Skip to main content
Հետադարձ կապ

Քովիդ 19. Երեխան՝ անախտանիշ վարակակիր. Քովիդի հնարավոր հետևանքները

Հայաստանում Քովիդի համավարակի տարածումից  ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ն բազմաթիվ ծրագրեր են իրականացրել՝  աջակցելու համավարակի կանխմանը/տարածման տեմպերի նվազմանը: Արդեն մեկ տարուց ավելի տևող համավարակի շրջանում, համագործակցելով մարդկանց առողջությամբ մտահոգ պատասխանատու մարմինների հետ, առանձին-առանձին և՛ տեխնիկական, և՛ հոգեբանական աջակցման ծրագրեր են իրականացվել տարբեր խմբերի հետ, օգնելով դիմակայել վարակին: Բայց, որքան էլ մասնագետները ջանք գործադրեն, հաջողության հասնելու ամենաարդյուավետ միջոցներից մեկը անձնական պատասխանատվությունն է սեփական և այլոց առողջության նկատմամբ: Համավարակի օրերին անձնազոհաբար աշխատող մանկաբույժը հորդորում է չանտեսել երեխաների ապահովությունը. Վարակը նրաց համար ևս վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ:

2020 թվականի մարտի մեկին Հայաստանում գրանցվեց Քովիդ-19 -ով վարակման առաջին դեպքը։ Համավարակն իր հետ բազմաթիվ անպատասխան հարցեր ու վախեր բերեց։ Մեկ տարի աշխարհն արդեն ունի շատ հարցերի պատասխաններ, նաև՝  հետևություններ անելու բավականաչափ փորձ:

Մանկաբույժ, վարակաբան Հռիփսիմե Ապրեսյանը մեկն է այն մասնագետներից, որոնք համավարակի առաջին ալիքի օրերին զօր ու գիշեր հիվանդանոցում էին։ Մենք զրուցել ենք նրա հետ՝ ստանալու հատկապես ծնողներին հուզող հարցերի պատասխանները։

-Համավարակի հենց սկզբից կար համոզմունք, որ երեխաները կա՛մ չեն վարակվում, կա՛մ վարակն ավելի թեթև են տանում, հիմնականում առանց ախտանշանների։ Գրեթե մեկ տարի անց, կարո՞ղ ենք նույնը պնդել։

Հ․Ա․ -Իսկապես, երեխաներն ավելի քիչ են վարակվում՝ կա՛մ տանում են հիվանդությունը թեթև,  կա՛մ անախտանիշ: Մեկ տարվա փորձը ցույց տվեց, սակայն, որ նույնիսկ անախտանիշ կամ թեթև հիվանդությունից հետո վըանգ կա, որ կարող է զարգանալ Քովիդ ասոցացված մանկական բազմաօրգանային բորբոքային համախտանիշ (կավասակիանման համախտանիշ): Մուրացան հիվանդանոցի բոքսային բաժանմունքում այս ամիսներին վերոնշյալ համախտանիշով բուժում ստացած բոլոր 17-ն երեխաները անախտանիշ կա՛մ թեթև Քովիդ էին տարել, ինչը հնարավոր է եղել արձանագրել հակամարմինների հայտնաբերմամբ:

-Երեխա ասելով, ո՞ր տարիքային խումբն ենք հասկանում: Կա՞ն ավելի կամ պակաս խոցելի խմբեր։

Հ․Ա․ -Երեխա ասելով նկատի ենք ունենում մինչև 18 տարեկաններին, և իմ պրակտիկայում չեմ տարանջատի տարքային այս կամ այն խումբը:  

-Հայտնի է, որ համավարակը հատկապես վտանգավոր է տարեց և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար, իսկ քրոնիկ հիվանդություն ունեցող երեխաները համարվո՞ւմ են խոցելի խումբ։

Հ․Ա․ -Այո, խրոնիկ հիվանդություն ունեցող երեխաները նույնպես համարվում են խոցելի խումբ: Ինչպես բոլոր վիրուսային վարակների դեպքում, այնպես էլ այս դեպքում չի բացառվում ծանր ընթացքը, հատկապես ուղեկցող խրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների դեպքում։

-Ինչպիսի՞ն է մանկական հիվանդացության վատագույն պատկերը Քովիդի համատեքստում՝ սրացումներ, մահացություն և այլն։

Հ․Ա․ -Թե՛ համաշխարհային վիճակագրական պատկերը, թե՛ սեփական փորձս, բարեբախտաբար,  ցույց են տալիս ցածր հիվանդացություն և ցածր մահացություն՝ մանկական հասակում: Մահացությունը ցածր է 1%ից, անգամ շատ երկրներում 0, 0.. ական թվեր են նշվում: Մուրացան համալսարանական հիվանդանոցի տվյալներով, մահացության դեպք չի գրանցվել:

-Երեխաների ճնշող մեծամասնությունը չի թեստավորվում․ ենթադրելի է, որ դա կարող է բարդացնել կրկնավարակի մասին ամբողջական տեղեկություններ հավաքելը: Այնուամենայնիվ, որքա՞ն հաճախ են երեխաները երկրորդ անգամ վարակվում։

Հ․Ա․ -Այո, հիվանդության թեթև ընթացքը հաճախ բացառում է թեստավորման անհրաժեշտությունը: Այնուհանդերձ արձանագրված են կրկնավարակի դեպքեր ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների շրջանում, բայց դրանք եզակի դեպքեր են:

-Հայաստանում կյանքը որոշակիորեն վերադարձել է բնականոն վիճակին՝ երեխաները գնում են մանկապարտեզ ու դպրոց, հաճախում են ժամանցի վայրեր, օգտվում են տրանսպորտից։ Արդյո՞ք դեռ պետք են զգոնության կոչեր։

Հ․Ա․ -Միանշանակ, քանի որ ինչպես արդեն նշեցի՝ անգամ անախտանիշ կամ թեթև ձևերից հետո  կարող է զարգանալ կավասակիանման համախտանիշ, որը թերևս մանկական հասակում հանդիպող Քովիդ ասոցացված ամենածանր բարդությունն է: Սա նկատի ունենալով ուզում եմ կոչ անել չկորցնել զգոնությունը և պահպանել հակահամաճարակային կանոնները։

 


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: