Skip to main content

Աղջիկ, թե տղա, ազատ երեխա

Խաղալիքներ

Ինչո՞ւ է կարևոր, որ ՏՂԱՆ խաղա փափուկ խաղալիքով

Ամենավաղ տարիքից սկսած՝ երեխայի համար

ամենակարևորը ծնողների սերն ու քնքշանքը զգալն է: Նրանք հենց ծնվելու պահից ձգտում են ծնողի մտերմությանը: Փաստացի, դա ավելի մեծ ազդեցություն ունի երեխայի ուղեղի զարգացման վրա, քան սնուցումը: Ժամանակի ընթացքում մենք անգիտակցաբար մեր տղաներին զրկում ենք սիրո նշույլներից, ինչը մեծապես պայմանավորված է «տղամարդկային» հատկանիշներով: Տղաները սովորաբար ցավին ավելի վատ են դիմանում, բայց մենք զրկում ենք նրանց դիմակայունություն ձեռք բերելու հնարավորությունից, քանի որ թույլ չենք տալիս նրանց արտահայտել զգացածը: Դա սկսվում է նրանից, որ մենք տղաներին թույլ չենք տալիս արտահայտել իրենց զգացմունքները՝ չէ՞ որ «տղան չի լացի» կամ «տղա ես, հերի՛ք մամային կպած ման գաս»:

Ձեր տղայի համար Թեդի արջուկ-ընկեր գնե՛ք: Դա նրան միայն կերջանկացնի ու ավելի ուժեղ կդարձնի: Փաստող փորձարարական ուսումնասիրություններ կան, որ փափուկ խաղալիքներով խաղացող երեխաները ավելի դիմացկուն են ու ցավին ավելի լավ են դիմանում: Եվ երբ մեծանա, նա արդեն զգայապես պատրաստ կլինի դիմակայել փոփոխվող իրավիճակներին:

Ինչո՞ւ է կարևոր, որ ԱՂՋԻԿԸ խաղա կոնստրուկտորով

Պատկերացրու՛ աշխարհը 20 տարի հետո: Աշխարհ, որն արդեն ավելի շարժուն, դինամիկ ու բարդ է. աշխարհ, որտեղ տեխնոլոգիաները ոչ միայն առկա են, այլև գերակշռում են կյանքի բոլոր բնագավառներում: Այդ ավելի խնդրաշատ ժամանակաշրջանում դուք հաստատ կցանականաք, որ ձեր դուստրը լինի ճկուն, կարողանա կողմնորոշվել ու ստեղծագործ միտք ունենա, ինչպես նաև՝ վերլուծել ու բարդ խնդիրները լուծել կարողանա:

Սա նաև կօգնի ձեր աղջկան, եթե նա ցանկանա դառնալ ճարտարագետ կամ ծրագրավորող կամ 21-րդ դարին անհրաժեշտ այլ մասնագիտություն ձեռք բերի:

Մեր աղջիկներն ու տղաներն արդեն ապրում են տեխնոլոգիաներով լի աշխարհում: Ու պետք է տղաներին զուգահեռ քաջալերենք աղջիկներին կոնստրուկտորային խաղեր խաղալ, որպեսզի նրանց մոտ զարգանա այն մտածողությունը, որն այս դարում գնալով ավելի անհրաժեշտ է դառնում: Այն զարգացնում է պատկերացումն ու արագ կողմնորոշվելու ունակությունը: Երկուսն էլ շատ անհրաժեշտ հմտություններ են այս արագ փոփոխվող աշխարհում:

Գրքեր

Ինչո՞ւ է կարևոր, որ ձեր ՈՐԴՈՒ համար կարդաք Աղայանի «Անահիտը»

Օգնե՛ք ձեր տղային, գնահատել աղջիկների մեջ սրամտությունն ու քաջությունը: Այս հարցում ձեզ կօգնեն տարբեր պատմվածքներ, որտեղ կան նման կերպարներ: Խրախուսե՛ք նաև նրա շփումը ակտիվ ու խելացի աղջիկների հետ: Օգնե՛ք նրան դառնալ մի տղամարդ, ով կարող է աշխատել, ձգտել ու հաջողել թիմերում, որտեղ ավելի ու ավելի շատ են կենտրոնանում տաղանդի վրա, ի դեպ, թե՛ աղջիկների ու թե՛ տղաների, թե՛ կանանց ու թե՛տղամարդկանց տաղանդների վրա հավասարապես:

Սփոյլեր: Արքայազն Վաչագանը նախօրոք պլանավորված ամուսնության կողմնակից չէր, ուստի նա ընտրում է մի սրամիտ աղջկա: Հետո այդ աղջիկն է մերժում ամուսնանալ նրա հետ, եթե նա արհեստ չսովորի: Սիրո շնորհիվ Վաչագանը արհեստ սովորեց ու հաջողեց: Վերջում արքայազնի կյանքը փրկվում է ոչ միայն արհեստ սովորած լինելու շնորհիվ, այլ որովհետև խելացի ու քաջ Անահիտին հաջողում է բոլորել զորքերն ու իշխաններին և փրկել իր սիրելիի կյանքը:

Ինչո՞ւ է կարևոր, որ ձեր ԴՍՏԵՐ համար կարդաք «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը:

Լուիս Քերոլը կհաստատեր, որ խաղերն ու տրամաբանական գլուխկոտրուկները հզորացնում են երեխաներին: Արդյոք սա այն չէ՞, ինչ ուզում ենք մեր երեխաների համար:

Օգնե՛ք ձեր դստերը Ալիսի նման ճանապարհորդել: Խրախուսե՛ք նրան խաղալ բառերի հետ, գտնել ծառերի հետևում թաքնված թվերը: Բացահայտե՛ք նրա համար կատվի առեղծվածային կերպարը: Այս հեքիաթի բոլոր անակնկալները երեխայի մեջ իր ճանապարհին հանդիպող խնդիրները լուծելու ցանկություն կառաջացնեն:

Սփոյլեր: Քերոլի պատմությունը յուրահատուկ է իր մեջ օգտագործված տրամաբանությամբ ու բազմերանգությամբ, որը պայմանավորված է նրա մաթեմատիկական, մասնավորապես՝ երկրաչափության վերաբերյալ գիտելիքներով ու տրամաբանությամբ: Ալիսի պատմության մեջ շա՜տ են հետաքրքրաշարժ դրվագները: Օրինակ՝ խելահեղ թեյախմության տեսարանում Գլխարկագործը, Քնամուկը, Մարտյան նապաստակը ու Ալիսը պտտվում են անշարժ հարթակի վրա, ասես թվեր լինեն շրջանակի վրա՝ ճիշտ մոդուլյար համակարգի նման: Քերոլը նաև զարգացրել է այսօրվա «տրամաբանական ծառերի» գաղափարը, որը թվային մեթոդների մի օրինակ է: Սա էլ տրամաբանական խնդիրների ավտոմատացված լուծման նախնական օրինակ է:

Խաղահրապարակ

Ինչու է կարևոր, որ ՏՂԱՆԵՐԸ գործնագործ խաղան

Շատ խաղեր կան, որ միայն աղջիկները կամ միայն տղաներն են խաղում, բայց կան նաև խաղեր, որ աղջիկներն ու տղաները միասին են խաղում: Համատեղ խաղերը հնարավորություն են տալիս  զարգացնել շփումն ու հարաբերությունները երկու սեռերի միջև վաղ տարիքից սկսած:

Թիմային խաղերը հիմնականում կենտրոնանում են խաղերի վրա և ոչ թե աղջիկների ու տղաների տարբերությունների: Այսպիսի խաղերի արդյունքում ձևավորվում է ընկերություն և ինքնաբավություն: Դա օգնում է տղաներին ու աղջիկներին թիմում աշխատելու հմտություններ ձեռք բերել ու տարբերությունները հաշվի առնելով՝ միավորվել հանուն համատեղ նպատակի:

Ինչու է կարևոր, որ ԱՂՋԻԿՆԵՐԸ ֆուտբոլ խաղան

Շատ երկրներում ֆուտբոլիստը միայն տղամարդու կերպար ունի: Աղջիկները հաճախ են ուզում ֆուտբոլ խաղալ, բայց նույնքան վախենում են պիտակավորվել որպես «տղա», որքան տղաներն են անհարմար զգում, երբ նրանց ասում են՝ «աղջկա նման» ես խաղում: Թողե՛ք աղջիկները նույնպես ֆուտբոլ խաղան: Թողե՛ք խաղան ու սովորեն զարմացնել իրենց շրջապատին: Սա մի հմտություն է, որ նրանց հաստատ ապագայում պետք կգա: Թողե՛ք նրանց սովորել ուշադրության կենտրոնում լինել, անգամ եթե դա ընդունված չէ: Հետագայում նրանք կսովորեն ավելի ակտիվ մասնակցել հանրային կյանքին: Հնարավոր է, որ սրա շնորհիվ աղջիկները նույնպես տղաների նման նպատակասլաց լինեն ու  ձգտեն դառնալ ղեկավար, վարչապետ ու նախագահ: Սովորեցրե՛ք ձեր աղջկան խիզախել ու չընկրկել կարծիքներից, դա իրեն թույլ կտա չվախենալ մեծ երազանքներից ու հաջողել:

 

Տնային գործեր

Ինչո՞ւ է կարևոր, որ ՏՂԱՆ օգնի ծնողներին ընթրիքի սեղանը պատրաստել։

Վստահ եմ՝ երազում եք ձեր տղային առողջ տղամարդ դարձնել։ Խոհանոցում հմուտ լինելը թույլ է տալիս մարդուն ինքնուրույն լինել, առողջ սննդակարգ ունենալ և տանը ճաշ պատրաստելու գործընթացը քիչ սթրեսային դարձնել։ Պատրաստելու հմտություններ ունենալը պետք է գալիս նաև առևտուր անելիս։ Եթե ճաշ պատրաստելու գիտելիքներ և հմտություններ չկան, ապա մարդն ավելի հակված է լինում արագ պատրաստվող կիսաֆաբրիկատներով կամ այլ ոչ օգտակար ուտելիքներով սնվել։

