Skip to main content

6-8 ամսական երեխաների սնուցումը

Փոքր երեխաներն ամեն օր պետք է սննդարար ուտելիք ուտեն, որպեսզի մեծանան առողջ, ուժեղ ու խելացի: Մոտավորապես 6 ամսականում երեխան սկսում է ավելի արագ աճել, ուստի նա ավելի շատ էներգիայի ու սննդանյութերի կարիք ունի, քան կյանքի որևէ այլ փուլում:

Հակիրճ. մի քանի սկզբունքներ 6 ամսական երեխաների սնուցման վերաբերյալ

  • Վեց ամսականից հետո նույնպես կրծքի կաթը երեխայի հիմնական սնունդը և էներգիայի հիմնական աղբյուրը պետք է մնա, բայց արդեն պետք է ավելացնել նաև հավելյալ սնունդը:
  • Ձեր երեխան փոքրիկ ստամոքս ունի և նա պետք է փոքր բաժիններով, բայց հաճախակի, փափուկ սնունդ ուտի:
  • Հացահատիկից բացի՝ ձեր երեխային բազմազան սնունդ առաջարկե՛ք. ամեն օր երեխան պետք է ուտի կենդանական սնունդ՝ ձու, միս, ձուկ և թռչնամիս, միրգ ու բանջարեղեն:

Վեց ամսականից սկսած՝ կրծքի կաթը շարունակում է մնալ սննդի կարևոր աղբյուր, սակայն այն արդեն չի բավականացնում: Կրծքի կաթի հետ միասին՝ պետք է արդեն երեխային հավելյալ սնունդ առաջարկել նրա ամբողջ պահանջները բավարարելու համար:

Երեխային հավելյալ սնունդ առաջարկե՛ք կրծքով կերակրելուց հետո, որպեսզի նա ավելի շատ կրծքի կաթ ուտի:

Ուշադի՛ր եղեք երեխային հավելյալ սնուդ առաջարկելիս: Ամեն սնունդ պատրաստելիս և երեխային կերակրելիս երեխայի ու ձեր ձեռքերը օճառով լվացե՛ք:

Ձեր երեխայի առաջին սնունդը

Երբ երեխան դառնում է 6 ամսական, նա դեռ նոր է սովորում ծամել: Առաջին սնունդը պետք է լինի փափուկ, որպեսզի երեխան հեշտ կուլ տա այն, օրինակ՝ շիլա, խյուս կամ լավ տրորված միրգ ու բանջարեղեն: Ի դեպ, եթե շիլան ջրիկ է, այն այդքան էլ սննդարար չէ: Շիլան ավելի սննդարար դարձնելու համար այնպես պատրաստե՛ք, որ այն գդալից չհոսի:

Երեխային սնունդ առաջարկե՛ք, երբ զգում եք, որ նա սոված է, երբ օրինակ՝ մատերը տանում է բերան: Այս տարիքում նրանք շատ փոքր ստամոքս ունեն, այնպես որ սկսե՛ք քիչ բաժիններով՝ օրական երկու անգամ առաջարկելով 2-3 գդալ սնունդ:

Նոր ուտելիքի համը անսովոր է երեխայի համար, ուստի ժամանա՛կ տվեք երեխային սովորել նոր համերին: Համբերատա՛ր եղեք ու ստիպելով մի՛ կերակրեք: Հենց զգաք, որ այլևս չի ցանկանում, մի՛ շարունակեք կերակրել:

Մեծանալուն զուգընթաց՝ երեխայի ստամոքսն էլ է մեծանում, և աստիճանաբար կարող եք ավելացնել սննդի չափաբաժինը:

6-8 ամսական երեխաների սնուցումը

Եթե ձեր երեխան այս տարիքային միջակայքում է, ապա նրան օրը 2-3 անգամ կես բաժակ սնունդ առաջարկե՛ք: Այս տարիքում ձեր երեխան կարող է ուտել գրեթե ամեն ինչ՝ բացի մեղրից, որը նա կարող է ուտել 1 տարեկանից հետո միայն: Կարող եք նաև օգտակար միջանկյալ սնունդ առաջարկել նրան, օրինակ՝ տրորած միրգ: Շարունակե՛ք կրծքով կերակրել ձեր երեխային, դա այս տարիքում անհրաժեշտություն է:

Երեխայի անվտանգությունը