Skip to main content

Անվտանգության կանոններ, որոնց անպայման պետք է հետևել

Երեխայի անվտանգությունն ապահովելու համար մի քանի հիմնական կանոններ, որոնք իսկապես կարևոր են.

  • Փոքրիկին երբեք մի՛ թողեք միայնակ բազմոցի, մահճակալի վրա կամ լոգարանում:
  • Երբեք մի՛ ցնցեք երեխային, նույնիսկ եթե դա անում եք նրան գուրգուրելու ժամանակ:
  • Փոքրիկի սենյակի դուռը թողե՛ք կիսաբաց կամ նրա մոտ թողեք հատուկ բարձրախոս:
  • Պաշտպանեք երեխային ծխախոտի ծխից. մի ծխեք և թույլ մի տվեք որևէ մեկին ծխել Ձեր տանը:
  • Թույլ մի՛ տվեք, որ ընտանի կենդանիները մտնեն երեխայի սենյակ:
  • Մի՛ կապեք վզնոց կամ ապարանջան:
  • Տաք հեղուկները տեղափոխեք կամ խմեք երեխայից հեռու:
  • Մեքենայով երթևեկելիս երեխային նստեցրեք մանկական հատուկ ֆիքսվող նստարանին:

Եթե ձեր երեխան մինչև 6 ամսական է

Մինչև 6 ամսական երեխային ավելի շատ սպառնում են ծնողի անզգուշության և անուշադրության հետ կապված վտանգներ, այսինքն՝ այս տարիքի երեխան պետք է մշտապես լինի մեծահասակի հետ, մենակ չմնա, և պետք է ապահովվի նրա անվտանգությունը քնելու, ուտելու, խաղալու ժամանակ: Դա ավելի շատ վերաբերում է կահավորանքին, խաղալիքներին:

Եթե ձեր երեխան 6-12 ամսական է

6-12 ամսական երեխային պետք է պահել մշտական ուշադրության կենտրոնում, քանի որ այս տարիքում գլխավոր դերը պատկանում է շարժողական ակտիվության զարգացմանը: Եթե դեռ երեկ 3-4 ամսական երեխան անշարժ պառկած էր մեջքի վրա և չէր կարող փորի վրա շուռ գալ , ապա այսօր, երբ նրան պառկեցնում են հագուստը փոխելու , նա ինքնուրույն շուռումուռ է գալիս: Եվ եթե ժամանակին ուշադրություն չդարձնենք նրա այդ ֆիզիկական զարգացմանը և անուշադրության մատնենք նրան, ապա վայրկյաններ անց նա կարող է հայտնվել գետնին:

Կյանքի առաջին տարվա երկրորդ կեսին երեխան արդեն ի վիճակի է ձգվել դեպի տարբեր առարկաները, փորձում է դրանք տանել բերանը, շուռ է տալիս իր վրա, հետևաբար այդպիսով մեծանում է խցանման, այրվածքների վտանգը: Սուր առարկաները բերանը տանելով՝ երեխան կարող է վնասել շուրթերը, լեզուն, աչքերը: Երեխայի վայր ընկնելու հավանականությունը նվազեցնելու համար օգտագործեք բարձր և նեղ եզրաճաղերով մանկական մահճակալ և մանեժ: Խուսափեք երեխային քայլել սովորեցնելու համար քայլակ (ժողովրդական լեզվով՝ ճռիկ) օգտագործելուց: Այն իրականում չի սովորեցնում երեխային քայլել, բայց կարող է վտանգավոր լինել. երեխան  կարող է ընկնել (հատկապես գորգի եզրին, դռան շեմքի վրայով անցնելիս), կարող է գլորվել աստիճաններից ու վնասել գլուխը:

Եթե ձեր երեխան 18 ամսականից 4 տարեկան է

18 ամսականից 4 տարեկան երեխաները մահվան և լուրջ վնասվածքների բարձր հավանականություն ունեն: Այս վնասվածքների մեծ մասը պատահում է տանը, և գրեթե բոլորն էլ կարող են կանխվել:

Տանը պատահող վնասվածքների հիմնական պատճառներ.

  • այրվածքներ կրակից, օջախներից, վառարաններից, տապակներից, տաք կերակուրներից, եռացող ջրի շիթերից, տաք յուղից, պարաֆինի լամպերից, արդուկներից և էլեկտրական սարքավորումներից,
  • կտրվածքներ՝ ջարդված ապակուց, դանակներից, մկրատներից կամ այլ կտրող գործիքներից,
  • մահճակալներից, պատուհաններից, սեղաններից և աստիճաններից ընկնելը,
  • փոքր առարկաներ կուլ տալը՝ մետաղադրամներ, կոճակներ կամ կորիզներ,
  • թունավորում պարաֆինից (կերոսին), միջատասպան նյութերից, սպիտակեցնող և լուծող նյութերից,
  • էլեկտրական հարված՝ կոտրված էլեկտրական սարքավորումներից, լարերից, էլեկտրական վարդակների մեջ դանակներ կամ այլ առարկաներ մտցնելուց:

Յուրաքանչյուր իր, որը կարող է վտանգավոր լինել ակտիվ երեխաների համար, պետք է պահվի ապահով տեղում՝ նրանց հասանելիությունից դուրս:

Անկախ նախկին սովորություններից՝ երեխայի ծնվելուն հետ ծնողները պետք է գիտակցեն տանը որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Բոլոր այդ քայլերը կտրուկ կնվազեցնեն տանը պատահող դժբախտ պատահարների հավանականությունը:

Երեխայի անվտանգությունը