Skip to main content
Հետադարձ կապ

Առաջին այցը գինեկոլոգի մոտ պետք է լինի մինչև ութ տարեկանը

Գինեկոլոգիան՝ աղջկա (նորածին, մանկահասակ, դեռահաս, չափահաս) սեռական առողջ ապրելակերպի և ֆիզիոլոգիայի ամբողջականությունն է:

Մանկական և դեռահասների գինեկոլոգ Գայանե Մնացականյանի կարծիքով՝ հայ ծնողների գերակշիռ մասը դեռ այն համոզմանն է, որ գինեկոլոգիան սեռական կյանքով ապրող կանանց դաշտն է։ Ո՞ւր է տանում այդ կարծրատիպը և ինչո՞ւ է կարևոր ՉՍՊԱՍԵԼ պատճառի՝ մինչև 15 տարեկան աղջկան գինեկոլոգի մոտ խորհրդատվության տանելու համար:

«Ուիգմոր քլինիք»-ի մանկական և դեռահասների գինեկոլոգ Գայանե Մնացականյանի հետ զրույցից դուրս ենք բերել ամենակարևորը:

Առաջին՝ պարտադիր այցը

Հայաստանում, հաճախ, մայրիկներն իրենց աղջիկներին գինեկոլոգի մոտ են տանում մեծամասամբ խնդիրների առկայության դեպքում: Բարեբախտաբար, երկրում ներդրված է աղջիկների սկրինինգային հետազոտության ծրագիրը (արվում է 15 տարեկանում), որը ենթադրում է սոնոգրաֆիկ հետազոտություն: Այս հետազոտության շնորհիվ հնարավոր է վաղ հայտնաբերել մի շարք պաթոլոգիաներ, ընտրել ճիշտ մոտեցումներ ու լուծումներ, որպեսզի աղջիկը հետագայում խուսափի լրջագույն մի շարք խնդիրներից: Ստացվում է, որ ստվերում են մնում մինչև 15 տարեկանն ի հայտ եկող խնդիրները:

Ի՞նչ կարող է «պատահել» մինչև 15 տարեկանը

Գոյություն ունեն բնածին անոմալիաներ, որոնք կարող են որևէ կերպ չարտահայտվել, և միայն գինեկոլոգի կաբինետում է հնարավոր «բացահայտել» դրանք, իսկ ուշ դրված ախտորոշումը հնարավոր է, որ կլինի ՈւՇԱՑԱԾ: Օրինակ՝ հեշտոցամուտքի ատրեզիան (հեշտոցի բնածին փակ լինելը). այս խնդրի դեպքում աղջիկը որևէ գանգատ չի ունենում, բայց սկսվում է դաշտանային ցիկլը, որի առաջին ամիսներին նույնպես անհանգստացնող նշաններ չեն նկատվում, մինչև այն պահը, երբ դաշտանային արտազատուկը կուտակվելով հեշտոցում առաջացնում է որովայնային ցավեր, և միայն դա է ստիպում ծնողներին երեխային բերել գինեկոլոգի մոտ: Ի՞նչ էր պետք իմանալ: Այն, որ ժամանակին արված արտաքին պարզագույն զննումը կբացահայտեր այդ խնդիրը և կօգներ կանխարգելել հետևանքները:

Նորածիններից մինչև 8 տարեկան աղջիկների շրջանում ամենից հաճախ հանդիպող խնդիրներից են ձեռքբերովի սինեխիաները (բարակ թաղանթով հեշտոցամուտքի եզրերի աննշան կպումները): Սա բնածին արատ չէ: Ութ տարեկանից սկսած հեշտոցում և հեշտոցամուտքում գտնվող մանր և մեծ գեղձերը սկսում են աշխատել (արտազատուկ արտադրել), որը խոնավեցնում է հեշտոցամուտքն ու հեշտոցը՝ վերը բերված խնդիրը վերանում է, քանի որ սինեխիաներն առաջանում են հեշտոցամուտքի և հեշտոցի չորության պատճառով: Հետևություն. առաջին այցը գինեկոլոգի կաբինետ պետք է լինի մինչև ութ տարեկանը:

