Լոգանքի կազմակերպում
Կյանքի առաջին ամսում երեխաները ամեն օր լողանալու կարիք չունեն: Շաբաթական 3 անգամյա լոգանքը բավական է, որպեսզի նորածինը լինի մաքուր և ունենա նուրբ մաշկ, քանզի հաճախակի լոգանքները նպաստում են մաշկի չորացմանը։ Մինչև պորտային մնացորդի ընկնելը, խորհուրդ է տրվում կատարել այսպես կոչված <<սպունգային լոգանք>> ( փափուկ կտորով սրբել երեխայի մարմինը, բնական ծալքերի շրջանները․ գլուխը կարելի է առանձին լվանալ)։ Երեխային կարելի է լողացնել կերակրումների արանքում:
Սենյակի ջերմաստիճանը, որտեղ լողացվում է երեխան, պետք է լինի առնվազն 22° C:
Ջրի ջերմաստիճանը պետք է լինի մոտավորապես 37-38° C. ստուգել ջերմաչափով, կամ արմունկով, այն պետք է լինի տաք, սակայն` ոչ գոլ:
Լողացնելու համար պետք է օգտագործել սովորական մաքուր ջուր և մանկական, ցանկալի է հեղուկ օճառ:
Լողացնել ձեռքով կամ փափուկ կտորով (օրինակ՝ սրբիչե), երեխան կարիք չունի սպունգի կամ այլ միջոցների:
Պետք է այնպես անել, որ լսողական անցուղու մեջ ջուր չլցվի: Երեխայի աչքերը լվանալու կարիք չկա, քանի որ աչքերը մաքրվում են արցունքներով:
Սկզբում պետք է լվանալ երեխայի կրծքավանդակը, որովայնը, ձեռքերը, ոտքերը, վերջում նոր միայն գլուխը (գլուխը լվանալիս այն պետք է մի փոքր հետ գցել):
Այնուհետև պետք է շրջել փոքրիկին և պահել կրծքի կողմից: Լվանալ թիկունքը, հետույքը և աճուկները:
Երեխային պետք է չորացնել տաք սրբիչով. չպետք է շփել, այլ սրբիչը թեթևակի հպել մաշկին, որպեսզի ջուրը ներծծվի:
Զգուշորեն չորացրեք ականջախեցին, մաքրեք լսողական ուղու միայն արտաքին հատվածը: Կարիք չկա խորը մաքրման, քանի որ լսողական ուղին կարող է վնասվել, ինչպես նաև կստեղծվեն պայմաններ ծծմբային խցանի առաջացման համար:
Սովորաբար կարիք չկա օգտագործելու հատուկ յուղեր կամ ցանափոշի: Եթե երեխայի մաշկը չափազանց զգայուն է և հեշտությամբ է գրգռվում, կարելի է օգտագործել ցանափոշի: Եթե մաշկը շատ չոր է, կարելի է օգտագործել մանկական յուղեր կամ խոնավեցնող քսուքներ:
Բացի լողացնելուց, երեխայի հետույքի և շեքի շրջանը պետք է լվանալ յուրաքանչյուր կեղտոտելուց հետո: