Skip to main content
Հետադարձ կապ

Կրծքով կերակրում

Ըստ պահանջի կրծքով սնուցում

Երեխային կերակրե՛ք ըստ նրա պահանջի՝ այնքան հաճախ և այնքան երկար, որքան նա ցանկանում է, լինի գիշեր, թե ցերեկ:

Դա հնարավորություն կտա մորը բավարարել երեխայի պահանջները, քանի որ արտադրվող կաթի քանակը կախված է երեխայի կերակրման հաճախականությունից և տևողությունից:

Այնուամենայնիվ հիշե՛ք, որ նորածիններին պետք է կերակրել օրական առնվազն 8-10 անգամ, քանի որ որոշ նորածիններ երկար են քնում, կերակրել չեն պահանջում և կարող են քաշը կորցնել: Նման իրավիճակում պետք է երեխային արթնացնել և կերակրել:

Պետք չէ սպասել, մինչև երեխան լացով կերակրել պահանջի: Քաղցած երեխաները ձեռքերը բերանն են տանում, թքարտադրություն են ունենում, բերանով և լեզվով ծծելու շարժումներ են անում, կարծես արդեն կերակրվում են: Ճիչը և լացը սնունդ պահանջելու վերջին հուսահատ եղանակներն են: Երբ երեխային ամուր բարուրում են կամ ծծակ են տալիս, քաղցածության նշաններն ընկալելը դժվարանում է:

Թո՛ւյլ տվեք, որ երեխան ինքն ավարտի կերակրումը: Երբեմն նա կուրծքը թողնում է, մի փոքր հանգստանում և նորից է կերակրել պահանջում: Առաջարկեք նույն կուրծքը, իսկ եթե նա հրաժարվում է արդեն դատարկ կուրծքը ծծելուց, բայց բավարարված չի թվում, առաջարկե՛ք մյուս կուրծքը:

 

Բացառապես կրծքով կերակրում

Կյանքի առաջին վեց ամիսների (180 օր) ընթացքում երեխային բացառապես կրծքո՛վ կերակրեք:

Այդ ժամանակահատվածում կրծքի կաթն այն ամենն է, ինչի կարիքն ունի երեխան, և պետք չէ նրան լրացուցիչ ջուր, սամիթի ջուր, թեյ, հյութեր կամ այլ հեղուկներ տալ, նույնիսկ շոգ եղանակին՝ պայմանով, որ նա հաճախ և ըստ պահանջի է կերակրվում:

Ջուրը կարող է վնասել երեխային, քանի որ զբաղեցնում է կրծքի կաթի տեղը, կարող է վարակման աղբյուր դառնալ, նույնիսկ եթե եռացվում է, պարունակում է երեխայի համար վտանգավոր աղեր և ծանրաբեռնում է երեխայի երիկամները: Էլ ավելի վտանգավոր են տնային և գործարանային պատրաստման թեյերը, քանի որ բացի վերը նշված խնդիրներից, թեյերը խանգարում են սննդից երկաթի ներծծմանը և կարող են սակավարյունություն առաջացնել, իսկ քաղցրը, հատկապես եթե տրվում է շշով, նպաստում է ատամնափուտի (ատամների կարիեսի) առաջացմանը, նույնիսկ եթե ատամները դեռ չեն ծկթել:

Խորհուրդ չի տրվում մինչև մեկ տարեկան երեխային որևէ թեյ և հյութեր տալ:

62555977