«Որպես մանկական և դեռահասների գինեկոլոգ՝ կարծում եմ, որ իդեալական կլիներ, եթե աղջիկներն իրենց առաջին գինեկոլոգիական զննումն անցնեին 3 տարեկանում կամ 6 տարեկանում՝ մանկապարտեզ կամ դպրոց ընդունվելուն նախորոդող հետազոտությունների ժամանակ»:

ԿԱՐԵՎՈՐ - Առաջին այցի ժամանակ գինեկոլոգի հետ կայանում է ծանոթություն և առաջին՝ չափազանց նրբանկատ զրույցն այդ թեմաներով: Այդ հանդիպման ժամանակ մասնագետն աղջկան պետք է ծանոթացնի իր ֆիզիոլոգիային, սովորցնի չվախենալ օրգաններն իրենց անուններով կոչելուց:

Այս այցերը, որոնց դեպքում բնավ պարտադիր չէ, որ որևէ խնդիր բացահայտվի, թույլ կտան աղջիկներին չվախենալ գինեկոլոգներից՝ սերմանելով մասնագետին դիմելու մշակույթը: Հակառակ դեպքում աղջիկներն իրենց հուզող հարցերի պատասխանները փնտրում են «դրսում», ինչը կարող է լուրջ վտանգների պատճառ դառնալ:

Աղջիկների հիգիենան

Առաջին այցերը գինեկոլոգի մոտ նաև ուսուցողական են, ու այստեղ շատ կարևոր է խոսել հիգիենայի մասին: Աղջիկների հիգիենան առանձնակի գործառույթ է, որը պետք է արվի ժամանակին ու ճիշտ: Առաջինն ու ամենակարևորը՝ աղջկա ներքնահագուստը ԵՐԲԵՔ չլվանալ այլ հագուստի հետ: Եթե եղանակային պայմանները թույլ են տալիս, ապա ՑԱՆԿԱԼԻ է արևի ուղիղ ճառագայթների տակ չորացնելը: ՊԱՐՏԱԴԻՐ է մանրակրկիտ արդուկելը (երկու կողմից):

Կարևոր է նաև աղջկա սեռական օրգանները ճիշտ լվանալու կարգը: Պետք է լվանալ առջևից դեպի հետ ուղղությամբ:

Սեռական օրգանները (հետանցքը սեռական օրգան չէ) պարտադիր չէ և պետք էլ չէ ամեն օր լվանալ լվացող միջոցով. հոսող տաք ջուրն իդեալական է այս դեպքում: Օրական մեկ անգամ լվանալը լրիվ բավական է: Իսկ լվացող միջոցով կարելի է լվանալ շաբաթական 1-2 անգամ: Իմիջիայլոց, լվացող միջոցն ընտրելիս ուշադրություն դարձրե՛ք՝ այն պետք է ունենա չեզոք Ph, պետք է չպարունակի գունանյութեր և այլ հավելումներ:

Առաջին դաշտան

Մեր տարածաշրջանում մենարխի՝ այսինքն բուն առաջին դաշտանի տարիքը 11,4-ն է: Բայց վերջին շրջանում հաճախակիացել են շեղումները: Ի դեպ, ավելի հաճախ հանդիպում է վաղաժամ սեռահասունացումը, քան ուշացած:

9-16 տարեկան. սա այն տարիքային դիապազոնն է, երբ ծնողը պետք է լինի հետևողական և սպասողական: Օրինակ՝ եթե 9 տարեկանում արդեն մենարխ է դիտվել՝ ծնողն անելիք չունի՝ պիտի հսկի, որպեսզի այդ ամենն ընթանա հարթ՝ առանց նյարդային համակարգի ցնցումների:

Եթե մինչև 16 տարեկանը չկան սեռահասունացման նշաններ՝ պետք է սպասել: Պետք է անհանգստանալ, եթե աղջիկն արդեն 13-14 տարեկան է, իսկ երկրորդային սեռական հատկանիշների դրսևորումներ չկան:

Առաջին դաշտանից սկսած, առաջիկա երկու տարում ինչպիսի գանգատ էլ, որ ներկայացնի աղջիկը՝ դրա տակ որևէ պաթոլոգիա փնտրելը սխալ է, որովհետև դա այն ժամանակահատվածն է, երբ օրգանիզմը հարմարվում է նոր իրավիճակին: Գանգատներն, իհարկե, պետք չէ անտեսել: Եթե մայրը շեշտում է, որ մենարխից դեռ երկու տարի չի անցել, ապա դա հուշում է մասնագետին, որ արվող հետազոտությունները զուտ այն բանի համար են, որպեսզի պարզվի՝ օրգանիկ (կառուցվածքային) առումով ամեն բան կարգին է, թե՝ ոչ: Այդ երկու տարում օրգանիզմում որոշակի հորմոնների քանակը որոշելն անօգուտ աշխատանք է, որովհետև ստացվող թվերը կարող են լինել բավականին շեղված կամ նորմալ, բայց չլինել ինֆորմատիվ:

Եթե մենարխից անցել է 2 տարի, իսկ համակարգը չի կարգավորվել, չի դարձել կանոնավոր (ռեգուլյար), ապա դիմում ենք մանկական և դեռահասների գինեկոլոգի, որը պետք է հետազոտությունների անհատական պլան գծի:

Դաշտանային ցիկլի խանգարումներ

Ցանկացած շեղում նորմայից հուշում է՝ պետք է դիմել մասնագետի: Խանգարումներից ամենաանհանգստացնողը դաշտանային ցիկլի բացակայությունն է:

Սեռական համակարգը և այն կարգավորող գլխուղեղի համապատասխան կենտրոնը շատ զգայուն են ցանկացած գործոնի նկատմամաբ՝ ապրելակերպի փոփոխությունից մինչև խոշոր սթրես և նույնիսկ եղանակային փոփոխությունՆյարդահոգեհուզական ֆոնն ուղիղ ազդեցություն է գործում այս համակարգի վրա ու կարող է ոչ միայն առաջին դաշտանի ուշացման պատճառ դառնալ, այլ նաև խաթարել արդեն իսկ ձևավորված դաշտանային ցիկլը:

Ի դեպ, դաշտանային ցիկլի պարբերականությունը 19-21 օրից մինչև 45 օր համարվում է նորմա:

Հաճախ է խոսվում դաշտանն ուղեկցող ցավերի մասին: Պետք է նկատել, որ ցավային շեմը շատ անհատական երևույթ է՝ երբեմն տհաճ զգացողությունը կամ անհանգստացնող զգացողությունները ներկայացվում են իբրև ցավ: Ամեն դեպքում, եթե առկա է նման բան, պետք է խորհրդակցել մանկական և դեռահասների գինեկոլոգի հետ՝ բացառելու ավելի լուրջ խնդիրները:

Անհանգստացնող ազդակ պետք է հանդիսանա նաև մակարդուկներով ուղեկցվող արյունային առատ արտադրությունը: Օրական 6-8 միջադիր փոխելը առատ արտադրության ցուցիչ է: Նկատելու դեպքում՝ դիմել մասնագետին:

Ցանկացած բան, որը աղջկան և/կամ մորը թվում են աննորմալ՝ պետք է մանկական և դեռահասների գինեկոլոգին այցելելու պատճառ դառնա:


Դիտե՛ք մասնագետի հետ զրույցն ամբողջությամբ

Նույնաբովանդակ այլ նյութեր