Ուշադրություն դարձրե՛ք այն հանգամանքի վրա, որ թե՛ աղջիկները, թե՛ տղաները, թե՛ կանայք, և թե՛ տղամարդիկ կարող են խոհանոցում գործ անել: Փորձե՛ք ճաշ պատրաստե՛լ ձեր որդու հետ միասին։ Սա կարող է լինել ոչ միայն զվարճալի և ստեղծարար պահ ձեր երկուսի համար, այլև՝ օգնել նրան ձեռք բերել նոր հմտություն։ Դա կյանքում իրեն շատ պետք կգա, քանի որ կկարողանա խուսափել, օրինակ՝ սրտի հիվանդություններից, գիրանալուց և շաքարախտ ձեռք բերելուց։ Դուք կարող եք սովորեցնել նրան ճիշտ սննդակարգ ընտրել, որպեսզի նա առողջ ապրելակերպ ունենա։ Եփել-թափելը կօգնի նրան ինչ-որ ձևով պայքարել նաև սթրեսի դեմ և բավականություն ստանալ սեփական ընտանիքի և երեխաների հետ հետագայում սնունդ պատրաստելուց։

Ինչո՞ւ է կարևոր, որ ԱՂՋԻԿՆ օգնի ծնողներին վերանորոգել ջրի խողովակները։

Մեծանալիս՝ հայրերի հետ կապ ստեղծելը շատ կարևոր է աղջիկների համար։ Հայրիկների հետ մտերիմ հարաբերություններ ունենալը թույլ է տալիս աղջիկներին սովորել այնպիսի հմտություններ, որոնք, հակառակ պարագայում, նրանք չէին ունենա, ինչպես օրինակ՝ խողովակը կամ այլ կենցաղային տեխնիկավերանորոգելը։ Ինչին էլ խնդիրը վերաբերի, ամեն ինչից գլուխ հանելը միշտ էլ պետք է գալիս, եթե ուզում եք, որ ձեր աղջիկն ինքնուրույն, վստահ ու բանիմաց կին դառնա:

Ձեզնից յուրաքանչյուրը, ով ունեցել է հոգատար հայրիկ կամ որևէ մեկին, ով քաջալերել է, ուղղություն ցույց տվել, սովորեցրել, պատմություններ պատմել, խաղացել,- գիտի, թե որքան կարևոր է հոր կերպարը երեխայի կյանքում։

Եթե ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ հայրերը կարող են մասնակից լինել և եթե ստեղծենք վերաբերմունքային այնպիսի միջավայր, որտեղ հայրերին հնարավորություն ընձեռնվի աջակցել իրենց երեխաներին, նրանք կհասկանան իրենց կարևորությունն ու այն դերը, որ կարող են ունենալ երեխային դաստիարակելիս։

Խթանե՛ք մասնակցությունն ու հնարավորություն տվե՛ք տղամարդկանց իրենց երեխաների համար սուպեր-հայրիկ դառնալ։

Ուղարկե՛ք մեզ ձեր խորհուրդներն այն մասին, թե ինչպես կարելի է դաստիարակել ինքնաբավ ու բանիմաց աղջիկ և տղա:

Աղբյուրներ՝

Peter Blatchford, Ed Baines and Anthony Pellegrini. (2003) The social context of school playground games: sex and ethnic differences, and changes over time after entry to junior school. British J of Developmental Psychology, 21, pp. 481-505

Cashmore, E., & Parker, A. (2003) One David Beckham? Celebrity, Masculinity and the Soccerati, Sociology of Sport Journal, 20(3), 214-231; and Sheryl Clark and Carrie Paechter. (2007) “Why can’t girls play football?” Gender dynamics and the playground. Goldsmiths College, New Cross, London SE14 6NW UK

Francine F. Abeles. Mathematics: Logic and Lewis Carroll. Nature 527, 2015, pp. 302-304. URL: https://www.nature.com/articles/527302a

Sabrina Ternier. (2010) Understanding and measuring cooking skills and knowledge as factors influencing convenience food purchases and consumption. Studies by undergraduate researchers at Guelph. Vol 3 No 2

Berger, E.H. (1998) Don't Shut Fathers Out. Early Childhood Education Journal (1998) 26: 57. https://doi.org/10.1023/A:1022990926911; and LaCrosse, R. (October 1997) Stages of Development. Paper presented at Colorado Summit on Fatherhood, Denver, CO.

Tom Lowrie, Robyn Jorgensen, Gender differences in students’ mathematics game playing, Computers & Education, Volume 57, Issue 4, 2011, pp. 2244-2248; Maaike Lauwaert(2008)Playing outside the box – on LEGO toys and the changing world of construction play,History and Technology,24:3,221-237,DOI:10.1080/07341510801900300

Ana M. Ullán, Manuel H. Belver, Esperanza Fernández, Felix Lorente, Marta Badía, Beatriz Fernández, The Effect of a Program to Promote Play to Reduce Children's Post-Surgical Pain: With Plush Toys, It Hurts Less, Pain Management Nursing, Volume 15, Issue 1, 2014, pp. 273-282

Ինչպես ճիշտ վարվել երեխայի հետ