Skip to main content

Պտուկների վնասում և ճաք

Պտուկների վնասման հիմնական պատճառը կուրծքը սխալ դիրքում ծծելն է, երբ երեխան կուրծքը խորը չի պահում բերանում և ծծում է միայն պտուկը: Կերակրման վերջում պտուկը դուրս բերելիս այն տափակած տեսք է ունենում, և գագաթին կարող է գունատ բիծ նկատվել, որը շուտով վերածվում է ճաքի: Մանրէները վնասված մաշկից ավելի հեշտությամբ կարող են թափանցել կուրծք և վարակել այն, հատկապես եթե կերակրումները ընդհատվում են և կաթը կրծքից չի հեռացվում:

Պտուկների վնասումը կանխելու և ճաքերը բուժելու համար ամենակարևորը կերակրման դիրքը շտկելն է: Փորձե՛ք կերակրել տարբեր դիրքերով և անհրաժեշտության դեպքում դիմեք բուժաշխատողին:

Մի՛ սահմանափակեք կերակրելու տևողությունը: Դա կարող է նպաստել մաստիտի զարգացմանը: Թո՛ւյլ տվեք, որ երեխան ինքը բաց թողնի կուրծքը: Յուրաքանչյուր կերակրումից հետո պտուկն օծեք մի քանի կաթիլ կթած կաթով և թողե՛ք, որ չորանա բաց վիճակում: Պտուկները չոր պահեք: Խուսափե՛ք դեղորայքային քսուքների օգտագործումից: Դրանց մեծամասնությունը օգտակար չէ և կարող է բարդությունների տեղիք տալ:

Խորհուրդ չի տրվում պտուկներին օճառ քսել: Հաճախակի լվացումները, հատկապես օճառով, հեռացնում են պտուկների մաշկը պահպանող ճարպի շերտը, ինչը կարող է պտուկների վնասման պատճառ դառնալ:

Երբեմն, երբ երեխայի բերանի լորձաթաղանթը ախտահարված է կաթնախտով (սպիտակ կետիկներ կամ փառ բերանի խոռոչում), կարող են վարակվել նաև մոր պտուկները: Այդ դեպքում ցավը շատ ուժեղ է, կարծես կուրծքն ասեղներ են մտցնում, և դիրքը շտկելիս չի նվազում: Հարպտկային շրջանակի մաշկի գունավորումը կարող է նվազել կամ ստանալ բաց վարդագույն երանգ: Այդպիսի նշաններ հայտնաբերելիս դիմե՛ք բժշկի:

Կարևոր է առաջին 1000 օրը

ԿԿ խնդիրներ