՝ ընտրելու առողջ զբաղմունք, որը կնպաստի նրանց բարեկեցությանը:

Ինչպե՞ս են գործերը

Դուք կարող եք լավ գլուխ հանել ձեր դեռահաս երեխայի հետ հարաբերություններից, սակայն կարող եք նաև դժվարություններ ունենալ: Անկախ նրանից, թե որ փուլում են ձեր փոխհարաբերությունները, կարևոր է ցույց տալ, որ դուք մշտապես նրա կողքին եք և պատրաստ եք օգնելու բոլոր դժվար ժամանակներում՝ նրան տալով ձեր սերն ու աջակցությունը:

Ինչպես սկսել զրույցը

Նրան հարցրեք, թե ինչպես է անցել օրը. փորձեք թեթև զրույցի առիթներ ստեղծել, օրինակ՝ միասին ընթրիք պատրաստել:

Տվեք բաց, պարզաբանող հարցեր՝ հասկանալու համար, թե ինչպես է նա իրեն զգում: Կարող եք փորձել այսպես. «Կարո՞ղ ես բացատրել, թե ինչ նկատի ունեիր, երբ ասացիր, որ…», կամ այսպես. «Ըստ քեզ, ի՞նչ կզգայիր, եթե անեիր այսինչ բանը…»:

Հարցրեք նրանց կարծիքը և ներկայացրեք ձեր կարծիքը, որպեսզի միմյանց ավելի լավ հասկանաք:

Ինքնավնասում

Եթե անհանգստանում եք, որ ինքնավնասումը կարող է անցնել ձեր դեռահաս երեխայի մտքով, նրբորեն խոսեք այդ մասին և փորձեք պարզել՝ նա երբևէ ունեցե՞լ է նման մտքեր:

Կարող է օգտակար լինել՝ սկսել ուրիշների, այլ ոչ հենց նրա մասին հարցնելուց, օրինակ՝ «Քո տարիքի որոշ մարդիկ վնասում են իրենց. երբևէ լսե՞լ ես, որ ընկերներիցդ մեկը նման բաներ անի»:

Հավաստիացրեք նրան, որ միշտ նրա կողքին եք, օրինակ՝ «դու գիտես, որ միշտ կարող ես ամեն ինչի մասին խոսել ինձ հետ»: Դա կօգնի նրան՝ իմանալ, որ կարող է խոսել ձեզ հետ, և որ դուք ուզում եք օգնել նրան:

ԱՅՈ-ներ

Վատ բաների հետ մեկտեղ՝ արտահայտվեք նաև լավ բաների մասին և գովեք ձեռքբերումների համար, եթե անգամ դրանք փոքր են: Զարգացման այս փուլը նաև ստեղծարարության և անձնական աճի ժամանակահատված է. փորձեք նկատել նման բաները ձեր դեռահասի մոտ:

Աշխարհը անկանխատեսելի է թվում ձեր դեռահասին, և նա կարող է դժվարություններ ունենալ՝ իրավիճակը վերահսկելու հարցում: Ասեք նրան, որ հասկանում եք դա:

Փորձեք պարզել նրանց սովորությունները առցանց տիրույթում և սոցիալական միջավայրում: Խոսեք ձեր դեռահասի հետ առցանց տիրույթում անցկացվող ժամանակի մասին, և բացատրեք, թե ինչպես կարող են զերծ մնալ ոտնձգություններից և առցանց բուլիինգից:

Հավաստիացրեք, որ եթե փորձանքի մեջ է ընկել, կամ համացանցում սխալ բան է արել, կարող է դիմել ձեր օգնությանը՝ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել:

Բաց խոսեք ձեր իսկ զգացողությունների մասին: Սթրեսի հաղթահարման ձեր միջոցների մասին պատմելը կարող է օրինակ ծառայել նրանց համար. խոսեք նրանց հետ այն մասին, թե այդ նույն տարիքում ինչպես եք հաղթահարել նման խնդիրները:

ՈՉ-եր

  • Մի՛ ասեք նրան, թե ինչ պետք է անի, փոխարենը հարցրեք, թե ինչով կարող եք օգնել, և աշխատեք միասին՝ լուծումներ գտնելու ուղղությամբ:
  • Մի՛ խոսեք, եթե զայրացած եք։ Նախ մի կողմ քաշվեք, շունչ քաշեք և հանգստացեք. խոսակցությունը հետո էլ կարող եք շարունակել:
  • Մի՛ վիճեք, փոխարենը փորձեք ապրումակցել նրան և ըմբռնել նրա հիասթափությունները:

Եվ հիշեք՝ ամենը փոխկապակցված է:

Լավ է այն, որ դեռահասները դիմացկուն են, իսկ դժվարությունները անհրաժեշտ են՝ ինքնուրույն և կարող չափահասներ դառնալու համար:

Դպրոցի, ընտանիքի և ընկերների հետ կապվածությունը պահպանելու հարցում դեռահասներին օգնելը նպաստում է հոգեկան առողջությանը և կանխում է մի շարք բացասական վարքագծեր, ինչպիսիք են, օրինակ, թմրանյութերի գործածությունը և բռնությունը:

Ժամանակ հատկացրեք ձեր դեռահասին աջակցելու, քաջալերելու և նրանց հետ զբաղվելու համար: Դա միշտ չէ, որ հեշտ է հաջողվում, և կարող է ձեզնից համբերություն և ինքնատիրապետում պահանջել, սակայն դրան հասնել հնարավոր է, և միշտ արժե այդպես վարվել:

Եթե զգում եք, որ ձեր երեխան վտանգ է ներկայացնում իր կամ այլոց համար, ապա կարող եք դիմել օգնության՝ զանգահարելով ձեր երկրում գործող կազմակեպություններին կամ կարող եք դիմել համապատասխան վերապատրաստում անցած և փորձառու մասնագետների աջակցությանը:

Նույնաբովանդակ այլ նյութեր