Skip to main content
Հետադարձ կապ

Կամակորություն և անհնազանդություն

Երեխան կամակոր կամ անհնազանդ է համարվում, երբ չի ցանկանում ենթարկվել խելամիտ կանոններին և չի արդարացնում ծնողների ակնկալիքները: Այս խնդիրը սովորաբար ծնողների կողմից մասնագիտական օգնության դիմելու ամենից տարածված պատճառն է լինում:

Կամակորություններն իրենց գագաթնակետին են հասնում 2 տարեկան հասակում, ապա սովորաբար մեղմանում են: Պատանեկության տարիներին երեխաները նույնպես կարող են շատ ժխտող դառնալ: Մասնագետները երեք տեսակի անհնազանդ կամ կամակոր վարքագիծ են առանձնացնում:

  • Երկու տարեկան հասակում երեխան կարող է արձագանքել ձեր պահանջներին` անելով ձեր ասածի ճիշտ հակառակը:
  • Անհնազանդության երկրորդ տեսակն այն է, երբ երեխան զայրույթի պոռթկում է ունենում կամ ջղայնացած հայտարարում է, որ չի անի ձեր ասածը, և ոչ ոք չի կարող նրան ստիպել:
  • Կամակոր վարքի երրորդ տեսակն ընդգրկում է պասիվ դիմադրությունը, որի ընթացքում երեխան նվնվում, բողոքում, խոժոռվում, հապաղում կամ մռայլվում է, երբ նրան ինչ-որ բան են խնդրում անել:

Անհնազանդությունը որոշ չափով նորմալ է համարվում, քանի որ երեխան փորձում է հաստատել իր անկախությունը: Սակայն երբ երեխայի համար օրինաչափ է դառնում կանոնների ու պահանջների մեծ մասը մերժելը, ապա այստեղ արդեն լուրջ խնդիր կա:

Խնդրին նպաստող հանգամանքները

Կամակորության, անհնազանդության հիմնական պատճառը, թերևս, մեծահասակների կողմից դրսևորված անհետևողականությունն է: Սովորաբար մեր պահանջների մեծ մասը հաճելի չեն լինում երեխայի համար: Այնքան էլ դուրեկան չէ հավաքել խաղալիքները, պառկել քնելու կամ դուրս տանել աղբը: Միանգամայն բնական է, որ երեխան փորձում է դուրս պրծնել այս տհաճ իրավիճակից: Երբ մեծահասակները, անսալով երեխայի դիմադրությանը կամ նվնվոցներին, ետ են կանգնում իրենց պահանջներից, երեխան գլխի է ընկնում, որ դիմադրությունն աշխատում է, և ամենայն հավանականությամբ դա կկրկնվի նաև ապագայում:

Երբեմն մեծահասակներն իրենք չեն կարողանում միմյանց հետ համաձայնության գալ վարքի կանոնների և չափանիշների վերաբերյալ, ինչը ստիպում է երեխային անհնազանդություն ցուցաբերել նրանցից մեկին: Որոշ ծնողներ այնքան բարձր ակնկալիքներ են ունենում իրենց երեխաներից և այնքան անիրականալի նպատակներ են դնում նրանց առաջ, որ երեխան պարզապես դատապարտված է պարտության: Արդյունքում երեխան ծնողներին համարում է ոչ խելամիտ և իրեն արդարացի է զգում, երբ դիմադրություն է ցուցաբերում:

Չափից ավելի քննդատական և ժխտողական տրամադրված ծնողը կարող է նույն ազդեցությունն ունենալ երեխայի վրա: Ծնողները երբեմն իրենք են անհնազանդության օրինակ դառնում երեխաների համար, ասենք` օրենքի, ընդունված կարգի և ուրիշների հանդեպ արհամարհանք դրսևորելով: Անշուշտ, երբ երեխաները հոգնած են, սոված, հիվանդ կամ գերլարված, նրանք ավելի հակված են անհնազանդություն դրսևորելու:

Ինչ կարող են անել ծնողները

  • Ներգրավեք երեխային կանոնների սահմանման մեջ: Համոզվեք, որ դրանք հստակ են, պարզ շարադրված և լավ հասկացված: Բացի դրանից, զգուշացեք չափից ավելի շատ կանոններ սահմանելուց: Երեխաներից շատերը կաշխատեն ենթարկվել, եթե կանոնները խելամիտ են, սակայն կամակորություն կդրսևորեն, եթե նրանց առաջ չափից ավելի շատ պահանջներ և սահմանափակումներ դրվեն:
  • Կանոններ կամ ակնկալիքներ սահմանելիս հաշվի առեք երեխայի զարգացման մակարդակը: Արդյո՞ք դրանք իրատեսական են:
  • Փորձեք բացատրել ձեր կանոնները և ակնկալիքները երեխային հենց իր տեսանկյունից: Եթե երեխան կարող է հասկանալ դրանք, ապա շատ լավ: Եթե երեխան չի հասկանում կանոնի իմաստը, ապա պարզապես ասեք, որ մայրիկն այդպես է ճիշտ գտնում և անպայման հետո իրեն կբացատրի այդ արգելքի իմաստը: Կարող են լինել կանոններ, որոնք բոլորիս համար են սահմանված և երեխան պիտի սովորի, որ որոշ կանոնների իմաստը կարելի է նաև չիմանալ բայց պահել դրանք:  
  • Երեխայի հետ կապված ձեր ակնկալիքները հաղորդեք տատիկ-պապիկներին, այլ ազգականներին, ուսուցիչներին և դայակներին, որպեսզի նրանք ոչ թե խանգարեն, այլ օգնեն ձեզ` միասնական պահանջներ ու ակնկալիքներ դնելով երեխայի առջև:
  • Մի դրդեք երեխային հակադրվելու, հատկապես, եթե զգում եք, որ նա հոգնած է կամ գերլարված:
  • Կանոնները հնարավորինս ընդհանրական ձևակերպեք, որ երեխային չթվա, թե դրանք հատկապես իրեն են վերաբերում կամ իր համար են հորինված:
  • Օգտվեք ոչ բառային մեթոդներից, որոնք կօգնեն երեխային ենթարկվել:
  • Դրական ձևակերպում տվեք ձեր պահանջներին: «Մի՛ վազիր» ասելու փոխարեն ասեք, որ արդեն քնելու ժամանակն է:
  • Երեխային կանոնները հիշեցնելիս եղեք հանգիստ և գործնական: Պետք չէ ակնկալել երեխայի անհնազանդությունը որպես անձնական վիրավորանք կամ վատ դաստիարակության նշան:
  • Պատիժը զանցանքին համապատասխան նշանակեք: Կարիք չկա չափից ավելի խիստ կարգուկանոն մտցնել:
  • Երբ երեխան կամակորություն է անում,  ընդմիջումը երբեմն կարող է օգտակար լինել:
  • Ձեր պահանջները երեխային ներկայացրեք հանգիստ, մեղմ տոնով,  ոչ թե մի սենյակից մյուսը բղավելով: Իջեք նրա հասակի մակարդակին, նայեք երեխայի աչքերի մեջ` համոզվելու համար, որ նա ձեզ լսել է ու  հասկացել:
  • Հիշեք, որ ձեր նպատակը կատարյալ հնազանդությունը չէ: Մեծերի հեղինակությունը կասկածի տակ առնելը և չափավոր առողջ ինքնավստահությունը ինքնուրույնության նշաններ են:
  • Ընդունեք, որ երեխաները տարբեր խառնվածք են ունենում, նրանցից ոմանք կարող են առավել կամակոր լինել, քան մյուսները: