Skip to main content

Պատրաստվում ենք մեկնել ծով երեխաների հետ. օգտակար խորհուրդներ ծնողներին

Ի՞նչ վերցնել լողափ գնալիս. անհրաժեշտ իրերի ցուցակ

Պաշտպանություն արևից

  • արևապաշտպան քսուք՝ արևից առավելագույն պաշտպանությամբ, վստահելի ընկերության արտադրության և նախատեսված համապատասխան տարիքի երեխայի համար: Լավ է, եթե հեշտ է մաշկին քսվում, կպչան չէ և ջրակայուն է: Քսուքը հարկավոր է քսել արևի տակ դուրս գալուց 15 րոպե առաջ և թարմացնել ամենաուշը յուրաքանչյուր երկու ժամը մեկ կամ ամեն անգամ ջրից դուրս գալուց կամ ինտենսիվ քրտնելուց հետո;
  • գլխարկ;
  • ծածկոց;
  • արևից պաշտպանող թեթև երկարաթև հագուստ;

Խաղեր

  • հաշվի առնելով Ձեր երեխայի նախասիրությունները՝ ծովափ կարելի է տանել ավազի հետ խաղալու պարագաներ՝ դույլ, բահ և այլն, ինչպես նաև՝ թռչող ափսե (frisbee), թեթև գնդակ և այլն

Մանկաբույժ, բ.գ.թ. Մարի Դարակչյանը պատասխանում է ծով մեկնելու հետ կապված մի շարք կարևոր հարցերի

Ո՞ր տարիքից երեխային կարելի է ծով մտնել կամ ուղղակի թրջել տոտիկները:

Մ.Դ.- Հակացուցում չկա, եթե առկա են բոլոր պատվաստումները, ծովի ջերմաստիճանը բավարար է, արևի տակ գտնվելու թույլատրելի ժամերը հաշվի են առնվել: Հաշվի՛ առեք այն փաստը, որ երեխային տանը առաջարկում ենք լոգանք 37 ջերմաստիճանի ջրում, հետևաբար ծովը երեխայի համար կարող է լինել սառը, ուստի միանգամից ամբողջությամբ երեխային ընկղմել ջրի մեջ խորհուրդ չի տրվում: Հարկավոր է դա անել աստիճանաբար կամ տանը նախապես քիչ-քիչ երեխային ավելի սառը ջրին վարժեցնելով: Իսկ արևի տակ տաքանալուց հետո, ջուրը կարող է էլ ավելի սառը թվալ, հետևաբար երեխայի վրա ջերմաստիճանի տատանումը կարող է կրկնակի ազդեցություն ունենալ:

Որքա՞ն ժամանակ երեխան կարող է գտնվել արևի տակ: Ինչպե՞ս է այդ ժամանակը փոփոխվում՝ կախված երեխայի տարիքից:

Մ.Դ. Այստեղ կարևոր է հասկանալ, թե որ ժամերն են ընդունելի տվյալ ծովի համար, քանի որ դրանք տարբեր են՝ կախված ծովի աշխարհագրական դիրքից: Սովորաբար խորհուրդ ենք տալիս, որ երեխան գտնվի արևի տակ արևածագից երեք ժամ հետո և մայրամուտից երեք ժամ առաջ: Սա չի նշանակում, որ երեխան 6 ժամ կարող է մնալ արևի տակ: Երբ գնում եք երեխայի հետ հանգստանալու, անկախ երեխայի տարիքից, գլխավոր նպատակն է երեխայի ռեժիմը չխախտելը, ոսւտի հարկավոր է հնարավորինս առաջնորդվել այդ ռեժիմով: Այսինքն եթե Երևանում առավոտյան զբոսնում եք մեկ ժամ, ապա նույնը կարող եք անել նաև ծովում:

Ի՞նչ հագուստ և լողազգեստ է պետք վերցնել երեխաներին. արդյո՞ք դրանք պետք է լինեն հնարավորինս բաց, թե երկարաթև, բայց բարակ:

Մ.Դ. - Մինչև 6 ամսական երեխաների դեպքում արևապաշտպան քսուքներից օգտվելու խնդիր ունենք, քանի որ ոչ բոլոր քսուքներն են նախատեսված այդ տարիքի համար, ուստի հարկավոր է երեխային հագցնել երկարաթև լողազգեստ կամ բարակ երկարաթև հագուստ: Գլուխը հարկավոր է ծածկել մեծ գլխարկով՝ դեմքը պաշտպանելու համար: Իսկ 6 ամսականից բարձր երեխաներին պետք է պարբերաբար պատել արևապաշտպան քսուքներով, որը հարկավոր է թարմացնել ամեն անգամ, երբ երեխան դուրս է գալիս ջրից կամ ինտենսիվ քրտնում է: Որպեսզի անակնկալներ չլինեն, տանը նախապես կարելի է քսուքը քսել նախաբազկի ներսային մակերևույթի մի փոքր հատվածին՝ համոզվելու համար, որ երեխան ալերգիա չունի քսուքի հանդեպ, ապա՝ օգտագործել:

Մի քանի չի կարելիներ, եթե այդպիսիք կան իհարկե:  

Մ.Դ. – Շատ կարևոր է մեկնելուց առաջ ճշտել տվյալ երկրի էպիդեմիոլոգիական վիճակը, որովհետև որոշ երկրներ ճամփորդելիս կան հատուկ պատվաստումներ, որոնք հարկավոր է ստանալ, իսկ դրանցից որոշները հակացուցված են մինչև որոշակի տարիք: Մասնավորապես, մեր երկրի հարևան Վրաստանում կան կարմրուկի դեպքեր, ուստի եթե երեխան դեռ պատվաստված չէ կարմրուկի դեմ և վեց ամսականից մեծ է, հարկավոր է դիմել տեղամասային պոլիկլինիկա, բացատրել, որ պատրասվում եք մեկնել կարմրուկով էպիդեմիոլոգիական վատ վիճակում գտնվող երկիր, և դուք կստանաք կարմրուկի դեմ ևս մեկ հավելյալ պատվաստում: Եթե երեխան մեկ պատվաստումն արդեն ստացել է, նա դեռ երկուսը պարտադիր պետք է ստանա, սակայն, եթե վեց ամսականից ավել է, և պատրաստվում եք ճամփորդել Վրաստան կամ Ուկրաինա, պարտադիր է նաև ստանալ հավելյալ պատվաստումը, որովհետև պատվաստումների բոլոր չափաբաժինները չստացած երեխան կարող է վարակվել: Հավելյալ պատվաստումը չի բացառում հաջորդ հերթական պատվաստումը:

Հակացուցված է բաց վիճակում արևի տակ պառկելը, քանի որ վերջինս կարող է հանգեցնել խորը այրվածների, որոնք շատ վտանգավոր են և կարող են վտանգել երեխայի կյանքը: Եթե այդ շոգ երկրներում ճամփորդում եք նաև մեքենայով, արգելվում է նույնիսկ մեկ րոպեով երեխային միայնակ թողնել փակ մեքենայում, քանի որ փակ պատուհաններով մեքենայում ջերմաստիճանը շատ արագ կարող է հասնել 40-50 աստիճանի, և մի քանի րոպեն բավական կլինի, որպեսզի երեխան ծանր վնասվածքներ ստանա, ընդհուպ մինչև մահ:

Ո՞ր տարիքից երեխան կարող է մտնել լողավազան:

Մ.Դ. – Լղովազանի դեպքում կարևոր է ջրի մաքրման եղանակը: Այսինքն, եթե օգտագործվում են քլոր կամ այլ քիմիական նյութեր, պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի երեխան ջուր կուլ չտա և մաշկը չգրգռվի: Լավագույն տարբերակն այն է, երբ լողավազանն ունի ֆիլտրացիոն համակարգ, և ջուրը մաքրվում է օզոնատորներով: Այս դեպքերում քիմիկատների օգտագործումը մինիմալ է կամ բացակայում է: Սակայն ցավոք հանգստյան վայրերի, հյուրանոցների լողավազաններում առկա է քլորի որոշակի կոնցենտրացիա, որը տոքսիկ է երեխաների համար: Լողավազանի մաքրման մեթոդի, օգտագործվող նյութերի, դրանց կոնցենտրացիայի մասին կարող եք ճշտել հյուրանոցից, և համացանցում փնտրել և հասկանալ՝ արդյոք քիմիկատի կոնցենտրացիան ընդունելի է երեխայի համար, թե ոչ: Եթե կասկածներ կան, ավելի լավ է երեխան չմտնի լողավազան:

Վերջին տարիներին ի՞նչ խնդիրներ են առավել հաճախ հանդիպում ծովից վերադարձած երեխաների/ընտանիքների մոտ, և ինչպե՞ս կարել է խուսափել դրանցից:

Մ.Դ. Հիմնական խնդիրները կապված են ծովի «առանձնահատկություններից»: Օրինակ՝ Վրաստանի Սև ծովն իր բաղադրությամբ ավելի քիչ աղի է, իսկ ջրի ջերմաստիճանը՝ ավելի բարձր: Եվ այս գործոնների հաշվին, ի տարբերություն մյուս ծովերի, այստեղ կարող են որոշակի վիրուսներ և միկրոբներ բազմանալ, ինչը սովորաբար ծովերին բնորոշ չէ: Դրա հետևանքով երեխաները հաճախ վերադառնում են Վրաստանից ռոտավիրուսային վարակով կամ աղիքային ինֆեկցիայով, որով վարակվում են հենց ծովից, ավազի հետ խաղալուց կամ այլ երեխաների հետ կոնտակտից:

Ի՞նչ նշաններից կարող է ծնողը հասկանալ, որ երեխան արևահարվել է:

Մ.Դ. – Եթե երեխան շատ է մնացել արևի տակ, ապա երեխայի մոտ կարող է լինել սրտխառնոց, փսխումներ, նրա մաշկի վրա կարող են առաջանալ կարմրած հեմատոզ օջախներ, հեղուկով լցված բշտիկներ: Երեխայի արևահարվելը մեծապես կախված է ծնողից, որովհետև երեխան ունակ չէ գնահատել արևի տակ գտնվելու վտանգը:

 

Կարդացե՛ք նաև ծովափում երեխաների սնուցման վերաբերյալ մեր մյուս հոդվածն այստեղ

Երեխայի անվտանգությունը