Skip to main content
Հետադարձ կապ
11:21 AM 28 October 2018

Մամաները և բալիկները Պեչա-Կուչա երեկոյին

Հոկտեմբերի 28-ին՝ 27-րդ Պեչա-Կուչա երեկոյին, տեղի ունեցավ հաճելի միջոցառում ժամանակակից ծնողավարության մասին, որը կազմակերպվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և ՄամաՖորումի հետ համատեղ՝ Ընտանիքի Ակադեմիայի և ՏաՏա. մայրիկիս օգնականը ընկերության օժանդակությամբ։

Համաշխարհային փոփոխությունները, ինչպիսիք են թվային տեխնոլոգիաների զարգացումը, շրջակա միջավայրի փոփոխությունները, երկարատև կոնֆլիկտները և զանգվածային միգրացիան ամբողջությամբ փոխել են թե երեխաների մանկությունը, թե ժամանակակից ծնողավարությունը: Այսօրվա մանուկները բախվում են իրենց իրավունքներին սպառնացող նոր վտանգների, սակայն նրանք նաև ունեն նոր հնարավորություններ՝ իրականացնելու իրենց իրավունքները: Միաժամանակ, ծնողները կարիք ունեն տեղյակ լինել այդ խնդիրներից և հնարավորություններից՝ իրենց երեխաների իրավունքները լավագույնս իրացնելու և պաշտպանելու համար:

Հենց այդ նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՄամաՖորումի հետ միասին կազմակերպեցին Պեչա-Կուչա երեկոն, որի ժամանակ 10 փորձառու մայրիկներ և հայրիկներ շուրջ 100 ներկաների հետ կիսվեցին ժամանակակից ծնողավարման վերաբերյալ իրենց անձնական պատմություններով: Քննարկման թեմաները շատ տարբեր էին՝ սկսած պլաստմասից զերծ տնային տնտեսությունից, համացանցում երեխաների անվտանգության պաշտպանումից, երեխաների կյանքի բոլոր հարցերում հայրիկների ներգրավվածության կարևորությունից, մինչև՝ կրծքով կերակրում:

Բայց սա դեռ ամենը չէ. հաճելի երեկո էին անցկացնում ոչ միայն ծնողները, այլ նաև՝ բալիկները, ում համար խաղալու և խնամքի անկյուն էր կազմակերպվել: Մինչ ծնողները քննարկում էին ժամանակակից ծնողավարման խնդիրները և դրանց լուծումները, երեխաները, փորձառու դայակի գլխավորությամբ, ընկերանում էին միմյանց հետ և խաղում առողջ ու ընկերական միջավայրում:

Other News