Skip to main content

Ինչպե՞ս խրախուսել կրծքով սնուցումը

Երբ կանայք տեղեկացված են կրծքով կերակրման առավելությունների մասին և ստանում են համապատասխան աջակցություն, արդյունքում շահում են թե՛ երեխաները, թե՛ ծնողներըն ու թե՛ ողջ հասարակությունը։ Փաստը, որ կրծքով կերակրման մակարդակները բազմաթիվ համատեքստերում շարունակում են մնալ ցածր՝ եկամտային խմբերի միջև առկա զգալի խզումներով, ցույց է տալիս, որ երկրները կանանց չեն տրամադրում բավարար տեղեկություններ և աջակցություն։ Սա մի ոլորտ է, որը պահանջում է հրատապ ուշադրություն։

Չնայած երկրների համատեքստերը տարբերվում են, գոյություն ունեն մի շարք գործողություններ, որոնք կառավարությունները, մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը և համայնքները կարող են իրականացնել՝ խրախուսելու կրծքով սնուցումը:

Կառավարությունները և առողջապահության ոլորտի իշխանությունները կարող են կրծքով սնուցումը խրախուսել՝ ձեռնարկելով Կրծքով կերակրման գլոբալ դաշինքի կողմից հաստատված հետևյալ քայլերը. 

• Ավելացնել ֆինանսավորումը և իրազեկվածությունը՝ բարձրացնելու ծննդյան օրից մինչեւ երկու տարեկանը լրանալը կրծքով կերակրման մակարդակները։

• Կիրարկել անձնական հանգամանքներով պայմանավորված վճարվող արձակուրդի և աշխատավայրում կրծքով կերակրման քաղաքականությունները՝ ներառյալ կրծքով կերակրման նպատակով վճարվող ընդմիջումները։

• Կիրարկել իրավական միջոցներ, որոնք կկարգավորեն կաթնային խառնուրդի և կրծքի կաթի այլ փոխարինիչների, շշերի ու ծծակների շուկայահանումն ու վաճառքը՝ համաձայն Կրծքի կաթի փոխարինիչների մարքեթինգի միջազգային կանոնակարգի և Առողջապահության համաշխարհային ասամբլեայի որոշումների։

• Մշակել քաղաքականություններ, իրականացնել դրանք և ապահովել դրանց կատարումը, որպեսզի մայրերը առողջապահական հաստատություններ այցելելիս հմուտ մասնագետների կողմից ստանան կրծքով կերակրման խորհրդատվություն։

• Բոլոր ծննդատներում իրականացնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի կողմից մշակված «Կրծքով հաջող կերակրման 10 քայլերը»:

• Ամրապնդել առողջապահական հաստատությունների և համայնքների միջև հաղորդակցությունը՝ ապահովելու շարունակական աջակցություն կրծքով կերակրմանը։

• Կատարելագործել մշտադիտարկման համակարգերը՝ արձանագրելու քաղաքականությունների և ծրագրերի, ինչպես նաև կրծքով կերակրման պրակտիկայի բարելավումները։

Մասնավոր հատվածը կարող է սատարել հետևյալ կերպ.

• Աջակցել մայրերին և ընդլայնել ծնունդից հետո և աշխատավայրում կրծքով կերակրելու նրանց հնարավորությունները, օրինակ՝ կրծքով կերակրման կամ կրծքի կաթի հավաքման ու պահեստավորման համար տրամադրել վճարվող ընդմիջումներ և համապատասխան տարածքներ։

• Համապատասխանել Կրծքի կաթի փոխարինիչների մարքեթինգի միջազգային կանոնակարգին և կիրարկել Առողջապահության համաշխարհային ասամբլեայի վերաբերելի որոշումները։

Քաղաքացիական հասարակությունը և համայնքները կարող են սատարել հետեւյալ կերպ.

• Առաջնորդել և աւակցել իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և վաղ ու բացառապես կրծքով կերակրմանն ուղղված ջանքերին:

• Խրախուսել զուգընկերների դերը կրծքով կերակրման հարցում կանանց սատարելու գործում՝ տրամադրելով էմոցիոնալ աջակցություն, ստանձնելով կենցաղի ու երեխայի խնամքի հետ կապված լրացուցիչ աշխատանքներ, ընդլայնելով տարեկիցների իրազեկվածությունը և պաշտպանելով կանանց՝ հանրային վայրերում կրծքով կերակրելու իրավունքը։

• Ստեղծել և պահպանել համայնքային ցանցեր, որոնք պաշտպանում, խրախուսում ու սատարում են կրծքով կերակրմանը։

 

«ԿՅԱՆՔ՝ յուրաքանչյուր երեխայի» քարոզարշավը [The Every Child ALIVE Campaign]

ՅՈՒՆԻՍԵՖ-ի «ԿՅԱՆՔ՝ յուրաքանչյուր երեխայի» քարոզարշավը մի հրատապ կոչ է կառավարություններին, մասնավոր ձեռնարկություններին, առողջապահական ծառայություններ մատուցողներին, համայնքներին եւ անհատներին՝ կենսագործելու համընդհանուր առողջապահական ծածկույթ (ՀԱԾ) ապահովելու և յուրաքանչյուր երեխայի կյանքը պահպանելու խոստումը։ Այս քարոզարշավը, որի նպատակն է փոխհամաձայնության հասնել այն սկզբունքի շուրջ, որ յուրաքանչյուր մայր եւ յուրաքանչյուր նորածին երեխա արժանի է մատչելի, որակյալ խնամքի, ներառյալ՝ կրծքով կերակրումը սատարելը, աջակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին ու գործընկերներին, երբ նրանք միահամուռ ձեւով աշխատում են, որպեսզի ընտրված հետեւյալ տասը երկրներում իրագործեն «Տեղ, Մարդիկ, Ապրանքներ եւ Իշխանություն» խոստումը. Բանգլադեշ, Գվինեա Բիսաու, Եթովպիա, Ինդոնեզիա, Հնդկաստան, Մալավի, Մալի, Նիգերիա, Պակիստան եւ Տանզանիայի Միացյալ Հանրապետություն։

Միասին վերցված՝ այս երկրներում գրանցվում է աշխարհում նորածինների մահվան դեպքերի ավելի քան կեսը։

Դուք կարող եք լրացուցիչ տեղեկություններ ստանալ քարոզարշավի եւ այն մասին, թե ինչպես կարող եք օգնել՝ այցելելով արշավի կայքը

Կրծքով սնուցում