Skip to main content

Ի՞նչ է պատվաստումը

Պատվաստումներն առողջապահության հրաշքներից են: Վերջին 2 տասնամյակում, դրանց շնորհիվ փրկվել է ավելի քան 20 միլիոն կյանք: Հարկ է նշել, որ աշխարհում միայն կարմրուկի բռնկումների ընթացքում ամեն շաբաթ 2-3 երեխա է մահանում: Պատվաստումներն ամենաապահով, արդյունավետ և անվտանգ առողջապահական միջամտություններից են, որոնք հնարավոր են այսօր:

Հայաստանում պատվաստումների օրացույցում ընդգրկված բոլոր պատվաստանյութերը մատակարարվում են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ-ի) կողմից: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ապահովում է դրանց որակը, անվտանգությունը և արդյունավետությունը:

ՅՈՒՆԻՍԵՖը, սերտ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և այլ կազմակերպությունների հետ, աջակցում է Հայաստանի Հանրապետության երեխաների պատվաստումների իրականացմանը:

Ի՞նչ է պատվաստումը

Պատվաստումը անհետաձգելի գործողություն է: Յուրաքանչյուր երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում անհրաժեշտ է պատվաստումների մի ամբողջ շարք:

Պատվաստումը պաշտպանում է մի շարք վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություններից: Իմունիզացիա չստացած երեխան ավելի մեծ հավանականություն ունի հիվանդանալու ինֆեկցիոն հիվանդություններով, որոնք առաջացնում են ժամանակավոր և մշտական հաշմանդամություն, թերսնում, դառնում մահվան պատճառ:

Թեթև հիվանդություն, հաշմանդամություն ունեցող կամ թերսնված երեխային պատվաստելն անվտանգ է:

Յուրաքանչյուր նոր ներարկման համար անհրաժեշտ է օգտագործել նոր, մանրէազերծ ասեղ և ներարկիչ: Անհրաժեշտ է, որ այս կանոնը պահպանվի:

Հիվանդությունն արագ է տարածվում, երբ շատ մարդիկ են հավաքվում մի տեղում: Խիտ բնակեցվածության պայմաններում ապրող բոլոր երեխաները, մանավանդ փախստականները և աղետի իրավիճակներում հայտնվածները, պետք է անմիջապես իմունիզացիա ստանան, հատկապես կարմրուկի դեմ:

Շատ հաճախ ավելի հեշտ է մի շարք հիվանդություններ կանխարգելել, քան դրանք բուժել: Այդ հիվանդությունների շարքին են պատկանում, օրինակ՝ տուբերկուլոզը, հեպատիտ Բ-ն, դիֆթերիան, փայտացումը, կապույտ հազը և այլն: Պատվաստումների միջոցով դրանք կարելի է կանխարգելել, այդ իսկ պատճառով էլ այդ ինֆեկցիաները կոչում են նաև կառավարվող: Պատվաստումները երեխաների մոտ առաջացնում են անընկալություն տվյալ հիվանդության նկատմամբ, իսկ եթե պատվաստված երեխան նույնիսկ հիվանդանում է, ապա հիվանդությունն ընթանում է ավելի թեթև:

Ի՞նչ է պատվաստանյութը

Պատվաստումը կատարվում է պատվաստանյութի միջոցով, որը, ներարկվելով երեխայի օրգանիզմ, առաջացնում է անընկալություն (իմունիտետ) տվյալ հիվանդության նկատմամբ, այսինքն՝ պաշտպանում է երեխային տվյալ հիվանդությունից, իսկ եթե նույնիսկ պատվաստված երեխան այնուամենայնիվ հիվանդանում է, ապա հիվանդությունն ընթանում է ավելի թեթև, քան կընթանար առանց պատվաստման:

Պատվաստանյութերը չեն վնասում երեխային: Ինչպես ներարգանդային կյանքում, այնպես էլ մայրական կաթի միջոցով նորածնին են փոխանցվում հակամարմիններ, որոնք նրան պաշտպանում են որոշ հիվանդություններից: Սակայն մեծանալու հետ միասին (6 ամսականից սկսած) երեխան կորցնում է մորից ստացած իմունիտետը, այդ իսկ պատճառով այս կամ այն հարուցիչի նկատմամբ անընկալություն առաջացնելու համար հարկ է լինում դիմել պատվաստումների օգնությանը:

Ամեն ինչ պատվաստումների մասին

Երեխայի խնամք և առողջ սովորույթեր