Skip to main content

Երեխաների մտածողությունը զարգացնող մի քանի վարժություններ

  1. Երեխայի հետ միասին դիտեք, թե ինչպե՞ս են աճում բույսերը, ի՞նչ է լողում ջրի երեսին, ինչո՞ւ են կենդանիները որոշակի կերպ պահում:
  2. Արի մտածենք, թե ինչ է անում անձրևը:
  3. Ուշադրություն դարձրեք մարդկանց, շինությունների, գործիքների, առարկաների ձևերի և բնության երևույթների միջև եղած նմանություններին, տարբերություններին, օրինաչափություններին:
  4. Արի հիշենք մեր իմացած բոլոր կարմիր մրգերը:
  5. Արի պատմենք իրար, թե ինչ գիտենք գետերի մասին:
  6. Խոսեք թվերի մասին:
  7. Ո՞ր շենքն է ավելի մեծ: Ո՞ր տունն ավելի շատ պատուհաններ ունի: Ո՞ր վերնաշապիկի կոճակներն են ավելի քիչ:
  8. Միասին զբոսնելիս, խանութ ու մանկապարտեզ գնալիս կամ տուն գնալու ճանապարհին կարդացեք խանութների ցուցանակներին և ցուցատախտակներին եղած թվերը:
  9. Խնդրեք երեխային, որպեսզի օգնի չափել տան մեջ եղած մի որևէ բան` սենյակը, սեղանը կամ էլ աճող բույսի երկարությունը:
  10. Ճաշ եփելիս խնդրեք երեխային չափել անհրաժեշտ բաղադրիչներից մեկը:
  11. Խնդրեք երեխային ասել, թե ժամը քանիսն է: Դա շատ կարևոր հմտություն է:
  12. Հեքիաթներ կարդալիս հարցեր տվեք թվերի մասին, օրինակ` «3 արջերի հեքիաթը», «Ճամփորդները» և այլն: Առաջարկեք երեխային դիտել շրջապատը և պատմել` օգտագործելով թվերը, օրինակ` ես տեսնում եմ 1 մարդ, 2 ծառ, 4 ծաղիկ և այլն:
  13. Օգնեք նրան դասավորելու ճաշի սեղանը, առաջարկեք, որ օրինաչափությունները գտնի ընտանիքի անդամների թվի և դրված սպասքի միջև:
  14. Սեղանին դրեք մրգեր և առաջարկեք երեխային տեսակավորել, գտնել շատն ու քիչը, ապա հավասարեցնել դրանք տարբեր եղանակներով:
  15. Գծեք երեխայի ոտքի թաթը թղթի վրա և առաջարկեք դրանով չափել տան իրերը` որպես միավոր ընդունելով իր ոտնաչափը: Նույնը կարելի է կատարել թիզով, ձեռքի ափով և այլն:
  16. Ծանոթացրեք նրանց թղթադրամին և մասնակից դարձրեք խանութում ձեր կատարելիք առևտրին:
  17. Խաղեր կազմակերպեք լոբիներով, կոճակներով, որոնք ընթացքում կարելի է շարել թելի վրա կամ սոսնձել թղթին և սովորել թվերը:
  18. Գունավոր թղթերից կտրտեք երկրաչափական պատկերներ և առաջարկեք երեխային կառուցել տուն, ճուտիկ, մարդ, ձնեմարդ և այլն:
  19. Օգնեք երեխային նկարել օրվա տարբեր պահերը, բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները: Օգնեք նրան տեսնել լուսնի և արևի փոփոխությունները, կենդանիների վարքը և կապել եղանակի փոփոխությունների հետ:
  20. Միասին ծաղկամանում մի որևէ սերմ ցանեք և խնամեք այն:
  21. Միասին օրացույց գծեք և առաջարկեք երեխային գույների միջոցով արտահայտել յուրաքանչյուր օրվա իր տրամադրությունը: Շաբաթվա վերջում երեխան կարող է հաշվել, թե որ գույնից քանի հատ է:
  22. Առաջարկեք երեխային բնության մեջ գտնել երկրաչափական տարբեր ձևեր:
  23. Խնդրեք երեխային օգնել ձեզ տնային գործերում: Ասեք երեխային, որ ուշադիր հիշի, թե որ իրը որտեղ է դրված:
  24. Թաքցրեք որևէ առարկա (միրգ, կոնֆետ, խաղալիք և այլն), և թող երեխան գտնի այն հարցերի միջոցով:
  25. Միասին նկարեք կենդանիներ և գտեք օրինաչափությունները (1 գլուխ, 4 ոտք, 1 պոչ կամ 1 գլուխ, 2 ոտք) և այլն:
  26. Ասեք մի երկրաչափական ձև և թող երեխան թվարկի նման պատկերների օրինակներ: Օրինակ` գունդ (գնդակ, գլուխ, ձմերուկ…), երկար ու բարակ (օձ, պարան…):

Երեխայի զարգացումը