Skip to main content

Հավելյալ սնուցման ընդհանուր կարևոր սկզբունքները

  1. Որպես առաջին սննունդ ընտրել այնպիսի սննդամթերք, որը կապահովի հիմնական սննդարար նյութերը և կբավարարի էներգետիկ պահանջները:

 Երկաթը և ցինկը այն կարևոր միկրոէլեմենտներն են, որոնք անհրաժեշտ են երեխայի  նորմալ աճի և առողջության համար: Դրանց քանակը օրգանիզմում 6 ամսականից հետո դառնում է սահմանափակ, հատկապես բացառապես կրծքով կերակրվող երեխաների շրջանում: Այդ իսկ պատճառով իդեալական առաջին սնունդ են համարվում երկաթ և ցինկ պարունակող սննդամթերքները: Այդպիսիք են հատիկավորներից պատրաստված շիլաները (օրինակ` բրինձ, հնդկաձավար և այլն: 2ճ/գ յուրաքանչյուր պատրաստման ժամանակ, օրական 2 անգամ) և միսը (հատկապես` կարմիր, 28-56 գրամ/օր):  ()

  1. Յուրաքանչյուր սննդային խմբից մեկ անգամվա համար ներմուծել միայն մեկ բաղադրիչ:

Յուրաքանչյուր նոր սննդամթերք տալուց հետո չի կարելի տալ մեկ այլ նորը 3-5 օրից ավելի շուտ, որպեսզի հնարավոր լինի հետևել հնարավոր ալերգիկ ռեակցիայի կամ անտանելիության առաջացմանը:  Կովի կաթը, ձուն, սոյան, գետնանուշը, ցորենը, ձուկը և ոստրեն այն սննդամթերքներն են, որոնք առավել հաճախ են առաջացնում ալերգիկ ռեակցիաներ:

  1. Սննդամթերքի բազմազանություն

 7-8 ամսականում  երեխան պետք է փորձած լինի սննդամթերքներ բոլոր սննդային խմբերից: Սսնդատեսակների բազմազանությունը հետագա ամիսների ընթացքում պետք է աստիճանաբար ավելացնել: Ծնողները պետք է սննդամթերքները երեխային առաջարկեն մի քանի անգամ, որպեզի երեխան ընդունի:

  1. Չի' կարելի երեխային տալ կովի կամ երեխայի համար չնախատեսված որևէ կաթ կյանքի առաջին տարում:
  2. Կյանքի երկրորդ տարում թույլատրվում է օգտագործել ցածր յուղայնությամբ կաթ:

Օրական 900 մլ և ավել կաթի օգտագործումը նպաստում է երկաթ-դեֆիցիտային սակավարյունության առաջացմանը:

  1. Հյութերի օգտագործումը անհրաժեշտ է սահմանափակել:

Չի' կարելի երեխային մինչև 6 ամսական հասակը  հյութեր տալ (ցանկացած տեսակի): Իսկ հետագայում այն չպետք է տրվի շշով (ծծակով) և օրական ծավալը չպետք է գերազանցի մոտ 120-180 մլ-ը 2-6 տարեկան երեխաների շրջանում

  1. Տնային պայմաններում պատրաստված հավելյալ սննուդը պետք է   համապատասխանի անվտանգության հետևյալ կանոններին։
  • Պատրաստված կերակրի կոնսիստենցիան պետք է համապատասխանի երեխայի ծամիչ ապարատի հնարավորություններին։
  • Անհրաժեշտ է պատրաստել խիտ շիլա կամ պյուրե, սննդի կալորիականությունը բարձրացնելու համար։
  • Հավելյալ սնուցման սկզբնական շրջանում երեխային պետք է տալ մեկ մթերքից պատրաստված կերակուր։
  • Բացառել աղի և շաքարի ավելացումը։
  • Բացառել այն սննդամթերքները, որոնք կարող են առաջացնել ասպիրացիա (շնչուղիների խցանում)  և շնչահեղձություն, օրինակ՝ նրբերշիկ, ընկուզեղեն, խաղող, պոպկորն, կոշտ կոնֆետներ, հում, կոշտ բանջարեղեն և այլն։
  • Կերակուրը տաքացնելուց հետո, մինչ երեխային տալը, պարտադիր ստուգել դրա ջերմաստիճանը։

8 Խրախուսել երեխայի ներգրավվածությունը ուտելու պրոցեսում։

Մոտ 9 ամսական փոքրիկները պետք է ներգրավված լինեն ուտելու պրոցեսում ձեռքերով, այդ տարիքից նրանց առաջարկվում է նաև բաժակ։ Սպասքի էֆեկտիվ օգտագործումը զարգանում է աստիճանաբար՝ մոտ 12 ամսականից հետո։

9 Ուշադրություն դարձնել և համապատասխան արձագանքել երեխայի քաղցին և հագեցմանը։ Հետևել այսպես կոչված <<պատասխանատու սնուցման>> սկզբունքներին։

  • Կերակրման ընթացքում բացառել խնամողի <<կպչուն>> վարքը (օրինակ՝ բռնի, ստիպողաբար կերակրում)։
  • Սահմանել կերակրման ռեժիմ ուտեստների և նախուտեստների համար։ Սովորաբար ընդունելի է սննդի ընդունումը 2-3 ժամը մեկ։  Այդպիսով ստացվում է 5-6 անգամ օրական (3 ուտեստ, 2-3 նախուտեստ)։
  • Երեխան պետք է ուտի սեղանի մոտ, բարձր աթոռին նստած, կամ կերակրման համար նախատեսված այլ հարմարանքի վրա։
  • Սահմանափակել կերակրման ժամանակը 15-20 րոպե կաղված երեխայի կոնցենտրացիայից։
  • Կերակրման ընթացքում մինիմալի հասցնել շեղող երևույթները կամ առարկաները (հեռուստացույց, վիդեոներ, տնային կենդանիներ և այլն)։
  • Բացառել օրվա ընթացքում երեխայի՝  հաճախակի որևէ փոքր բան ուտելու կամ խմելու վարքը (տարբեր քաղցրավենիքներ, հյութեր)։ Դա նվազեցնում է քաղցի զգացողությունը։

10 Հավելյալ սնուցման էֆեկտիվությունը գնահատելու համար, անհարժեշտ է հետևել երեխայի աճի ցուցանիշներին։

Հավելյալ սնուցում