Skip to main content
Հետադարձ կապ

Առողջ սնուցում

Հղիության ընթացքում Ձեր ապրելակերպը, սովորություններն ու սնուցումը շատ կարևոր են Ձեր և Ձեր ապագա երեխայի առողջության համար: Ընտրե՛ք առողջ սննդակարգ՝ հետևելով սննդային բուրգի պահանջներին:

Սննդային արժեքավորությամբ սննդամթերքը բաժանվում է 5 հիմնական խմբերի: Խորհուրդ է տրվում օրվա ընթացքում օգտագործել տարատեսակ մթերքներ բոլոր սննդային խմբերից, քանի որ սննդամթերքի ոչ մի առանձին տեսակ չի կարող Ձեզ ապահովել բոլոր անհրաժեշտ սննդանյութերով:

Նորածին բալիկների ոտքերը ծննդատանը։

 

Խումբ 1. Ածխաջրեր

Հացը, հացահատիկները, մակարոնեղենը, բրինձը, հնդկաձավարը, վարսակաձավարը, եգիպտացորենը, ձավարեղենը պետք է կազմեն Ձեր սննդի հիմնական մասը և օգտագործվեն ամեն օր: Այս խմբի մթերքներն օրգանիզմն ապահովում են էներգիայով և զգալի դեր են խաղում նաև ածխաջրերի, բջջանյութի, վիտամինների (B խմբի վիտամիններ, վիտամին C, ֆոլաթթու, կարոտինոիդներ), հանքանյութերի (երկաթ, ցինկ, կալիում, կալցիում, մագնեզիում) և որոշ սպիտակուցների պաշարը լրացնելու գործում: Օրական անհրաժեշտ է այս սննդատեսակներից ուտել 6-11 բաժին: Մեկ բաժինը մեկ մեծ կտոր հացն է (30-40 գրամ) կամ եփված 1 բաժակ մակարոնը կամ 1/2 բաժակ բրինձը, ձավարեղենը, միջին չափսի մեկ կարտոֆիլը, միջին չափսի բուլկին:

Հղիության ժամանակ հնարավոր փորկապությունը կանխելու նպատակով առաջարկվում է հիմնականում ուտել խոշոր աղվածքի ցորենի ալյուրից կամ տարեկանից պատրաստված հացսև» կամ «գորշ»):               

Խումբ 2 և 3. Բանջարեղեն և մրգեր

Բանջարեղենը և մրգերը հարուստ են վիտամիններով, թաղանթանյութով, հանքային և այլ օգտակար նյութերով, որոնք ապահովում են պտղի նորմալ զարգացումը, հղիության բնականոն առաջընթացը:

Կանաչ տերևավոր կանաչեղենում (սպանախ, հազար (մարոլ), նեխուր, այլ բանջարներ), կանաչ լոբու, բազուկի, կաղամբի, լոլիկի մեջ պարունակվող ֆոլաթթուն (վիտամին B9) շատ կարևոր է մինչև բեղմնավորումը և հղիության ժամանակ, հատկապես վաղ շրջանում, քանի որ կանխարգելում է պտղի նյարդային խողովակի արատների և այլ արատների առաջացումը:

Մրգերում և բանջարեղենում պարունակվող երկաթը և ֆոլաթթուն նպաստում են սակավարյունության կանխարգելմանը, ապահովում պտղի բնականոն արյունաստեղծումը:

Բուսական բջջանյութը կօգնի Ձեզ խուսափել փորկապությունից, իսկ վիտամին C-ն կբարձրացնի Ձեր դիմադրողականությունը, կբարելավի երկաթի ներծծումը բուսական սննդամթերքից: Բանջարեղենը և մրգերը աղքատ են ճարպերով և էներգիայով, ուստի դրանց օգտագործումը նվազեցնում է գիրության վտանգը:

Բուսական սնունդը բացի սննդարար նյութերից պարունակում է նաև կենսաբանորեն ակտիվ որոշ բաղադրիչներ, որոնք հայտնի են քրոնիկ հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի որոշ տեսակների, սրտանոթային և նյութափոխանակային հիվանդությունների նկատմամբ իրենց պաշտպանական հատկություններով:

Օրական մի քանի անգամ կերե՛ք տարբեր բանջարեղեն (3-5 բաժին) և մրգեր (2-4 բաժին): Մեկ բաժինը մեկ միջին չափսի լոլիկն է կամ խնձորը, դեղձը, տանձը, ծիրանը, 2 սալորը, 1/3 բաժակ սև կամ կարմիր հաղարջը, մորին, ազնվամորին կամ 1 բաժակ (մոտ 100 գ) բանջարեղենը, լոբին, գազարը, բազուկը, սոխը, դդումը, դդմիկը, կանաչ տերևավորները (հազարը, նեխուրը, սիբեխը, սպանախը, այլ բանջարներ) կամ էլ մեկ բաժակ (200 մլ) թարմ քամած մրգի կամ բանջարեղենի հյութը: Ձմռանը կարելի է օգտագործել սառեցրած կամ չորացրած մրգեր և բանջարեղեն:

Առաջին, երկրորդ և երրորդ խմբի սննդատեսակները պետք է Ձեր սննդի հիմնական մասը կազմեն և օգտագործվեն ամեն օր:

Խումբ 4. Կաթ և կաթնամթերք

Կաթնամթերքը անփոխարինելի ամինաթթուների, սպիտակուցների, հանքային նյութերի, որոշ վիտամինների (B և A խմբի վիտամինների), կալցիումի հիմնական աղբյուրներից մեկն է, որն անհրաժեշտ է Ձեր երեխայի ուղեղի, էնդոկրին գեղձերի, ոսկրերի և ատամների զարգացման:

Օրգանիզմը կալցիումի որոշակի պաշար ունի, այդ իսկ պատճառով պտուղը կալցիումի անբավարարություն չի ունենում, մինչդեռ կալցիումի պակասը Ձեր օրգանիզմում կարող է ուղեկցվել որոշ շեղումներով, օրինակ՝ մեջքի ցավերով, եղունգների դյուրաբեկությամբ, ձկնամկաններում ջղակծկումներով և այլն:

Օրական խորհուրդ է տրվում օգտագործել 3 բաժին ցածր յուղայնությամբ կաթնամթերք: Մեկ բաժինը 200 մլ մածունն է կամ կաթը, 45 գրամ պանիրը կամ 100 գրամ կաթնաշոռը:

Խումբ 5. Միս, ձուկ, թռչնամիս, ընդեղեն և ընկուզեղեն

Այս խումբը կենդանական և բուսական սպիտակուցների, երկաթի հիմնական աղբյուրն է և ներառում է միսը, ձուկը, թռչնամիսը, ձուն, եփված հատիկ լոբազգիները (լոբի, սոյա, սիսեռ, ոսպ, բակլա) և ընկուզեղենը (կաղին, գետնանուշ, նուշ, ընկույզ), որոնք անհրաժեշտ հումք են պտղի օրգանների ձևավորման և մոր նորմալ կենսագործունեության համար: Մեկ բաժինը 80 գրամ ոչ յուղոտ ձուկը, հավի, տավարի միսն է կամ 2 միջին չափսի ձուն կամ 1-1,5 բաժակ եփած լոբազգիները (150-200 գրամ) կամ էլ 2/3-1 բաժակ ընկուզեղենը (մոտ 100 - 150 գ): Այս մթերքների օրական պահանջարկը 3 բաժին է:

Երկաթի ամենալավ աղբյուրներն են լյարդը (տավարի կամ հավի) և կարմիր միսը (օրինակ՝ տավարի): Որոշ բուսական սննդատեսակներ նույնպես պարունակում են մեծ քանակությամբ երկաթ, այդպիսիք են կանաչ տերևավորները, օրինակ՝ սպանախը, ինչպես նաև որոշ հատիկավորներ, օրինակ՝ սոյան և լոբին: Սակայն երկաթը կենդանական սննդից ավելի լավ է յուրացվում քան բուսականից, բացի այդ մսամթեքում պարունակվում է նաև ցինկ, որը նույնպես շատ կարևոր է երեխայի առողջության համար:

Պետք է խուսափել նրբերշիկ, երշիկեղեն, պահածոյացված ու ապխտած մսամթերք ուտելուց: Հավի, ձկան կամ մսի պահանջարկը օրը մինչև 2 բաժին է:

Անհրաժեշտ է սննդակարգում ներառել նաև ընդեղենը և ընկուզեղենը, որոնք ոչ միայն բուսական սպիտակուցների, այլ նաև ֆոլաթթվի լավ աղբյուրներ են, սակայն պետք է հիշել, որ այդ մթերքներից երկաթը նույնքան հեշտությամբ չի ներծծվում, որքան մսամթերքից: Երկաթի ներծծումը բարելավելու համար ընդեղենը և ընկուզեղենը պետք է զուգակցել վիտամին C-ով հարուստ սննդամթերքի (մրգեր, բանջարեղեն) կամ մսամթերքի քիչ քանակների հետ:

Թեյը և սուրճը նվազեցնում են երկաթի ներծծումը, այդ պատճառով կարևոր է, որ դրանք խմեք ուտելուց առնվազն մեկ ժամ առաջ կամ հետո: Ընդհանուր առմամբ, խորհուրդ է տրվում հղիության ընթացքում սահմանափակել կոֆեինի օգտագործումը, որի մեծ պարունակություն կա թեյի, կակաոյի, կոլաների մեջ: Սուրճի և թեյի օգտագործումը պետք է սահմանափակել:  

Երկաթի անբավարարությունը հանգեցնում է սակավարյունության, ինչը կարող է պատճառ դառնալ հիպօքսիայի և հղիի արյան ճնշման իջեցման, հոգնածության, պտղի զարգացման խանգարումների, հղիության վաղաժամ ընդհատման, հետծննդյան արյունահոսությունների:

Բուրգի գագաթը ներառում է սննդամթերքի որոշ տեսակներ, որոնց մի մասը պետք է ուտել սահմանափակ քանակությամբ (բուսական յուղեր), իսկ մյուսները՝ հազվադեպ: Այս խմբի մեջ մտնում են կարագը, մարգարինը, խոզաճարպը, շաքարը, շոկոլադը, հրուշակեղենը, տորթերը, պաղպաղակը, այլ խոսքով՝ ճարպի, խոլեստերինի, շաքարի և աղի բարձր պարունակությամբ և բարձր կալորիականությամբ մթերքները:

Այս խմբից կենդանական ճարպերի փոխարեն գերադասելի է օգտագործել բուսական յուղերը (օրինակ՝ ձիթապտղի, եգիպտացորենի կամ արևածաղկի), իսկ եթե դա անհնար է, աշխատեք ուղղակի պակասեցնել օգտագործվող ճարպերի քանակը: Քաղցրեղենը, հրուշակեղենը կարելի է օգտագործել ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ: Պետք է խուսափել գազավորված, շաքար պարունակող, ինչպես նաև կոլայի տիպի ըմպելիքներից:

Պտղի նորմալ ձևավորման և զարգացման համար խիստ անհրաժեշտ են յոդը և վիտամին D-ն:

Յոդ. Հայաստանում աճեցված միրգն ու բանջարեղենը և այլ սննդամթերքը չնչին քանակությամբ են յոդ պարունակում, հետևաբար յոդը ստացվում է հիմնականում յոդացված աղի միջոցով, ուստի հետևե՛ք, որ Ձեր օգտագործած աղը լինի յոդացված և ճիշտ պահպանված: Յոդի անբավարարությունը շատ բացասաբար է ազդում պտղի նյարդային համակարգի, ֆիզիկական և մտավոր զարգացման վրա: Աղն օգտագործե՛ք ըստ մինչ հղիությունն ունեցած Ձեր պահանջարկի, սակայն խուսափեք այն չարաշահելուց: Աշխատե՛ք օգտագործել միմիայն յոդացված աղ, որպեսզի Դուք և հատկապես Ձեր երեխան ստանաք բավարար քանակությամբ յոդ հղիության և կրծքով կերակրելու շրջանում:

Վիտամին D. Վիտամին D-ն շատ կարևոր է պտղի ոսկրագոյացման, ռախիտի կանխարգելման, Ձեր ատամների ու ոսկրերի առողջության համար: Վիտամին D-ն առաջանում է մաշկում արևի լույսի ազդեցության տակ: Անհրաժեշտ է շատ ժամանակ անցկացնել դրսում, հատկապես՝ արևոտ եղանակին: Վիտամին D-ով հարուստ են ճարպոտ ձուկը, ձուն, կարագը, լյարդը:

Հեղուկների ընդունումը.

Հարկավոր է խմել բավարար քանակությամբ ջուր՝ օրը 6-8 բաժակ: Կրծքով կերակրող կինը պետք է խմի այնքան, որ չունենա ծարավի զգացում:

Հղիության ընթացքում չի կարելի՝

  • օգտագործել ալկոհոլ, որը կարող է դառնալ պտղի մտավոր և ֆիզիկական զարգացման զանազան խանգարումների պատճառ,
  • ծխել. նիկոտինի թափանցումը պտղի օրգանիզմ կարող է պատճառ դառնալ մեռելածնության, զարգացման խանգարումների, վաղաժամ ծննդաբերության, ինքնաբեր վիժման:

 

Pregnancy leaflet