Skip to main content
Հետադարձ կապ

Ռախիտ կամ վիտամին D-ի ու Ca-ի (կալցիումի) պակաս

Ռախիտը մանկական հիվանդություն է, որը բնորոշվում է երեխայի ոսկրերում կալցիումի և ֆոսֆորի քանակի նվազումով և հանգեցնում է ոսկրերի աճի խանգարման:

Ռախիտի առաջացումը կանխելու նպատակով երեխային պարտադիր պետք է տալ վիտամին Դ-ի պատրաստուկ 400-500 ՄՄ օրական դեղաչափով, կյանքի առաջին շաբաթից մինչև 2 տարեկան հասակը։

Ոսկրերի և ատամների հիմնական զանգվածը կալցիումն է: Պահեստավորվելով ոսկրերում՝ ըստ կարիքի կալցիումն անցնում է արյան մեջ՝ անհրաժեշտ խտությունն ապահովելու համար:

Հայտնի է, որ կալցիումի անբավարար ընդունումը մանկության հասակում (հատկապես՝ մինչև երեք տարեկանը) և դեռահասության շրջանում հանգեցնում է ոսկրերի ոչ լիարժեք հանքայնացման: Այդ պատճառով ոսկրերը հեշտությամբ են դեֆորմացվում վաղ մանկական հասակում և հակված են կոտրվածքների ավելի մեծ տարիքում:

Օրգանիզմը բավարար քանակությամբ կալցիումով ապահովելու համար երեխային հատկապես անհրաժեշտ է կաթնամթերք (կաթ, մածուն, պանիր, կաթնաշոռ): Որպեսզի երեխան լավ յուրացնի սննդում եղած կալցիումը և ֆոսֆորը նրան անհրաժեշտ է բավարար քանակությամբ վիտամին D, որը նպաստում է աղիներից այս հանքանյութերի ներծծման: Հետևաբար, վիտամին D-ի պակասի դեպքում կարող է զարգանալ ռախիտ: