Skip to main content
10:50 AM 23 March 2019

«Լույսի մոլորակ». ամեն ինչ երեխաների մասին և երեխաների համար

Մարտի 23-ին «Երևան էքսպո» կենտրոնում, «Իմ քայլը» հիմնադրամի հովանու ներքո, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցությամբ, և Վորլդ Վիժն Հայաստանի մասնակցությամբ, տեղի ունեցավ «Լույսի մոլորակ» մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդեսը։ Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Եզակի ձևաչափով այս միջոցառման նպատակն էր տրամադրել ծնողներին անհրաժեշտ տեղեկատվություն՝ ֆիզիկապես և հոգեպես առողջ երեխայի դաստիարակության ու զարգացման վերաբերյալ:

Միջոցառումը կազմակերպվել էր ոչ միայն ծնողների, այլ նաև երեխաների համար: Ծնողների համար բաց և անվճար դասախոսությունների ժամանակ քննարկվեցին այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են դրական ծնողավարությունը, երեխաների նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական բռնությունը ու դրա հետևանքները, կրծքով կերակրման անհրաժեշտությունը և դրա հաճելի պահերը, երեխայի դաստիարակության գործընթացում հայրիկների ներգրավվածությունը, առողջ հղիության բաղադրիչները, նեոնատալ խնամքը և շատ այլ թեմաներ։ Ուշադրության կենտրոնում էին նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման խնդիրների բարձրաձայնումը, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության թեմաները:

Դասախոսությունները ներկայացրել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՀՀ առողջապահության նախարարության, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի և Վորլդ Վիժն Հայաստանի մասնագետները:

Միաժամանակ, երեխաների համար կազմակերպվել էր ժամանցային մասշտաբային ծրագիր՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների համար: «Գրքի ժամի» շրջանակում հասարակության կողմից մեծ սեր վայելող գործիչները երեխաներին ընթերցեցին հեքիաթներ յուրատիպ գրադարանային միջավայրում: Երեխաների համար անցկացվեցին նկարչության բաց դասեր, իսկ այլ հարթակներում մանուկները մասնակցեցին մենթալ թվաբանության, յոգայի, տիկնիկագործության, բատիկայի և շատ այլ բաց դասերի: Երեխաները ծանոթացան նաև պլանետարիումին, լուսանկարվեցին հայկական տարազներով, ուրախ ժամանց անցկացրեցին նրանց համար հատուկ կահավորված անկյուններում և այլն։

Միջոցառման կարևոր բաղադրիչն էր նաև Հայաստանում գործող մի շարք կրթական համալիրների, զարգացման, հոգեբանական և ֆիզիկական առողջություն ապահովող կենտրոնների գործունեության ներկայացումը: Յուրաքանչյուր մասնակից կազմակերպություն ներկայացրեց իր մեթոդոլոգիային համապատասխան բաց դասերի շարք, օրինակ՝ օտար լեզվի ուսուցում խաղերի միջոցով, սենսորային զարգացման ծրագրեր, ծնողավարության մեթոդոլոգիա, ռոբոտաշինություն, ձեռագործ աշխատանքների պատրաստում, կավագործություն, նկարչական հատուկ տեխնիկաներ և շատ ավելին:

Այս դասերի անցկացումը հնարավորություն տվեցին բոլոր երեխաներին` անկախ ծնողների ֆինանսական հնարավորություններից, մասնակից դառնալու բազմաբովանդակ ծրագրերի և մեկ ամբողջ օր անցկացնելու երջանիկ մանկության մթնոլորտում:

Այլ նորություններ