Skip to main content
09:36 AM 6 June 2016

Կրծքով կերակրման հաղթարշավը

2016 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ առողջապահության նախարարության և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի համատեղ ջանքերով իրականացվեց «Կրծքով կերակրման հաղթարշավ» խորագրով ծրագիրը, որի առանցքային նպատակը կրծքով կերակրման խրախուսումն էր: Ծրագրի ամենակարևոր բաղադրիչներից մեկն էր Հայաստանի չորս մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Արարատում, Արմավիրում, և Երևանում, վեցամսյա իրազեկման արշավի իրականացումը:

Կրծքով կերակրումը խրախուսող այս ծրագիրը բաղկացած էր 5 հիմնական բաղադրիչներից.
  1. ԶԼՄ-ների ներգրավում: Կրծքով կերակրման թեմայով լրագրողական նյութերի պատրաստում և ակտիվ տարածում:
  2. «Կրծքով կերակրման բարեկամ» մրցույթ: Ծրագիրն իրականացվող 4 մարզերի և Երևանի 10 բուժհաստատությունում տեղադրվել էին քվեատուփեր, և այցելուները քվեարկում էին տվյալ հաստատության այն մասնագետների օգտին, ովքեր լավագույնս քարոզում էին կրծքով կերակրումը:
  3. Կրծքով կերակրման խորհրդատվության սենյակների ստեղծում: Այս պիլոտային ծրագրի շրջանակում վերապատրաստվեց 8 մասնագետ, ովքեր այժմ անվճար խորհրդատվություն են տրամադրում Էրեբունի և Արարատ ԲԿ այցելող ապագա մայրերին;
  4. Կրծքով կերակրման թեմայով լուսանկարների մրցույթ: Մրցույթին մասնակցել է շուրջ 500 մայրիկ մարզերից և Երևանից:
  5. Մրցույթի հաղթողները՝ որպես հաղթարշավի դեմք և կկ-ի դեսպաններ: Հաղթողների լուսանկարներով և կրծքով կերակրման խրախուսման հաղորդագրություններով ստեղծվեցին գեղեցիկ պաստառներ, որոնք տեղադրվեցին մասնակից մարզերի և Երևանի ծննդատներում, պոլիկլինիկաներում, մանկապարտեզներում և այլուր: Այդպիսով հաղթող մայրիկները իրենք դարձան կրծքով կերակրման ջատագովներ, ովքեր, վստահ ենք, կօգնեն նաև այլ կանանց ընտրել երեխայի խնամքի ու սնուցման լավագույն եղանակը:
Կրծքով կերակրումը լավագույն լուծումն է թե՛ երեխայի ու թե՛ մոր համար

Հազիվ թե գտնվի մեկը, որ չի լսել մայրական կաթի օգտակարության և առողջարարության մասին: Կրծքով սնուցումը մանկական մահացությունը նվազեցնելու, երեխայի ֆիզիկական ու հուզական զարգացումն ապահովելու ամենաարդյունավետ միջոցներից է: Անչափ կարևոր է նաև շեշտել, որ կրծքով սնուցումը ոչ միայն նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը, այլև՝ մոր և մանկան միջև մի յուրահատուկ կապ է ստեղծում, որն իր հետքն է թողնում ողջ հետագա կյանքում:

Գիտե՞ք, որ կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է և այն անգամ ամրագրված է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 24-րդ հոդվածում։

Եթե միայն վիճակագրությանը հետևենք, ապա կրծքով սնուցման խրախուսման միջոցով կարելի է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13%-ը, մասնավորապես, Հայաստանում կրծքով սնուցումը կարող է տարեկան առնվազն 60 երեխայի կյանք փրկել:

Մեր հաղթող մայրիկների և իրենց բալիկների պատմությունները ոգեշնչում են և յուրահատուկ կոչ հանդիսանում բոլոր մայրերի համար, առ այն, որ մայրական կաթն իրենց երեխաների լավագույն սնունդն է, մոր և մանկան առողջ ապագայի կարևորագույն հիմքերից մեկը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է, որպեսզի կանայք անկողմնակալ տեղեկատվություն ստանան կրծքով կերակրման կարևորության մասին, որպեսզի մանկաբույժները համապատասխան օգնություն կարողանան տրամադրել մայրերին ու հնարավորինս խթանեն երեխաներին կրծքով կերակրելը, որպեսզի ընտանիքում բոլորն աջակցեն այս չափազանց կարևոր գործընթացին ու որպեսզի սա միայն մայրերի աշխատանքը չդիտարկվի, որպեսզի այս ճանապարհին հանդիպող խնդիրները ստանան իրենց ճիշտ լուծումներն ու գործընթացը հնարավորինս հեշտանա մայրերի ու երեխաների համար: Ու այս ամենը, որպեսզի յուրաքանչյուր երեխա գոնե առաջին 6 ամսվա ընթացքում միայն կրծքի կաթով սնվի:

Կրծքով սնուցումը երեխայի, մոր, ընտանիքի անդամների, մանկաբույժի ու ողջ հասարակության հաղթանակն է:

Այլ նորություններ