Skip to main content

Թունավորումներ

Թունավորումներն առօրյա կյանքում հաճախ հանդիպող հիվանդագին վիճակներից են և առաջանում են թունավոր նյութերի՝ տարբեր ուղիներով մարդու օրգանիզմ թափանցելու հետևանքով: Շատ կարևոր է դրանք ժամանակին ճանաչելը: Երեխաների մոտ հիվանդագին նշանների առկայության դեպքում նախևառաջ անհրաժեշտ է պարզել՝ ինչ է կերել երեխան, որտեղ է գտնվել, ինչին է դիպել: Տարօրինակ հոտերը, վառվող կրակը, տուժածի կողքին ընկած բաց և դատարկ դեղատուփերը, ներարկիչները, ասեղները և այլն, կարող են շատ բան հուշել հիվանդության առաջացման պատճառների մասին: Թունավորման նվազագույն կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք շտապ օգնության:

Ինչի վրա ուշադրություն դարձնել թունավորման ժամանակ

Տարբեր տեսակի թունավորումների մասին ձեզ կարող են հուշել հետևյալ նշանները.

  • հիվանդագին տեսք, ընդհանուր թուլություն
  • որովայնի շրջանում ցավեր, լուծ
  • գունատ, խոնավ մաշկ,
  • սրտխառնոց, փսխում
  • դժվարացած շնչառություն
  • քնկոտություն կամ գրգռված վիճակ
  • գլխացավ, գլխապտույտ, երերուն, անհաստատ քայլվածք,
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում կամ իջեցում,
  • ցնցումներ,
  • գիտակցության խանգարումներ:

Կլլվող թույներ

Կլլվող թույները այն թույներն են, որոնք մարդու մարմին ներթափանցում են մարսողական համակարգի միջոցով: Կլլվող թույներից են ալկոհոլը, դեղամիջոցները, կենցաղում օգտագործվող մի շարք նյութեր, օրինակ՝ լվացող միջոցներ:

Մնացեք երեխայի կողքին, պահպանեք նրա մարմնի նորմալ ջերմաստիճանը:

Պահեք թունավորման ենթադրվող պատճառ դարձած սննդամթերքը, դեղորայքը և այլն:

Ահազանգեք շտապ օգնության:

Ներծծվող թույներ

Տարբեր թունավոր նյութեր, օրինակ ծառերի սրսկման համար օգտագործվող նյութերը, թափանցելով մաշկի վրա, կարող են ներծծվել արյան մեջ և առաջացնել թունավորում: Այդ դեպքում, բացի թունավորման ընդհանուր նշաններից, կարող են նկատվել նաև մաշկի գույնի փոփոխություն, ցան, այտուց, ցավ, քոր և այրոց այդ հատվածում:

Օգնություն ցուցաբերելիս օգտագործեք ռետինե ձեռնոցներ կամ այլ պաշտպանիչ միջոցներ:

Անմիջապես՝ մինչև շտապ օգնության ժամանումը, թույնի հետ շփված մասը լվացեք հոսող ջրի տակ:

Ահազանգեք շտապ օգնության:

Լվանալուց առաջ մի վիրակապեք վնասված մասը:

Ներշնչվող թույներ

Շնչառական թունավորումների հանգեցնող թունավոր գազերը օգտագործվում են կենցաղում, կարող են առաջանալ վառելիքի թերայրումից, շարժիչների, վառարանների անսարքության հետևանքով և այլն: Որոշ քիմիական նյութերի գոլորշիներ (ներկեր, լուծիչներ և այլն) նույնպես կարող են առաջացնել շնչառական թունավորումներ:

Օդափոխեք տարածքը և երեխային շտապ տեղափոխեք վտանգավոր գոտուց

Ահազանգեք շտապ օգնություն:

Ներարկվող թույներ

Ավելի հաճախ հանդիպող դեպքերն են օձերի կծածները, կարիճների և միջատների խայթոցները:

Սահմանափակեք երեխայի շարժումները: Պահեք մարմնի վնասված հատվածը սրտի մակարդակից ցածր:

Կարիճների կամ միջատների խայթոցների դեպքում զգուշությամբ հեռացրեք խայթը, լվացեք վերքը և սառը թրջոց դրեք:

Երեխային մեծ քանակությամբ հեղուկներ տվեք:

Դիմեք բժշկի: Օձի կծելու դեպքում, կամ եթե երեխան ալերգիա ունի, ահազանգեք շտապ օգնության կամ երեխային անհապաղ տեղափոխեք մոտակա հիվանդանոց:

Թունավորումների կանխարգելում

Երեխաների մոտ թունավորման դեպքերի մեծ մասը ծնողների կամ մեծահասակների անզգուշության, անփութության և անուշադրության հետևանք են: Հետևելով մի շարք կանոնների՝ կարելի է կանխել թունավորման դեպքերի գերակշռող մեծամասնությունը:

Կենցաղային թունավոր նյութերը հարկավոր է պահել փակվող պահարաններում, դժվար բացվող տարաներում: Թունավոր նյութերի սրվակների կամ տուփերի վրա պետք է փակցնել նախազգուշացնող պիտակներ: Պետք չէ երեխաների ներկայությամբ աշխատել թունավոր նյութերի հետ: Դեղերն անհրաժեշտ է պահել երեխաների անհասանելի տեղերում: Երեխային դեղ տալիս պետք է բացատրել, որ այն դեղ է, և ոչ թե կոնֆետ: Պետք է խուսափել ժամկետանց դեղորայքի, կասկածելի սննդամթերքի օգտագործումից:

Բացատրե՛ք երեխային, որ չի կարելի՝

  • անծանոթ բույսեր, հատապտուղներ քաղել և ուտել,
  • ինքնուրույն խմել դեղեր կամ խաղալ դրանցով,
  • ծառերը սրսկելուց հետո այգի մտնել,
  • չլվացված պտուղներ ուտել:

Բոտուլիզմ

Տանը պատրաստած պահածոների օգտագործումից հաճախ զարգանում է կյանքի համար վտանգավոր թունավորում՝ բոտուլիզմ: Բոտուլիզմը կարելի է կանխարգելել՝ օգտագործելով միայն գործարանային արտադրության պահածոներ և խուսափելով կասկածելի պահածոներից:

Առողջական խնդիրներ