Skip to main content
Հետադարձ կապ

Քնեք, որ առողջ լինեք

Երբ ուսումնասիրում ես, թե ինչպես է քունն ազդում երեխաների կյանքի վրա, ինչպես է կանխորոշում նրանց ապագա ձեռքբերումներն ու անհաջողությունները, հասկանում ես, որ անհնար է գերագնահատել քնի դերը։ Քովիդ-19 համավարակի պատճառով սովորողները պարտադրված են ավելի երկար ժամանակ անցկացնել համակարգչի էկրանի առաջ: Սա ևս կարող է բացասական ազդել քնի վրա: Երեխայի առողջության համար կարևորների շարքում ՅՈՒՆԻՍԵՖ-ն, այս անգամ, անդրադառնում է քնի հիգիենային: Առողջ քնի կարևորության մասին զրուցել ենք «Սոմնուս» նյարդաբանական կլինիկայի ղեկավար Սամսոն Խաչատրյանի /Ս.Խ./ հետ։

 

- Քունս չի տանում… Չեմ ուզում եմ քնել… Մի քիչ հետո… Գրեթե բոլոր ընտանիքներում այսօրինակ «բողոքի արշավներ» լինում են։ Ծնողները, մեծամասամբ, համառում են ու ստիպում ժամանակին պառկել քնելու։ Հավանաբար ցանկացած երեխա ինքն իրեն հարցնում է՝ ինչո՞ւ, ախր ի՞նչ կա քնելու մեջ, որ ստիպում են։

Ս․Խ․ - Ստիպելու մասին անպայման կխոսենք, մինչ այդ, ուզում եմ նկատել, որ միանշանակ ճիշտ են այն ծնողները, որոնք մատների արանքով չեն նայում, թե երբ, ինչքան ու ինչպես է քնում երեխան, քանի որ երեխայի՝ քնի հետ կապված խնդիրների զգալի մասը մեծահասակների անհետևողականության արդյունք են։

Առողջ քունը կարևոր է ցանկացած տարիքում, երեխաների պարագայում՝ առավելևս։ Երեխան ունի զարգացող օրգանիզմ, որի առանձին հատվածների ու գործառույթների ձևավորման անմիջական պատասխանատուն քունն է։ Կան հորմոններ, որոնք արտադրվում են միայն քնած ժամանակ։ Ըստ այդմ քնի խանգարում ունեցող երեխան հավանական է, որ կունենա նաև աճի հորմոնների, հիշողության հետ կապված խնդիրներ և ոչ միայն։ Քնի որակից ու քանակից են կախված երեխայի նյարդային, ոսկրային, իմուն համակարգերը։

 

- Ուսումնական գործընթացում հիշողությունն ամենակարևոր «գործիքներից» է։ Ինչպե՞ս է քունն ազդում դրա վրա։

Ս․Խ․ - Դպրոցահասակ երեխայի քնի միջին տևողությունը պետք է լինի 9-10 ժամ։ Հարցնում եմ՝ շա՞տ դպրոցականների եք ճանաչում, որոնք քնում են այդքան։ Շատ երեխաներ՝ ռեժիմի բացակայության, բջջային սարքավորումների չարաշահման, սխալ սննդակարգի ու այլ հանգամանքների բերումով քնում են ուշ, քնում են քիչ։ Անկախ նրանից, թե երբ է քնել երեխան, առավոտյան նա պարտավոր է ժամանակին արթնանալ, ու հենց այստեղ սկսվում են խնդիրները՝ ոմանք չեն կարողանում արթնանալ, ուշանում են դասերից, մյուսներն արթնանում են, մասնակցում են դասերին, բայց հոգնած ու թույլ են այնքան, որ ո՛չ կարողանում են նախորդ օրվա նյութը ներկայացնել, ո՛չ նոր նյութերը յուրացնել։ Արդյունքում տուժում է առաջադիմությունը։ Սրան մատների արանքով նայելը երեխայի մոտ կարող է քնի ֆազայի հետաձգման համախտանիշը առաջացնել. երբ երեխան այլևս չի կարողանում շուտ քնել․ երբ էլ անկողին մտնի քնելու է լուսադեմին մոտ՝ մինչև կեսօր ու ավելի։

- Դա լուծելի՞ խնդիր է։

Ս․Խ․ - Իհարկե, ու ի տարբերություն մեծահասակների, որոնց պարագայում բուժումը, որպես կանոն, դեղորայքային է, երեխաներին հնարավոր է օգնել՝ շտկելով նրանց վարքային սովորությունները։ Բայց մինչև այդ առաջարկում եմ մի քիչ հետ գնալ։ Երեխայի ծնունդով, իսկ հետագայում նաև մանկապարտեզ, դպրոց հաճախելով պայմանավորված փոփոխությունների է ենթարկվում նաև տան մյուս անդամների կյանքի ռիթմը կամ, ճիշտ կլինի ասել, ՊԵՏՔ Է ՓՈՓՈԽՈւԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԻ: Բայց, շատ հաճախ, մենք այլ բան ենք տեսնում՝ տան անդամներից մեկը կամ մի քանիսը քնում են կեսգիշերից հետո, առավոտյան չեն կարողանում ժամանակին արթնանալ ու երեխան ուշանում է մանկապարտեզից կամ այդ օրն առհասարակ չի գնում։ Իսկ հետո պատկերը սկսում է կրկնվել: Առանց ռեժիմ ապրող մարդիկ, որպես կանոն, առանձնապես չեն մտահոգվում, երբ գիշերվա ժամը մեկին իրենց հինգ տարեկան երեխան ուտելու կամ մուլտ դիտելու ցանկություն է հայտնում։ Ցանկությունը բավարարվում է ու մի օր վերածվում նույնպիսի նորմայի, ինչպես կեսգիշերից հետո քնելը։ Հետևությունը մեկն է՝ եթե դպրոցահասակ երեխան չի ցանկանում քնել, ուշ է քնում, քիչ է քնում և դա անհանգստացնում է ծնողին, ուրեմն ԱՆՀԱՊԱՂ ՊԵՏՔ Է վերանայել ընտանիքում արմատացած մոտեցումները։

 

- Եթե իմ երեխան քնում է 9-10 ժամ՝ բավակա՞ն է, որ հանգիստ լինեմ նրա քնի համար։

Ս․Խ․ - Ոչ, քանի որ քնի լիարժեք լինել-չլինելը գնահատվում է ոչ միայն տևողությամբ․ կարևորագույն պայման է նաև քնի որակը։ Դա հասկանալու համար պետք է հիշել, որ քունն ունի մի քանի փուլ՝ դանդաղ ալիքային կամ խորը քնի և, այսպես կոչված, արագ քնի փուլերը։ Դրանցից յուրաքանչյուրն իր գործառույթներն ունի` խորը քնի փուլում, օրինակ, օրգանիզմում ընթանում են վերականգնողական պրոցեսներ, քնի ժամերը կենտրոնական նյարդային համակարգն օգտագործում է նյութափոխանակության արգասիքներից ազատվելու համար, որոնց կուտակումը սպառնում է առողջական մի շարք խնդիրներով։ Ստացվում է, որ ընդհատումներով ուղեկցվող կամ նորմայից քիչ տևողությամբ քնի պարագայում քնի ընթացքում ծավալվող գործընթացները թերի են կատարվում, ինչն էլ մեխանիկորեն հանգեցնում է առողջական խնդիրների առաջացման։ Քնի բոլոր փուլերը պետք է ԼԻԱՐԺԵՔ ընթանան։

- Ստացվում է, որ «գլխավոր չար հերոսը» քնի ընդհատումն է…

Ս․Խ․ - Միանշանակ։ Ի դեպ, երեխաների շրջանում քնի ընդհատումների ամենատարածված պատճառներից է քնի ապնոէն՝ շնչառական դադարը։ Հիմքում, որպես կանոն, տոնզիլային հիպերտրոֆիան է կամ ավելորդ քաշը։ Քնի որակի՝ անընդհատության, տևողության, վրա ազդող գործոնները շատ են՝ երեխայի հուզական վիճակից մինչև օրինակ՝ անմիզապահությունը, որի մասին շատ երեխաներ համառորեն լռում են, ոչինչ չեն ասում ծնողներին։ Ընտանիքի առողջ մթնոլորտն ու ծնող-երեխա առողջ փոխհարաբերությունները երկուստեք թույլ են տալիս համարձակ խոսել սեփական ապրումների, անհանգստացնող երևույթների ու մտքերի մասին, փնտրել լուծումներ, հաղթահարել խնդիրները։

 

- Եթե հանրագումարի բերենք, կարո՞ղ ենք ասել, որ շտկելով վարքային սովորությունները կարող ենք էապես բարելավել երեխայի քնի որակը։

Ս․ Խ․ - Իհարկե։ Կարծում եմ տեղին կլինի հիշեցնել կամ հուշել մի քանի կանոն։

  • Ստեղծեք քնելու և արթնանալու հստակ ռեժիմ։

Կարևոր է քնել և արթնանալ միևնույն ժամերին անկախ աշխատանքային կամ հանգստյան օրերից։ Կայուն ռեժիմն օգնում է օրգանիզմին հասկանալ, թե երբ է մոտենում քնի ժամը։

  • Արեք այնպես, որ երեխայի նյարդային համակարգը և հոգեհուզական դաշտը զերծ մնան ակտիվացնող գործողություններից։

Քնելուց երկու ժամ առաջ խորհուրդ չի տրվում իրականացնել ակտիվ ֆիզիկական գործունեություն կամ որևէ այլ ակտիվություն, որը կդրդի դրական և/կամ բացասական հույզերի ակտիվացմանը։

  • Հետևեք, որ դպոցական տարիքի երեխան չքնի ցերեկային ժամերին։

Սա հատկապես բացասաբար կարող է անդրադառնալ նրանց վրա, ովքեր ունեն անքնություն, քնի ժամացույցի խնդիրներ, քանի որ կարող են հետաձգել քնի անցնելու գործընթացը։

  • Հետևեք, որ երեխաները չօգտագործեն կոֆեին հատկապես 17:00-ից հետո։

Կոֆեին են պարունակում սուրճը, թեյը, գազավորված ըմպելիքները, շոկոլադը։ Կոֆեինն ակտիվացնող նյութ է, որը կարող է սրել քնի հետ կապված խնդիրները։ Նույնիսկ եթե կոֆեինից հետո ստացվի քնել, քունը լինելու է մակերեսային և «անորակ»

  • Երեխան չպետք է քնի սոված վիճակում կամ լիքը ստամոքսով։

Երեկոյան ժամերին երեխաներին մի՛ առաջարկեք սպիտակուցներ և ճարպեր պարունակող դժվարամարս սնունդ։

  • Երեխան պետք է քնի մութ սենյակում։

Մթությունը կարևոր գործոն է, որն օգնում է հեշտությամբ քնել, նպաստում է օրգանիզմում քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրմանը։

  • Ստեղծեք անաղմուկ միջավայր։

Աղմուկը կարող է նպաստել ոչ միայն դժվար քնելուն, այլև արհեստական արթնացումների։

  • Ապահովեք օպտիմալ ջերմաստիճան։

Ո՛չ ցուրտը, ո՛չ էլ բարձր ջերմաստիճանը նպաստավոր չեն քնելու համար։ Հարկավոր է ապահովել սենյակային միջին ջերմաստիճան։

  • Ոչ մի համակարգիչ կամ սմարթֆոն քնելուց առնվազն մեկ ժամ առաջ։

Գաջեթներն ընկճում են սկսվող քնի գործընթացը և ազդում հետագա քնի որակի վրա։

 

Առողջ քունը երեխայի հոգեկան ու ֆիզիկական առողջության կարևոր նախապայմաններից է:


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Երեխայի անվտանգությունը

62555977
The website encountered an unexpected error. Please try again later.